Անգլերենի դասընթացների անվան տակ Գյումրիում աղանդ էին քարոզում
168.am-ը Գյումրիի մի բնակչից նամակ է ստացել: Քաղաքացին չցանկացավ նշել իր անունը, սակայն նամակը ներկայացնում ենք ընթերցողին:
«Ամեն անգամ անցնելով մեր Յոթ Վերքի մոտով` խաչակնքվում ու փառք եմ տալիս Աստծուն, որ Եկեղեցիս չեմ ուրացել: Փորձում եմ շատ թե քիչ լինել Քրիստոնյա: Չգիտեմ, ինչքանո՞վ է ստացվում, բայց գիտեմ, որ մեր Եկեղեցին ուրանալն ու գնալ ինչ-որ անհասկանալի աղանդների հետևից ընկնելը, ինչ է թե՝ մի երկու կոպեկ փողով ապահովեն, մեծ հանցագործություն է: Ժամանակ կար, երբ աշխատավայրում հավատի ու Եկեղեցու մասին խոսելիս ինքս լռում էի` զգալով, որ շուրջբոլորս այս կամ այն աղանդի հարողների թիվը գերակշռում է Քրիստոնյաների թվին: Կամ էլ այն ժամանակ ինքս հասուն չէի հավատի մասին խոսակցություն վարելու համար: Չէի պատասխանում նրանց սադրիչ հարցերին, ու չնայած դրան, չէի էլ փորձում հասկանալ, թե ինչո՞ւ մարդիկ, թողած իրենց Եկեղեցին, գնում չգիտես ինչո՞վ են զբաղվում, հետո էլ անուն հանում, թե Եկեղեցին չէ այն վայրը, որտեղ մարդ կարող է Աստծո հետ շփվել: Մի անգամ աշխատակիցներիցս մեկի հետ, ով չեմ էլ հիշում, թե ո՞ր աղանդին էր հարում, դեպք էր պատահել, բժիշկը շտապ ինչ-որ սրսկումներ էր նշանակել, բայց հիվանդն էդպես էլ չէր հետևել բժշկի հորդորներին` թողնելով, որ հիվանդությունն էլ ավելի խորանա: Հետո միայն իմացանք, որ այդ մարդն աղանդավոր է:
Մի ժամանակ կար, երբ ինքս էլ չէի կարողանում խոսել հավատի մասին, չգիտեի՝ ինչ ասել, ինչպես բացատրել, թե որտեղի՞ց են իմ մեջ հարցեր առաջանում՝ կապված Եկեղեցու ու իր գործունեության հետ: Հոգևորականների հետ շփում չկար: Իսկ աշխատավայրիս ու շրջապատիս մարդիկ նրանք չէին, ում հետ կարելի էր նման թեմաներից խոսել: Միգուցե լավ է, որ ժամանակին սխալ մարդկանց հետ չեմ շփվել ու աղանդավոր չեմ դարձել: Ավելի լավ է ուշ մոտենայի հավատին, քան թե կեսճամփին շեղեի ընթացքս ու հեռանայի Եկեղեցուց: Իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է: Եթե որոշ ժամանակ առաջ Գյումրիում քայլելիս թռուցիկ բաժանող հազարավոր մարդկանց կարելի էր տեսնել, ապա հիմա մեր քաղաքում նման երևույթները բավական քչացել են: Եթե առաջ մարդիկ կարող էին հանգիստ մոտենալ ու սկսել իրենց դատարկ խոսակցությունները՝ թվացյալ հավատի ու իրենց պատկերացումների մասին, ապա հիմա պատկերն այլ է. երբ դուրս եմ գալիս, խաչս միշտ ինձ հետ է, կրում եմ այն, ու թեև դա է, որ վանում է շատ-շատերին. էլ չեն մոտենում, չեն էլ փորձում ինչ-որ բան բացատրել կամ ինչ-որ թռուցիկներ բաժանել: Ման եմ գալիս քաղաքով ու տեսնում ոչ հայկական արտաքինով, դասական ոճով կոկիկ հագնված երիտասարդների, ում ձեռքին Ավետարանն է. սրանք քայլում են ժպիտը դեմքերին ու ամեն հարմար առիթի փորձում մարդկանց հետ մաքսիմալ բարեհամբույր լինել: Ու ինձ բնավ էլ չի հետաքրքրում, թե որ տիպի դեմքերը որ աղանդի ներկայացուցիչներ են, ուղղակի ցավում եմ, որ ծանոթներիս մեջ կան շատ-շատերն, ովքեր իրոք շատ լավ մարդիկ են, սակայն ում, ի ծնե, ընտանիքի դրվածքից դուրս գալով, դարձրել են աղանդավոր: Երիտասարդներ գիտեմ, ում հետ շփվելուց, ում աչքերի մեջ նայելիս, ախր, զգում ես` շատ լավ մարդիկ են, բայց թե ինչպես նրանց բերես Եկեղեցի, բացատրես մեր հավատի ճշմարտացիությունն ու կարևորությունը`չգիտես: Միգուցե դա նրանից է, որ մենք էլ մեր հերթին ենք թերանում Քրիստոնյա լինելու հարցում…
Աշխատավայրումս հիմա ճնշող մեծամասնությունն Աստվածավախ մարդիկ են: Մեծ մասն ամեն կիրակի հաճախում է Եկեղեցի, շատերը կան, որ ժամանակ են գտնում երեկոյան Ժամերգություններին հաճախելու համար: Որոշ մասն արդեն չի փախչում հոգևորականների հետ շփումներից, հարցերի դեպքում դիմում են կա՛մ մեր հոգեբանական կենտրոնի աշխատակիցներին, կա՛մ միանգամից Եկեղեցու սպասավորներին»:
Մենք փորձեցինք պարզել, թե ինչպիսին է աղանդավորության տարածման խնդիրը կոնկրետ Գյումրի քաղաքում ու Շիրակի մարզում: Պարզ բան է, որ աղանդավորներն իսպառ չեն վերացել, բայց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևորականներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ աղանդավորների թիվը քաղաքում կտրուկ նվազել է: Դրա մասին է վկայում տաղավար տոներին Եկեղեցի հաճախող քաղաքացիների թիվը: Հատկապես Սուրբ Ծննդին և Զատիկի տոնին եկեղեցիներում, մեղմ ասած, ասեղ գցելու տեղ չի լինում: Շատ են եղել դեպքեր, երբ քաղաքային եկեղեցիներում մեծաթիվ մարդկանց առկայության «պատճառով» հավատացյալներից շատերը պատարագին մասնակցելու համար Գյումրիից մեկնել են Հառիճավանք (Արթիկի շրջան): Կիրակնօրյա պատարագներին նույնպես, չնայած չափազանց շոգ կամ ցուրտ եղանակին, Գյումրիի եեղեցիները միշտ լի են հավատացյալներով: Գործում է Կիրակնօրյա դպրոց, ամեն շաբաթ անցկացվում են «Աստվածաշնչի սերտողության դասեր», կիրակնօրյա պատարագներից հետո տվյալ եկեղեցու Երիտասարդաց միությունը կազմակերպում է տարբեր թեմաներով հոգևոր դասեր, զրույցներ, կազմակերպվում են ուխտագնացություններ, բարեգործական միջոցառումներ: «Աստվածաշունչը և մենք» խորագրով պարբերաբար կազմակերպվող հոգևոր զրույցները վարում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը: Քաղաքում հիմա արդեն այնպիսի իրավիճակ է, որ աղանդավորն ինքն է խուսափում խոսքի բռնվել քրիստոնյայի հետ` հստակ գիտենալով, որ բանավեճի «տակից դուրս չի գալու»:
Մի շրջան եղավ, երբ քաղաքով մեկ սկսել էին տարածել թռուցիկներ՝ արագացված անգլերենի դասընթացների հրավիրելու առաջարկներով: Ընդ որում, տարածողներն էլ մեկ կամ երկու անհատներ էին: Բավական գայթակղիչ առաջարկ էր՝ մի քանի ամսում սովորել անգլերեն այնպես, որ նորմալ կարողանաս խոսել այդ լեզվով: Դասընթացների մասնակիցները, սակայն, նկատեցին, որ որոշ մասնակիցներ դասընթացի ղեկավարին դիմում են «հովիվ» կոչումով, իսկ բուն պարապմունքների ընթացքում, այսպես կոչված, «հովիվը» մեկումեջ տեղյակ էր պահում մասնակիցներին, թե իբրև ինքը որոշ բուժական մեթոդների է տիրապետում: Այս խաբեությունն էլ երկար կյանք չունեցավ, ամեն ինչ պարզվեց, ու հիմա այդ անանուն «հովիվային խմբակի» մասին թռուցիկներ քաղաքում կա՛մ գրեթե չկան, կա՛մ էլ կան` սակավաթիվ քանակով:
Գյումրի
Լուսանկարները` հեղինակի