Մենք չենք գնում Արևմուտք, այո՛, մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ, բայց ոչ մի տեղ մենք չենք գնում․ Նիկոլ Փաշինյան
«Իշխանությունը պատրաստ է ընդդիմության առաջարկները լսել ու քննարկել նոր Սահմանադրության տեքստի վերաբերյալ: Բայց կա մի նրբություն՝ մենք չենք կարող նույն գայթակղության մեջ ընկնել, որ փաստաթուղթն արժանանա նույն ճակատագրին, ինչ որ արժանացել է 1990 թվականի Անկախության հռչակագիրը, որ ով ինչ առաջարկի՝ էնտեղ տեղ գտնի, ու արդյունքում ինքը ներքին հակասություններ ու բարդություններ առաջացնի»,- Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ալիևի կողմից որպես նախապայման պահանջված՝ Փաշինյանի ներկայացրած նոր Սահմանադրության նախագիծը կարող է մշակվել, լրամշակվել, բայց ամեն ինչ պետք է տեղավորվի «իրական Հայաստանի» տրամաբանության մեջ։ Հիշեցնենք՝ Ադրբեջանից Բայրամովն ու Հաջիևը ողջունել էին Փաշինյանի «իրական Հայաստան» կոչված խայտառակ ծրագիրը։
Անդրադառնալով իր առաջարկած գործարքին՝ Փաշինյանը շեշտել է, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ սահմանադրական հանրաքվեն կայանա։ Մնացած դեպքերում ինքը կրկին հավակնելու է վարչապետի պաշտոնին։
Նա, շարունակելով հերթական մանիպուլյացիան, կեղծ խաղաղության հակառակորդ է հռչակել ընդդիմությանը՝ ասելով. ընդդիմությունն իր դիրքորոշմամբ խաղաղության վերջին խոչընդոտն է, հանրային ճնշմամբ այդ դիրքորոշումը պետք է փոխվի։
Նա նաև հայտարարել է.
- Խորհրդարանում ասում են՝ «ալիևյան խաղաղություն»։ Ես որ խաղաղության համաձայնագիրը ստորագրեմ, ո՞ւմ հետ եմ ստորագրելու։
- Խաղաղության համաձայնագիրը 50%-ով «ալիևյան է», 50%-ով՝ «փաշինյանական»։
- ՀԴՄ կտրոնն է մեր երաշխավորը:
- Այն, ինչ մենք առաջարկում ենք, նշանակում է, որ առնվազն 500 տարվա ընդմիջումից հետո մենք, կոպիտ ասած, «կադաստրով» ունենում ենք մեր պետությունն ու մեր հայրենիքը:
- 2020-ի պատերազմի ժամանակ, երևի ոչ մի անգամ էս թեմայով չեմ խոսել, ասել եմ երաշխավորներին՝ կարո՞ղ է խնդիրն իմ մեջ է, հրաժարական տամ, գնամ։ Էդ հարցն ուղիղ դրել եմ։ Խոսակցությունն այնպիսին չէր, որ խնդիրն իմ մեջ է:
- Այսօր մենք խաղաղության ճանապարհին ունենք մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը։ Եվ հանրային ճնշման ներքո այդ դիրքորոշումը պետք է փոխվի:
- Այո՛, պատրաստ եմ [ընդդիմության առաջարկները քննարկել], բայց չենք կարող ընկնել նույն գայթակղության մեջ, որ փաստաթուղթն արժանանա այն ճակատագրին, որին արժանացել է 1990 թ․ Անկախության հռչակագիրը, որ ով ինչ առաջարկի, այնտեղ տեղ գտնի, ու արդյունքում ներքին հակասություններ ու բարդություններ առաջացնի։ Ես ասում եմ՝ նախագիծը կարող է լրամշակվել, բայց այն կարմիր գծեր ունի՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:
- Ես երբեք չեմ բարձրացրել ռուսական ռազմաբազայի հարցը, բայց եթե ռուսական կողմն այն բարձրացնում է, մենք ասում ենք՝ բազան մեզ պետք չի։ Հստակ ասում եմ` Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք չենք տեսնում։ Մոսկվայում քննարկվելու է հետևյալ հարցը՝ ՌԴ-ն ուզո՞ւմ է պահել ռազմաբազան Հայաստանում, թե՞ ոչ:
- Մենք չենք գնում Արևմուտք, մենք ոչ մի տեղ չենք գնում, ես էդ խոսույթը չեմ ընդունում։ Այո՛, մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ, բայց ոչ մի տեղ մենք չենք գնում, մենք մեր տեղում ենք։ ԵՄ-ն է գալիս, ոչ թե մենք ենք գնում։

