Ժողովուրդն ԱԺ ընտրություններով արդեն իսկ մերժել է հանրաքվեն՝ Նիկոլին զրկելով սահմանադրական մեծամասնությունից․ Նաիրա Զոհրաբյան
Մենք խորհրդարանում ականատես եղանք բլեֆի գրանդիոզ բենեֆիսի՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ։ Սրանք ասում էին՝ ի՞նչ կապ ունի Ալիևը մեր սահմանադրական փոփոխությունների հետ։ Իր բլեֆի բենեֆիսում Նիկոլ Փաշինյանը բաց խաղաքարտերն ուղղակիորեն շպրտեց սեղանին և ասաց՝ այո՛, ես կգնամ և Ալիևից երաշխիք կբերեմ, որ սահմանադրական փոփոխություններից հետո խաղաղության պայմանագիրն անպայման ստորագրվելու և ԱԺ-ում վավերացվելու է։ Հիշենք, որ մինչև վերջերս ասում էին՝ Ալիևը կապ չունի սահմանադրական փոփոխությունների հետ, և դա բացառապես ներհայաստանյան օրակարգ է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Իր բլեֆի բենեֆիսում Նիկոլը սպառնաց, ասաց՝ կա երկու ճանապարհ՝ ըստ էության գործարք առաջարկելով ընդդիմությանը՝ կա՛մ ես ժողովուրդ եմ հանում, գեներացնում եմ փողոցային շարժում, վեց հոգով խելոք գալիս և քվեարկում եք, կա՛մ գնում ենք արտահերթի։ Ասաց նաև, որ ընդդիմությունն արտահերթից հետո խորհրդարանում չի լինելու։ Գործարքի գինն այն էր, որ ինքը երկու դեպքում էլ հեռանալու է։ Եթե ժողովուրդը հանրաքվեն կմերժի, ինքը կհեռանա, իսկ եթե ասի՝ այո, ինքը հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Մինչ այդ էլ Նիկոլն ասել էր՝ տարբերակ չկա, որ իր ներկայացրածին ժողովուրդը չասի այո»,- ասաց քաղաքական գործիչը։
«Նիկոլը հաճախ է ասում՝ ինձ կանգնեցրեք գնդակահարության պատի տակ, կամ՝ որ պահին ժողովուրդն ասի՝ գնա, հլու-հնազանդ կգնամ։ Ընդդիմությունն ինքը պիտի որոշի՝ այս բլեֆի գրանդիոզ պրեմիերային, որը եթե Ստանիսլավսկին նայեր, կասեր՝ չեմ հավատում, հավատալո՞ւ է, թե՞ ոչ։ Այն, ինչ հիմա ծրագրում է Նիկոլը, ըստ էության սահմանադրական հեղաշրջում է։ Ասում է՝ գնանք, թող ժողովուրդն ասի։ Ժողովուրդը 2026-ի հունիսի ընտրությամբ արդեն ասել է, Նիկո՛լ, քեզ չտալով սահմանադրական մեծամասնություն։ Քեզ այնքան չեն վստահում, որ տան սահմանադրական մեծամասնություն, որ դու էլ գնաս և մեր փոխարեն սահմանադրություն փոխես»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Նիկոլի առաջարկները՝ համաձայնեք ինձ հետ, ուզո՞ւմ եք՝ ես գնամ, դուրս եկեք փողոց, և այլն, լիրիկայի ժանրից է, բլեֆի դեմոնստրացիա․ «Ընդդիմությանը չպետք է այդ թակարդն ընկնել։ Հայտնի խորհրդային ֆիլմի ասույթի համաձայն՝ նա կփորձի կծել, դիմադրել, քացի տալ, բայց դա հին կովկասյան ավանդույթ է։ Այս ռեժիմն ինչ ասես կանի, ընդդիմության առաջնորդներին բանտարկելով՝ կփորձի մարդ գողանալ խմբակցություններից։ Այստեղ արդեն գնդակն ընդդիմության դաշտում է։ Եթե քաղաքական ուժերը հավատան այս խայտառակ մանիպուլյացիաներին, այդ կուտն ուտեն, Փաշինյանը կլինի ամենաարդար բանը, որը տեղի է ունեցել մեզ հետ»:
«Նիկոլը սպառնաց, ասաց՝ ով էլ լինի, Ալիևի առաքելությունն իրագործելու է։ Իսկ Ալիևին պետք է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական կապիտուլյացիան, Նիկոլը փորձում է Ալիևի այդ իղձն իրականացնել։ Ինչ էլ անի՝ մարդ գողանա, գնա արտահերթ ընտրության, սպառնա մարդկանց հանել փողոց, չի ստացվելու։ Այն պատգամավորը, որը տարբեր պատճառաբանություններով կմիանա ալիևյան սահմանադրությանը և կողմ կքվեարկի, դավաճան է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

