Երբ սուբսիդիան դառնում է բիզնես. ո՞վ է իրականում շահում արտահանման աջակցությունից

Ռուսաստանի կողմից կիրառված ներմուծման սահմանափակումներից հետո կառավարությունը պարբերաբար պետական բյուջեից մեծ գումարներ է տրամադրում գյուղմթերքի արտահանմանն ու մթերումներին օժանդակելու նպատակով։ Սեպտեմբերին հատկացրեց ավելի քան 4.5 մլրդ դրամ։ Դրանից առաջ էլ՝ օգոստոսին, հատկացրել էր 5.4 միլիարդ, իսկ հուլիսին՝ 3.1 մլրդ դրամ դրամ։

Ընդհանուր՝ ավելի քան 13 մլրդ դրամ կամ շուրջ 36 մլն դոլար։ Ու դա դեռ վերջնական չէ։ Ծրագիրը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը, հետևաբար՝ սեպտեմբերի արտահանումների փոխհատուցումը կարող է ավելացնել այդ գումարը։

Ռուսական շուկայի փակման պայմաններում ոչ մեկը չի ասում, թե կառավարությունը չպետք է աջակցության ծրագրեր իրականացներ։ Այլ բան, թե այդ աջակցությունն ինչքանո՞վ է ծառայում իր նպատակին ու ինչքանո՞վ է հասցեական։

Խնդիրն այն է, որ կառավարության ընտրած մեխանիզմը շատ դեպքերում փոխհատուցում է ոչ թե արտահանողի իրական լրացուցիչ ծախսը, ոչ թե ռուսական շուկան կորցնելու հետևանքով առաջացած վնասը և նույնիսկ՝ ոչ պարտադիր նոր շուկա մուտք գործելու ծախսը։ Պետությունը պարզապես վճարում է արտահանված ապրանքի յուրաքանչյուր կիլոգրամի, լիտրի կամ հատի դիմաց՝ առանց հաշվի առնելու, թե ռուսական շուկայի փակումից հետո ի՞նչ վնասներ են առաջացել՝ դրա արտահանման հետ կապված։

Կարդացեք նաև

Հունիսին, օրինակ, ջերմատնային ելակի յուրաքանչյուր արտահանված կիլոգրամի համար սահմանվել էր 770 դրամ փոխհատուցում, լոլիկի համար՝ 275 դրամ, պղպեղի համար՝ 400 դրամ։ Ծիրանի համար պետությունը վճարում էր 200 դրամ՝ մեկ կիլոգրամի դիմաց, սալորի, դեղձի և նեկտարինի համար՝ 250 դրամ, կեռասի համար՝ 400 դրամ։ Մեկ լիտր շշալցված գինու դիմաց փոխհատուցումը 350 դրամ էր, մեկ լիտր հայկական բրենդիի կամ կոնյակի համար՝ 830 դրամ։

Հետագայում ցանկը շարունակեց ընդլայնվել՝ ներառելով չիր, ձուկ, խնձոր, տանձ, խաղող, թուզ և այլ ապրանքներ։

Սուբսիդավորման հայտարարված նպատակն արտահանման շուկաների դիվերսիֆիկացումն էր։ Բայց չկա որևէ պայման կամ պահանջ այն մասին, որ սուբսիդիա ստանալու համար արտահանողը պարտավոր է ապրանքը տանել նոր շուկա։ Չէ՞ որ, մինչև ռուսական սահմանափակումներն էլ, այլ շուկաներում արտահանումներ արվել են ու առանց պետական աջակցությանն էլ կարող էին արտահանվել։ Դրանց հետ կապված սահմանափակումներ ինչպես չկային, այնպես էլ չկան։ Ինչո՞ւ է կառավարությունը որոշել, որ այդ շուկաներում էլ արտահանումները պետք է սուբսիդավորի։

Սա նշանակում է, որ նույն աջակցությունից կարող է օգտվել ոչ միայն այն ընկերությունը, որը Ռուսաստանի շուկան կորցնելուց հետո մեծ ծախսերով նոր գնորդ է գտել Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում, այլև այն ընկերությունը, որն արդեն տարիներ շարունակ արտահանում էր իրականացնում այդ երկիր և այսօր պարզապես շարունակում է նույնն անել։

Հայկական արտադրանքը մինչև 2026թ. էլ միայն Ռուսաստան չէր արտահանվում։

Օրինակ՝ Էկոնոմիկայի նախարարության 2025թ. տվյալներով՝ ծիրան էր արտահանվում ոչ միայն Ռուսաստան, այլև Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, ԱՄԷ, Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա և այլ երկրներ։ 2025թ. հայկական գինի էր վաճառվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Բելգիայում, Չինաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Գերմանիայում և այլ երկրներում։ Հանքային ջուրն էլ դեռ 2024թ. զգալի ծավալներով արտահանվում էր, օրինակ, ԱՄՆ և Ղազախստան։

Այլ կերպ՝ Հայաստանից գյուղմթերք, գինի, հանքային ջուր և այլ ապրանքներ Ռուսաստանի սահմանափակումներից առաջ էլ արտահանվում էին բազմաթիվ այլ երկրներ։ Եթե որևէ ընկերություն տարիներ շարունակ ապրանք էր վաճառում, օրինակ, Եվրոպայում կամ Մերձավոր Արևելքում և 2026թ. շարունակում է նույնն անել, ինչո՞ւ պետք է պետական բյուջեն վճարի այդ արտահանման յուրաքանչյուր կիլոգրամի կամ լիտրի համար։

Եթե այդ արտահանումը, միևնույն է, տեղի էր ունենալու, ապա պետական սուբսիդավորմամբ  դրանով նոր արտահանում չի ստեղծում։ Պարզապես մեծացնում է այդ բիզնեսով զբաղվողի եկամուտը։ Պետության հաշվին նա լրացուցիչ գումար է ստանում մի բանի համար, որը լրացուցիչ ոչինչ չի տալիս պետությանը, բայց հարստացնում է բիզնեսին։

Սուբսիդավորման արդյունավետությունը գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ թե այն, թե որքան ապրանք է արտահանվել այդ ծրագրի ընթացքում, այլ այն, թե դրա արդյունքում որքա՞ն լրացուցիչ արտահանում է արվել։ Եթե ընկերությունը նախկինում ամսական 100 տոննա էր արտահանում և սուբսիդավորումից հետո էլի 100 տոննա է արտահանում, ապա պետությունն ինչո՞ւ է վճարում մի բանի համար, որն առանց դրա էլ արվում էր։ Պետության նպատակը ռուսական շուկայից տուժած բիզնեսին ժամանակավոր օգնություն տրամադրելն էր, և ոչ թե ռուսական շուկայի հետ չկապված բիզնեսներին հարկատուների հաշվին փող բաժանելը։

Առավել մեծ հարցեր են առաջանում տրամադրված սուբսիդիաների չափերի հետ կապված։ Հատկապես, երբ դրանք համեմատում ենք ներքին շուկայում գյուղմթերքների իրացման գների հետ։

Ինչի՞ հիման վրա են որոշել, որ լոլիկի յուրաքանչյուր կիլոգրամի համար հարկատուն պետք է վճարի հենց 275, և ոչ, ասենք՝ 150, 100 կամ 350 դրամ։ Նույնը մյուս գյուղմթերքներին է վերաբերում։ Որտե՞ղ են հաշվարկները, որ նոր շուկա հասնելու լրացուցիչ տրանսպորտային, մաքսային, պահեստավորման, փաթեթավորման, վաճառքի ծախսերի տարբերությունը հենց այդքան է կազմում։ Նույն դեղձի դեպքում օգոստոսի վերջին մթերման գինը 175 դրամ էր։ Մինչդեռ կառավարությունն արտահանված դեղձի յուրաքանչյուր կիլոգրամի համար հուլիսին տալիս էր 250 դրամ, իսկ օգոստոսին և սեպտեմբերին՝ 200 դրամ փոխհատուցում։

Սա արդյոք չի՞ նշանակում, որ դրանով կառավարությունը որոշ մարդկանց համար ստեղծել է պետական միջոցներով ապահովագրված շահույթ։

Նույն կասկածները կան նաև մթերման աջակցության դեպքում։

Այս ամենի մեջ կոռուպցիոն ռիսկերը բավական բարձր են։ Երբ դեղձի 1 կիլոգրամի պետական փոխհատուցումը կարող է մոտենալ կամ նույնիսկ գերազանցել մթերման գինը, երբ լոլիկի համար վճարվող արտահանման սուբսիդիան մի քանի անգամ գերազանցում է վերամշակման համար մթերման գինը, իսկ աջակցությունը միշտ չէ, որ կապվում է նոր շուկայի հետ, կառավարությունը պետք է ոչ թե պարզապես ասի, որ արտահանումը շարունակվում է, այլ ապացուցի, որ բյուջեի յուրաքանչյուր դրամն անհրաժեշտ էր՝ այդ արտահանումն իրականացնելու համար։

Հակառակ դեպքում հարց է առաջանում՝ պետությունը դրանով «փրկում» է գյուղատնտեսությունն ու դիվերսիֆիկացնում արտահանո՞ւմը, թե՞ պետական բյուջեի հաշվին որոշ մարդկանց համար փող աշխատելու շահավետ միջոց է ստեղծում։ Դեռ չենք ասում այն կասկածների մասին, որոնք կան, այսպես կոչված՝ անապրանք արտահանումների հետ կապված, երբ թղթերով արտահանում են, իսկ փաստացի՝ ոչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031