Էներգետիկ ոլորտը 2019-ից այս կողմ ղեկավարվում է ինչ-որ ֆինանսական կառույցի վարկային ստորաբաժանման ղեկավարի կողմից. այստեղից էլ՝ գռեհիկ մեկնաբանությունները. Արա Մարջանյան
«Վերջին 30 տարում ՀՀ էներգետիկ ոլորտը խոր դեգրադացիա է ապրել, 17 ղեկավարից միայն 4-ն են մասնագետ եղել»,- այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության արդի մարտահրավերներին և ազգային ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին նվիրված փորձագիտական պանելային քննարկմանն ասաց ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգետիկայի հարցով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Արա Մարջանյանը նշեց, որ ատոմակայանը կփակի երկրի էներգետիկ կարիքները, սակայն առիթից օգտվելով՝ ընդգծեց, որ վերջին 30 տարիների ընթացքում ՀՀ-ում էներգետիկ ոլորտը բավական խորը դեգրադացիա է ապրել։ «Սկսած 1991 թվականից մինչև այսօր՝ էներգետիկ ոլորտը ղեկավարել են 17 հոգի, որոնցից էներգետիկ-ինժեներներ են հանդիսացել միայն 4-ը։
Վերջին էներգետիկը, որը ղեկավարել է ոլորտը, հրաժարական տվեց 2019 թվականին, երբ լուծարվեց Էներգետիկայի նախարարությունը։ Սկսած 2019 թվականից ոլորտը ղեկավարվում է ինչ-որ ֆինանսական կառույցի վարկային ստորաբաժանման ղեկավարների կողմից, որոնք բավական մշուշոտ պատկերացում ունեն էներգետիկայի մասին։ Դրա համար էլ մենք կարող ենք լսել գռեհիկ և հիմնովին սխալ մյութոսներ։ Օրինակ՝ որ վերականգնվող էներգետիկան՝ արեգակնային կամ հողմաէներգետիկան, կարող է բավարարել երկրի էներգետիկ բոլոր պահանջները. սա հիմնովին սխալ դրույթ է։
Երկրորդ՝ որ կուտակիչ կայանները կարող են բավարարել ձեր բոլոր պահանջները և ապահովել զարգացումը. դա ևս հիմնովին սխալ դրույթ է։ Երրորդ՝ որ բնական պաշարների բաշխվածությունն այնպիսին է, որ դուք մեկ բնական մենաշնորհը կարող եք փոխարինել տասը այլ աղբյուրներով. դա նորից իրականության փորձությանը չդիմացող պնդում է»,- ասաց Արա Մարջանյանը։
Փորձագետը մատնանշեց նաև չորրորդ և իր բնորոշմամբ՝ ամենածանր սխալ մոտեցումը։
«Դուք կարող եք իջեցնել ատոմակայանի արտադրանքը միայն այն բանի համար, որ տեղակայված արեգակնային պանելների էլեկտրական էներգիան պետությունը հնարավորություն ունենա գնել։ Այսպիսի արարքի համար 1930-40-50-ական թվականներին այդ վճիռը կայացնող մարդուն կգնդակահարեին 24 ժամվա ընթացքում. դա կհամարվեր խոշորագույն սաբոտաժ, դիվերսիա էներգետիկ համակարգի նկատմամբ։ Սակայն, ինչպես տեսնում եք, մենք ազատորեն կարողացանք այդպիսի որոշում կայացնել՝ ստիպել համակարգի օպերատորին իջեցնել ատոմակայանի արտադրանքը, որպեսզի տեղակայված պանելներն ապահովեն իրենց արտադրական հզորությունը։
Իսկ դա հետևանք է մեկ այլ միֆի՝ «եկեք շատ արագ, շատ էժան և բավական անորակ արեգակնային պանելներ առնենք, տեղակայենք ողջ ՀՀ-ում, մենք մեր բիզնեսն անենք, իսկ թե ինչ կլինի էներգետիկայի հետ՝ հերն էլ անիծած, դա մեզ չի հետաքրքրում»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

