Վիլեն Գաբրիելյանը հայկական բանակի համար հակառակորդ չի տեսնում. ո՞ւմ դեմ է Սուրեն Պապիկյանը հաշվարկում բանակի պաշտպանունակությունը

Լրատվական ռադիոյի եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նորաընտրյալ նախագահ Վիլեն Գաբրիելյանն իր հարցազրույցում մի քանի ձևակերպումներ է արել, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ:

Դրվագ առաջին

Վիլեն Գաբրիելյանի վիճակագրությունն՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի վիճակագրության. ի՞նչ էր Դավիթ Տոնոյանը հասկացնում Պապիկյանին

Կարդացեք նաև

Վիլեն Գաբրիելյանը հայտարարել է, որ անկախությունից ի վեր, իր հիշելով, բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի ամենացածր թիվն արձանագրվել է 2018-2020 թվականներին: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի օրոք, որի հետ Գաբրիելյանը, այսպես ասած, ազգակցական կապեր ունի: Նախկին նախարարի քեռին է մեծացրել ՔՊ-ական պատգամավորին:

Ինչևէ, օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է վիճակագրություն, թե 2015 թվականից մինչև 2026 թվականը բանակում տարեկան կտրվածքով ինքնասպանությունների, սպանությունների, ինքնասպանության հասցնելու քանի դեպք է գրանցվել։

«2015 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016-ին այդ թիվը միանգամից դարձել է 19։ 2017 թվականին այդ թիվը եղել է 13, 2018 թվականին՝ 12, 2019 թվականին՝ 11, 2020 թվականին՝ 10, 2021 թվականին՝ 10, 2022 թվականին՝ 8, 2023 թվականին՝ 9, 2024 թվականին՝ 11, 2025 թվականին՝ 2, 2026 թվականին՝ 8»,- մանրամասնել է նախարարը։

Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, և 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Նշված տարում սպանության դեպք չէր արձանագրվել:

Ի դեպ, օրերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դարձյալ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերին, ՀՀ պաշտպանության Սուրեն Պապիկյանի ներկայացրած վիճակագրությանը և նրա հրաժարականի պահանջի հարցին:

Տոնոյանը նշել էր, որ պաշտպանության նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է գտնվում. եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա՝ որոշումը կկայացնեն, եթե ոչ՝ ուրեմն չեն տեսնում:

«Հանրային պահանջը կա, բայց հանրային պահանջն էլ այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի, այլոց վիճակագրության հետ, որ եթե ուրիշներին չեն հանել, ինչու համար են այս մի նախարարից պահանջում: Իմ պաշտոնավարման ժամանակ ես հանրային դաշտում անընդհատ պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, ամեն ինչ էլ եղել է: Դա քաղաքական որոշման խնդիր է»,- շեշտել էր պաշտպանության նախկին նախարարը:

Իսկ Սուրեն Պապիկյանի հանրայնացրած վիճակագրությամբ ամենացածր թիվն արձանագրվել է ոչ թե 2018-2020 թվականներին, ինչպես նշում է Վիլեն Գաբրիելյանը, այլ՝ 2025 թվականին, բավականին ցածր ցուցանիշ է նաև 2015 թվականինը (Պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր, առաջին տեղակալը՝ Դավիթ Տոնոյանը): Մյուս կողմից, համաձայն ենք Դավիթ Տոնոյանի վերևում նշված տողատակի հետ, քանի որ այնքան էլ արդար չէ խաղաղության օրակարգի պայմաններում գործող բանակը համեմատել նախքան հեղափոխությունը և նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը եղած զինված ուժերի հետ, երբ կար նաև ՊԲ, երբ դիվերսիոն լարված իրավիճակ էր, մասնավորապես, 2015 թվականին և դրանից առաջ:

Իհարկե, պատերազմից հետո սահմանը երկարել է, ավելին, 2021-2022 թվականներին Ադրբեջանի զորքը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, և ունենք քիթ-քթի դիրքեր, բայց 2026 թվականի բանակը չի կարելի համեմատել նախկինների ժամանակվա ժամանակների և նախապատերազմյան բանակի հետ, արդեն ասացինք ինչու:

Դրվագ երկրորդ

Հայկական բանակը չունի հակառակորդ

Լրատվական ռադիոյի եթերում «ովքեր են մեր թշնամիները, ի՞նչ սպառնալիքներ ունի Հայաստանի Հանրապետությունը» հաղորդավարի հարցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է.

«Բազմաթիվ սպառնալիքներ ունի՝ ոչ միայն արտաքին, ներքին էլ ունի: Ովքեր են մեր թշնամիները, եթե այդ հարցը ձևակերպելիս, ենթադրում ենք, որ պետք է հնչեն երկրների անուններ, այդքան էլ նպատակահարմար չի: Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության դոկտրինին, ռազմական դոկտրինին, իրականում այսօր լուրջ պրոբլեմ կա, որովհետև մինչ օրս փաստացի դրանք լուրջ փոփոխության չեն ենթարկվել: Հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական, քաղաքական, տարածաշրջանային վիճակը փոխվել է, նաև հաշվի առնելով խաղաղության գործընթացը, այո, այդ փաստաթղթերը պետք է վերանայվեն, և համապատասխան գերատեսչությունները պետք է ճիշտ վերլուծությունների վրա դրանք կազմած լինեն»:

Հակադարձմանը՝ «ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ՝ հայկական բանակն այսօր ունի՞ հակառակորդ», Վիլեն Գաբրիելյանը պատասխանել է.

«Հայկական բանակը ներկայումս հակառակորդ չունի, բայց հայկական բանակի համար մեկ խնդիրը ՀՀ սահմաններն անվտանգ և անառիկ պահելն է»:

Այնուհետև ՔՊ-ական պատգամավորն անցում է կատարում սահմանազատման գործընթացին, որ այն պիտի հասնի իր տրամաբանական ավարտին:

Ի դեպ, լեզվի սայթաքում է տեղի ունեցել, թե անկեղծ խոստովանություն, հարցազրույցի ժամանակ նա նման մի ձևակերպում է արել՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։

Իսկ լրացմանը՝ «այսինքն, այն բանակը (նկատի ունի Ադրբեջանի), որն օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքները, հայկական բանակի հակառակորդը չէ՞ այս պահին», Գաբրիելյանն արձագանքել է.

«էդ տրամաբանությունից ելնելով չի, որովհետև սահմանազատման գործընթացում ակնկալվում է, որ մեր հարևանի զինված ուժերը դուրս կգան ՀՀ օկուպացված տարածքից: Եթե դուրս չգան, գործը և կյանքը ցույց կտա, պետք է հասկանալ, թե ոնց ենք մենք այդ խնդիրը լուծում: Տրամաբանությունը հուշում է, որ տարբերակները շատ են»:

Այստեղ հաղորդավարը հիշեցրել է մի պարզ ճշմարտություն՝ «բարի խոսքն ու ատրճանակն ավելի էֆեկտիվ են լուծում այս հարցը», և նշել, որ Ադրբեջանը ձգձգում է դելիմիտացիայի գործընթացը, որովհետև հասկանում է՝ իրեն «ծեծելով» հայկական կողմը չի հանելու:

Իսկ Վիլեն Գաբրիելյանը բնական է համարել՝ մենք նման դիրք ունենայինք, կփորձենք մեր գերիշխանությունն օգտագործել:

Խնդիրն այն է, որ Հայաստանը մինչև 2020 թվականի պատերազմն ունեցել է գերիշխող դիրք, բայց չի հավակնել այլ երկրների սուվերեն տարածքներին: Գուցե Առաջին պատերազմից հետո հայկական կողմը պիտի որոշ «ապահովագրական» գործողություններ աներ, բայց սա այլ խոսակցության թեմա է: Բայց չենք կարող չհիշեցնել, որ Տավուշի հատվածում հայկական կողմը պաշտպանական ամուր գիծ է ունեցել և գերակա դիրք, որը Վիլեն Գաբրիելյանի քաղաքական ուժը թուլացրել է, և դեռ այս առումով գործն ավարտին չի հասցրել: Նույն ճակատագիրը սպառնում է նախիջևանյան թևին:

Դեռ չենք խոսում, որ 2021 թվականին Ադրբեջանի առաջին իսկ ներթափանցման փորձը կարելի էր կանխել կամ դիվանագիտական դաշտում պնդել նրանց հետքաշումը՝ չի լինի ոչ մի բանակցություն, եթե Ադրբեջանն իր զորքը հետ չքաշի: Իսկ այսօր ՀՀ ինքնիշխան տարածքում ամրացած և կարևոր բարձունքները կոնկրետ նպատակով գրաված Ադրբեջանը դուրս չի գալու այդ տեղերից, հնարավոր է՝ ինչ-որ սիմվոլիկ նահանջ, և ոչ ավելին:

Եվ այս դեպքում Ադրբեջանին պետության և բանակի համար չկարգելն առնվազն հակառակորդ և սպառնալիք, վտանգավոր է, հատկապես, երբ Ադրբեջանի սահմանադրությունը հենց ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ պարունակում, խոսքը մոտ 60 տոկոս տարածքի մասին է: Սա արձանագրել է երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, բանակի կերպափոխման հայեցակարգում չկա հստակ նշված սպառնալիքի անուն կամ հասցե, թեև Նիկոլ Փաշինյանն անգամ դրանից է հեռացել ինչ-որ առումով. «մարտունակ բանակ» եզրույթը փոխարինվել է «պաշտպանունակ բանակով»:

Մի առիթով նշել ենք, որ երբ խոսք է լինում պաշտպանունակության մասին (обороноспособность), առաջին հերթին նկատի են ունենում պետությունը: Իսկ երկրի պաշտպանունակությունը (обороноспособность государства) համապարփակ հասկացողություն է կամ վիճակ, և ռազմական ուժը կամ բանակի մարտունակությունը դրա մի բաղադրիչն է: Մյուս կողմից, քաղաքական/ռազմավարական շեշտադրումների փոփոխությունը չի ենթադրում հակառակորդի բացակայություն:

Այսինքն, նույնիսկ պաշտպանվելու դեպքում պետք է հակառակորդ ունենաս՝ ումից ես պաշտպանվում կամ գոնե ինչից: Օրինակ, Իսրայելի բանակը կոչվում է պաշտպանական բանակ, սակայն նույն բանակի պաշտոնական փաստաթղթերը հստակ սահմանում են այն սպառնալիքներն ու հակառակորդներին, որոնց դեմ պետք է պատրաստ լինի։ Ավելին, պաշտպանությունը ենթադրում է նաև հարձակողական և հակահարձակողական գործողություններ:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը ղեկավարող մարդը պետք է տիրապետի այս նրբություններին: Պետք է նաև ուսումնասիրած լինի եվրոպական, ՆԱՏՕ անդամ երկրների անվտանգային փաստաթղթերը և տեսնի, որ եթե այս կամ այն երկիրը հռչակված չէ թշնամի, եթե անգամ տասնյակ տարիներով և անգամ հարյուրամյակներով երկիրը պատերազմի մեջ չէ կոնկրետ երկրի հետ, դա չի խանգարում իր զինված ուժերի համար սահմանել հակառակորդ, կոնկրետ սպառնալիքի աղբյուր, ուղղություն, բովանդակություն՝ Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա:

Դեռ չենք նշում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի մասին, որտեղ հակառակորդ կամ սպառնալիք երկրներն ավելի հստակ են: Ժամանակը չի հերիքի, եթե նրանց և այլոց անվտանգային փաստաթղթերին առարկայական անդրադառնանք, եթե սրա անհրաժեշտությունը լինի, մի օր հատուկ դրանք կքննարկենք:

Իսկ Հայաստանի կողքին Ադրբեջանի և Թուրքիայի նման բանակներ և աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող երկրներ են, և բանակին չծրագրավորել, որ նրանք հակառակորդ կամ սպառնալիք ներկայացնող երկրներ են, վտանգավոր է տարբեր առումներով, այդ թվում՝ բանակի կարողությունների զարգացման, մարտունակության բարձրացման, բարոյահոգեբանական միջավայրի բարելավման առումով: Հայաստանի բանակին հակառակորդ վերագրելը չի նշանակում պատերազմ ցանկանալ կամ որևէ պետության «թշնամի» հայտարարել։

Ռազմական պլանավորումը պահանջում է գնահատել հնարավոր սպառնալիքի աղբյուրը, ուղղությունը, կարողությունները և գործողությունների սցենարները։

Այսինքն, եթե կան արտաքին սպառնալիքներ, ապա պետք է հասկանալի լինի՝ ինչ սպառնալիքների դեմ է կառուցվում բանակի կառուցվածքը, զինատեսակների ընտրությունը, մարտական պատրաստությունը և պաշտպանական գնումները, թեև բազմիցս գրել ենք, որ այս տարիներին չի իրականացվել Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930