Գրագետ լուծումը լավագույն պատասխանն է
Հաջիևի վերջին վտանգավոր հայտարարություններից մեկն առանձնանում է իր հեռանկարային վտանգով. «Ադրբեջանի տարածքում է գտնվում քրիստոնեության առաջին վայրերից մեկը. 4-րդ դարում կովկասյան Ալբանիայի թագավորությունը առաջինն է քրիստոնեությունը ընդունել է որպես պաշտոնական կրոն»։
Սրա վտանգավորությունն այն է, որ սա ոչ միայն անցյալի մասին է, այլև՝ ապագայի։ Ադրբեջանը պետական մակարդակով փորձում է ոչնչացնել մեր պատմությունը, ջնջել հայկական հետքը և ապագայի համար ստեղծում է նոր ռիսկեր՝ հայկականությունը տարածաշրջանից աստիճանական դուրս մղելու համար։
Հայկական պետության և հայկական ինքնության առանցքային կետերից մեկն այն է, որ մենք քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն ենք։ Դա մեր վավերագրված պատմությունն է, և աշխարհը մեզ հենց այդպես է ճանաչում։
Հիմա Ադրբեջանը սկսել է փոխել մեր պատմությունը, որպեսզի ավելի ագրեսիվորեն փոխի, վտանգի մեր ապագան։
Երբ Հայաստանում հնչում են կոչեր, որ պետք է Հաջիևին սուր արձագանքել՝ բնական է։ Բայց ինչպե՞ս։ Լեզվակռիվը ոչինչ չի տա։ Ադրբեջանը տանում է պետական հստակ քաղաքականություն, և երևանյան կոչերն ընդամենը հայկական մամուլի և ներքին սպառման կարճատև թեմա կլինեն։ Ցավոք, այդպիսին է այսօրվա աշխարհը։
Լռել՝ նշանակում է կա´մ չհասկանալ, թե ինչ է անում Ադրբեջանը, կա´մ հասկանալով՝ չունենալ ճիշտ լուծումներ։
Հայկական հետքի վերացման, մեր հոգևոր ժառանգության խեղաթյուրման արշավի դեմ լավագույն լուծումներից մեկը, և քրիստոնեության առաջին բնօրրանի պատմական մեր առաքելության շարունակման լավագույն քայլերից մեկը պետք է լինի Հայաստանում, Հատիս լեռան վրա կառուցվող Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի շինարարության արագացումը։

Սա կարող է և պետք է լինի միասնական Հայաստանի ճշգրիտ պատասխանը։ Սա ներքաղաքական խնդիր չէ, սա իսկապես կարող է լինել մեր պատասխանը՝ հիմնված ներքին համերաշխության սկզբունքի վրա։
Սա պարզապես արձան չէ։ Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը, որը կառուցվում է Հայաստանում, նշանակում է միջազգային մեծ հետաքրքրություն, բարձրաստիճան և ազդեցիկ պատվիրակություններ, պաշտոնական այցեր, տուրիստական ահռելի հոսքեր, լրատվական առիթներ՝ միջազգային մամուլում։
Քրիստոսի արձանը և քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովրդի պատմական գաղափարը կողք կողքի են։
Խաղաղությունը հեշտ գործ չէ, մանավանդ՝ մեր տարածաշրջանում։ Եվ պետք է կարողանալ մեր շահերը, պետական, ազգային շահերը պաշտպանել գրագետ, խաղաղ ճանապարհով։
Հատիսի բարձունքում կառուցվող Քրիստոսի արձանը խաղաղ մրցակցության, խաղաղ պայքարի, սեփական շահերը աշխարհում խաղաղ պաշտպանելու լավագույն քայլերից մեկն է։
Հարավային Կովկաս, Քրիստոնեություն, Հայաստան, հայկականություն, հոգևոր ժառանգություն և այլ կարևոր գաղափարներ. Քրիստոսի արձանն իր բերած միջազգային արձագանքով այս ամենը լավագույնս կապահովի։ Սա իրոք ներքաղաքական խնդիր չէ, ընդհանրապես ներքին կոնֆլիկտները, ներքին հարաբերություններն այստեղ ոչ մի նշանակություն չունեն։ Սա խնդիր է, որ բոլորինս է։ Քրիստոսի արձանը պետք է հնարավորինս արագ կառուցվի, և Հայաստանը պետք է այն առավելագույնս ներկայացնի աշխարհին։ Պատահական չէր երևի, որ բազմաթիվ կարգախոսներից Գ. Ծառուկյանը ժամանակին ընտրեց. «Ներքին համերաշխության, ազգային վերածննդի և աշխարհին ներկայանալու խորհրդանիշը»։
ՇԱՀԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ

