2025 թվականին ունեցել ենք ծառայության հետ կապված 6 մահվան դեպք, մահացել է 30 զինծառայող. Պապիկյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց է ուղղել՝ 2025 թվականին բանակում մահվան դեպքերի և դրանց հանգամանքների հետ կապված:
«Օրեր առաջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցապնդում արեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, որ 2025 թվականին բանակում ունեցել ենք 30 զոհ ծառայության պայմաններում, և հանրության համար անհայտ է, թե այդ զոհերն ինչպես են եղել. Հիմա ուզում եմ, որ պարզաբանում տաք այդ 30 զոհի վերաբերյալ: Օրերս Դուք ձեր ելույթում հարցազրույցի ժամանակ զոհերին անդրադարձել եք, բայց փաստորեն պարզվում է, որ հակասություն կա պատգամավորի ասածի և ձեր պարզաբանածի միջև»,- նշել է իշխանական պատգամավորը:
Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ այս հարցը պարզաբանման կարիք ունի:
«Ես ասուլիսի ընթացքում հնչեցրել եմ իրական պատկերը։ Հասկանում եմ, որ շատ դեպքերում զոհերի և մահերի հարցը շահարկելը, որոշ քաղաքական գործիչների կամ քաղաքական թիմերի, իրենց կարծիքով, կարող է բերել ինչ-որ քաղաքական հաջողություններ և դիվիդենտներ, բայց սա, մեղմ ասած, սարսափելի և նողկալի է։
2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը, ցավոք, ինքնասպանության, և 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված:
2025 թվի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել, զոհվել է 30 զինծառայող, բայց դա չի նշանակում, որ 30 մահը բոլորը զոհեր են։ Խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է։ Եվ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքերն են, այդ թվում՝ հիվանդություններից, տարբեր դժբախտ պատահարներից, տանը, ճանապարհային երթևեկության խախտումների պայմանների բերումով, վթարի բերումով։ Կոչ եմ անում պատգամավոր գործընկերներին, քաղաքական գործիչներին չդառնալ մահվան և ողբի մունետիկ, դա լավ բան չէ»,- մանրամասնել է Պապիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
