Ալիևը Նախիջևանում հանքավայրեր է փնտրում․ ի՞նչի է փորձում հասնել Բաքուն Նախիջևանի տնտեսական կշռի մեծացմամբ, կա՞ ՀՀ-ի վրա ճնշման գործոն

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ներկայացվել է երկրի հանքարդյունաբերության (մետաղական հանքաքարերի) և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիրը:

Չորսամյա ծրագրի նպատակն է՝ ընդլայնել երկրաբանական հետախուզական աշխատանքները, նոր հանքավայրեր ներգրավել տնտեսական շրջանառության մեջ, ավելացնել արտադրական և վերամշակման հզորությունները, զարգացնել մետալուրգիական արդյունաբերությունը և այս ոլորտում ստեղծել արտադրական նոր շղթաներ։ Ընդ որում, Բաքվի համար հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման 2027-2030 թվականների պետական ծրագիրը հատկապես կարևոր նշանակություն ունի օկուպացված Արցախի տարածքների հանքահումքային ներուժի ուսումնասիրման ու օգտագործման տեսանկյունից։

Իսկ խորհրդակցության ժամանակ Ալիևն այս համատեքստում նախ Հայաստանին մեղադրել է «Ասրբեջանին պատկանող բնական պաշարները թալանելու համար», և նոր միայն անցել իրականացվելիք գործողությունների ծրագրին:

«Ադրբեջանի հանքարդյունաբերության զարգացումը՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառներով չի հասել պատշաճ մակարդակի։

Կարդացեք նաև

Օբյեկտիվ պատճառները կապված են այն հանգամանքի հետ, որ խորհրդային տարիներին հայտնաբերված մեր բազմաթիվ հանքավայրերը գտնվում էին «օկուպացված» (չակերտները՝ Մ.Պ.) տարածքներում, իսկ հայկական պետությունը շարունակում էր իր «օկուպացիոն» քաղաքականությունը: «Թալանել են» մեր բնական պաշարները՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի։ Իհարկե, խորհրդային տարիներին որոշակի հետախուզական աշխատանքներ իրականացվել են։ Սակայն այդ ժամանակ խորհրդային ղեկավարությունն այս տարածաշրջանը և հատկապես՝ Ադրբեջանը, չէր համարում տվյալ ոլորտում առաջնահերթ ուղղություն։ Առաջնահերթությունը տրվում էր նավթային արդյունաբերությանը։ Այդ պատճառով մեր բազմաթիվ հանքավայրեր, այսինքն՝ հեռանկարային հանքավայրերը, այսօր էլ դեռ սպասում են երկրաբանական հետախուզական աշխատանքների իրականացմանը։

Դրանում, անշուշտ, կա նաև դրական կողմ, քանի որ այդ պաշարներն այսօր գտնվում են, այսպես ասած, հողի տակ։ Այս հարցերը լուծելու համար պետական ծրագրի շրջանակներում մենք կիրառելու ենք շատ կոնկրետ մեխանիզմներ։ Առաջին հերթին՝ խոսքը վերաբերում է «օկուպացիայից ազատագրված» տարածքներում գտնվող հանքավայրերի հնարավորինս արագ շահագործելուն՝ Քելբաջարի (Քարվաճառ), Մարտակերտի և Զանգելանի (Կովսականի), շրջանների ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի մասին է։ Մարտակերտի շրջանում աշխատանքներն արդեն սկսվել են։ Հուսով եմ, որ մոտ ապագայում աշխատանքները կսկսվեն Քելբաջարում և Զանգելանում, և այդպիսով կսկսվի արդեն հայտնաբերված հանքավայրերի յուրացումը։ Մենք պետք է ամբողջությամբ վերլուծենք առկա հանքավայրերը և ժամանակակից երկրաբանական մեթոդների միջոցով լիովին ճշգրտենք այնտեղ առկա պաշարները։ Խորհրդային տարիներին շրջանառվում էին որոշակի թվեր, սակայն դրանից անցել է մոտ 40 տարի, և տվյալները հնացել են: Բացի այս, այսօր գոյություն ունեն նոր տեխնոլոգիաներ, որոնց մասին խորհրդային տարիներին ոչ ոք անգամ չէր կարող պատկերացնել»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ «բնական պաշարների թալանի» հարցը քննարկվել է նաև Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ Բաքվի «դատավարության» ժամանակ:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ադրբեջանական պլանում հաշվի էին առնված ռազմավարական նշանակության տնտեսական, լոգիստիկ և այլ նպատակներ: Մի առիթով տրանսպորտային միջանցքի համատեքստում անդրադարձել ենք Կովսական քաղաքի (Զանգելան) ռազմավարական նշանակությանը Բաքվի համար, ինչը չի թաքցրել նաև հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նույնը վերաբերում է Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններին, որոնք ուժով վերցնելու կարողություն Ադրբեջանը չուներ, և դրանք հանձնվեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Եվ, մասնավորապես, Քարվաճառի հանձնումը ճանապարհ հարթեց ադրբեջանական ներխուժումների համար Գեղարքունիքի ուղղությամբ:

Նշենք, որ վերջերս ադրբեջանական աղբյուրները տեղեկացրել էին, որ Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները:

Հաղորդվել էր, որ 2025 թվականի օգոստոսից հանքում իրականացվել են լայնածավալ երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական նկարահանում և հորատման աշխատանքներ, և ըստ գնահատականների, արդյունահանման ենթակա ոսկու մնացորդային պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա։

Ինչ վերաբերում է Մարտակերտին, ապա տեղի ընդերքում կան ցինկի, կապարի, պղնձի, ոսկու և այլ պաշարներ։ Նշենք, որ դեռ նախքան հայաթափումը, ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները պահանջում էիին մոնիտորինգ իրականացնել Մարտակերտի շրջանի Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում՝ իբր բնապահպանական նպատակներով: Սակայն հետո պարզվել էր, որ Ադրբեջանում գործունեություն ծավալող բրիտանական «Anglo Asian Mining Plc»-ի հետ կնքված պայմանագրում փոփոխություն է կատարվել, որով էլ վերջինիս հանձնվել է հանքարդյունաբերական գործունեության 3 նոր տարածք (contract area): Դրանցից մեկը, որն ադրբեջանցիներն ու բրիտանական ընկերությունն անվանում են Դեմիրլի, ըստ բրիտանական կողմի հրապարակած քարտեզի, համընկնում է Արցախի Մարտակերտի շրջանի արևելյան հատվածին: Իսկ ընդհանրապես Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարևանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Այսինքն, ադրբեջանական «բնապահպանների» ակցիան բացառապես քաղաքական և տնտեսական էր և միտված էր Արցախի հայաթափմանը, ինչը հետո տեսանք:

Իսկ Ալիևը հանքարդյունաբերական և մետալուրգիական արդյունաբերության զարգացման պետական չորսամյա ծրագրում ներառել է նաև Նախիջանի Ինքնավար Հանրապետությունը:

«Մեկ այլ հեռանկարային տարածաշրջան է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը: Այնտեղ երկրաբանական հետախուզական աշխատանքներ՝ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո, պատշաճ մակարդակով չեն իրականացվել։ Ուստի այնտեղ խոշոր հանքավայրերի առկայության հավանականությունը շատ բարձր է։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկրաբանական հետախուզական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն արդեն հաջորդ տարվանից»,- վերևում հիշատակված խորհրդակցության ժամանակ շեշտել է Ալիևը:

2025 թվականին հայտնել ենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-ից 10 տարով կարող են ազատվել գրեթե բոլոր հարկերից, սա ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում:

Ըստ Ադրբեջանի պաշտոնական հիմնավորման, արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա և փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը: Մենք մանրամասն անդրադարձել ենք Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացի ռիսկերին Հայաստանի համար:

Տեղեկացրել ենք նաև, որ աշխատանքներ են տարվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի հիմնական էներգահամակարգին միացման և Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև՝ «Զանգեզուրից Նախիջևան գազատար կառուցելու» թուրք-ադրբեջանական պլանների մասին: Եվ Նախիջևանի հետ կապված Ալիևի վերջին ծրագիրը, ըստ էության, այս շղթայի մի մասն է:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի դիտարկմամբ, Ադրբեջանի նախագահի վերջին հանձնարարականները Նախիջևանի մասով պետք է դիտարկել և՛ աշխարհատնտեսական, և՛ աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում:

«Նախ Բաքուն փորձում է Նախիջևանը աստիճանաբար դուրս բերել տարանցիկ տարածքի կարգավիճակից և այն վերածել ավելի ինքնաբավ, տնտեսական ու արդյունաբերական նշանակություն ունեցող հանգույցի։ Գիտենք, որ Նախիջևանը երկար ժամանակ էներգետիկ և տնտեսական առումով զգալիորեն կախված է եղել արտաքին կապերից, առաջին հերթին՝ Թուրքիայից և Իրանից։

Այս համատեքստում Ադրբեջանի համար կարևոր խնդիր է այդ կախվածության աստիճանական նվազեցումը և Նախիջևանի՝ սեփական տնտեսական ներուժի վրա հիմնված դերակատարության մեծացումը։ Եթե այնտեղ ձևավորվի ավելի ամբողջական արդյունաբերական և հանքահումքային շղթա, ապա Նախիջևանի նշանակությունը Ադրբեջանի համար էապես կփոխվի՝ այն այլևս միայն հաղորդակցությունների միջանկյալ օղակ չի լինի։

Մյուս կարևոր բաղադրիչը Նախիջևանի նկատմամբ միջազգային տնտեսական հետաքրքրության մեծացումն է։ Բաքուն փորձում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Նախիջևանը կվերածվի ոչ միայն աշխարհագրական, այլև՝ տնտեսական շահերի հատման կետի։ Սա երկարաժամկետ առումով կարող է մեծացնել Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային նախագծերի շուրջ բանակցություններում։ Այս ամենն ունի նաև Հայաստանի համար քաղաքական և ռազմավարական հետևանքներ։

Որքան ավելի մեծանա Նախիջևանի տնտեսական կշիռը, այնքան Բաքուն կարող է ավելի հիմնավորված կերպով առաջ մղել այդ տարածքի հետ կապված ենթակառուցվածքային և հաղորդակցային օրակարգը, ճնշում գործադրել նաև Հայաստանի վրա։ Սակայն, իմ գնահատմամբ, այս քայլերի առաջնային նպատակը Նախիջևանի տնտեսական ինքնաբավության բարձրացումն է, Թուրքիայի և Իրանի նկատմամբ առանձին ուղղություններով ունեցած կախվածությունների նվազեցումը և դրա հետագա ռազմավարական նշանակության մեծացումը։ Իսկ եթե այդ գործընթացը հաջողությամբ առաջ գնա, Բաքուն այն կարող է օգտագործել նաև իր տարածաշրջանային դիրքերն ուժեղացնելու, մասնավորապես՝ Հայաստանի հետ հաղորդակցությունների շուրջ սեփական օրակարգն ավելի մեծ քաղաքական կշռով առաջ մղելու համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա:

Այսպիսով, Ալիևի՝ Նախիջևանը զարգացնելու ծրագիրը դուրս է գալիս զուտ տնտեսական օրակարգի շրջանակներից և վերածվում տարածաշրջանային ռազմավարական հաշվարկի՝ ընդգծված աշխարհաքաղաքական բաղադրիչով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930