20 %-ով ցեմենտի գինն է բարձրացել, կոնյակի գործարանում կրճատումներ են. Վիճակը՝ Ծառուկյանի բիզնեսներում
«Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» ասուլիսի ժամանակ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում «Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված տասնյակից ավելի ընկերություններ, որոնց գործունեությունը կասեցված է, մեծ վնասներ են հասցնում երկրի պետական բյուջեին։
Նրա խոսքով, այս ընկերությունների գործունեությունը չի վերականգնվել՝ բացառությամբ «Արարատցեմենտ»-ի և «Նոյ» կոնյակի գործարանի, որոնք պետականացվել են, նաև՝ «Մուլտի Ուելնես»-ի, որն անցել է Երևանի քաղաքապետորանի տիրապետությանը:
««Արարատցեմենտ»-ի հետ կապված ունենք տեղեկատվություն, որ վերջին երկու ամիսների ընթացքում շուրջ 20 տոկոսով ցեմենտի գինը բարձրացել է, ինչն իր ազդեցությունն է ունենալու շինարարական բիզնեսի, բնակարանների գների վրա։ Իսկ «Նոյ» կոնյակի գործարանից էլ ունենք ահազանգեր, որ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են իրականացվում»,- մանրամասնեց նա և շարունակեց «Մուլտի կոնցեռնի» կազմում ընդգրկված ընկերությունների կրած վնասների ներկայացումը:
«Եթե մեկ ընկերության օրինակով խոսենք՝ «Մուլտի տաբակը» վերջին 2 ամիսների ընթացքում շուրջ 4 միլիարդ դրամի վնաս է կրել։ Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, թե որքան հարկեր և տուրքեր կարող էին այդ գումարից վճարվել պետական բյուջե, այսինքն, միտումնավոր վնաս է հասցվում պետական բյուջեին: Ցանկացած գնով ցանկալի տեսարաններին և պատկերներին ականատես լինելու, անձնական վրեժխնդրությունը գագաթնակետին հասցնելու ցանկությունը թերևս այնքան մեծ է այս իշխանության մոտ, որ իրենք այդ հանգամանքին էլ ուշադրություն չեն դարձնում, որ ահռելի մեծ վնասներ են հասցվում պետական բյուջեին նաև հարկերի հավաքագրման մասով:
Օրինակ, «Շանգրի Լա» խաղատունը տարեկան շուրջ 5 միլիարդ դրամ հարկ է վճարում։ «Փարավոն» հյուրանոցային, ռեստորանային համալիրը, «Մուլտի Գրանդը» միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեն, ըստ այդմ էլ՝ մեծ հարկեր են վճարում»,- մանրամասնեց Իվետա Տոնոյանը:
Հավելենք, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել: Սա ասել էր այն տեղեկությունների ֆոնին, որ գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը:
Մանրամասները՝ տեսանյութում

