Ռուսական ազդեցության վերջին մնացորդնե՞րը. Ո՞ւր է տանում հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը

Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը մտել է նոր՝ ավելի կոնկրետ և գործնական փուլ։

Եթե մինչ այս հիմնականում  հակասությունը քաղաքական էր՝ Հայաստանի եվրոպական ուղղության, ԵԱՏՄ-ում մնալու, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների և անվտանգության նոր համակարգի ձևավորման շուրջ, ապա այժմ տարաձայնությունները տեղափոխվում են երկկողմ հարաբերությունների այն ոլորտներ, որոնք տարիներ շարունակ համարվել են Հայաստանում ռուսական ազդեցության նյութական հենասյուները։

Պուտինի օրակարգում առանցքային էր Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի և ԵԱՏՄ-ում մնալու անհամատեղելիության հարցը․ նա, մի կողմից, հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը, մյուս կողմից՝ պահանջեց հնարավորինս արագ հստակեցնել այդ ընտրությունը, որպեսզի Ռուսաստանը կարողանա վերանայել իր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանի պատասխանը նույնպես ուշագրավ էր․ նա չհրաժարվեց ԵՄ ուղղությունից, բայց պնդեց, որ Հայաստանի նպատակը Ռուսաստանից հեռանալը չէ, այլ հարաբերությունները «նոր պայմաններին» համապատասխան դիրքավորվելը։

Սակայն Բիշքեկի հանդիպման իրական նշանակությունը միայն Փաշինյանի և Պուտինի՝ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի վերաբերյալ տարբեր դիրքորոշումները չէ։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Երևանի և Մոսկվայի միջև քննարկման առարկա են դարձել ռուսական ներկայության կոնկրետ բաղադրիչները։ Դրանցից առաջինը Հայաստանի երկաթուղային համակարգն է։

Կարդացեք նաև

«Հարավկովկասյան երկաթուղին» 2008 թվականից գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարման ներքո՝ 30 տարվա կոնցեսիոն պայմանագրով, իսկ վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս հայտարարել է կառավարման մոդելը փոխելու անհրաժեշտության մասին։ Ընդ որում՝ Երևանը չի խոսում պարզապես պայմանագիրը միակողմանի խզելու մասին․ առաջարկվում է, որ ռուսական կողմը կոնցեսիոն իրավունքը փոխանցի երրորդ երկրի, որն ընդունելի կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։

Այսինքն՝ հարցը գնալով ավելի քիչ է ներկայանում որպես տնտեսական կառավարման տեխնիկական վեճ և ավելի շատ՝ որպես Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի նկատմամբ ռուսական վերահսկողության մոդելը փոխելու խնդիր։ Սեպտեմբերի 3-ին Փաշինյանն արդեն հաստատեց, որ երկաթուղու կոնցեսիայի հարցը քննարկվել է նաև Պուտինի հետ, և կողմերի միջև կա փոխըմբռնում այն լուծելու անհրաժեշտության վերաբերյալ, թեև ռուսական շրջանակները հրապարակային պնդում են՝ այս հարցը չի քննարկվել։

Երկրորդ և շատ ավելի զգայուն հանգույցը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան է։ Այստեղ իրավիճակը հատկապես հետաքրքիր է, որովհետև ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ կառավարությունը չի ձգտում փակել ռազմաբազան։ Սակայն սեպտեմբերի 3-ին նրա ձևակերպումն արդեն այլ մակարդակի էր․ նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ռազմաբազայի ներկայության կամ դուրսբերման տարբերակները, իսկ եթե Ռուսաստանն ինքը որոշի դուրս բերել բազան, հայկական կողմը դրան չի առարկի։

Այսինքն՝ անգամ, եթե ռազմաբազայի դուրսբերման պաշտոնական գործընթաց չկա, քաղաքական դիսկուրսի մեջ առաջին անգամ այդ հարցը փաստացի տեղափոխվել է «եթե Ռուսաստանը որոշի հեռանալ» տրամաբանության դաշտ։

Սա էական փոփոխություն է, հատկապես հաշվի առնելով, որ գործող համաձայնագրով ռուսական ռազմաբազայի տեղակայումը նախատեսված է մինչև 2044 թվականը։ Եվ այստեղ արդեն դժվար է չնկատել ընդհանուր միտումը․ երկաթուղու դեպքում խոսվում է՝ ռուսական կառավարման փոխարինման, իսկ ռազմաբազայի դեպքում՝ դուրսբերման մասին, ինչից Բիշքեկի հանդիպումից հետո խոսեց Պուտինը՝ ասելով, որ եթե Հայաստանը ցանկանա, ՌԴ-ն դուրս կբերի բազան։

Այս երկու հարցերը միասին դիտարկելիս հայ-ռուսական հակասությունների բնույթը սկսում է ավելի հստակ ուրվագծվել։ Խոսքը միայն այն մասին չէ, թե Հայաստանը կմիանա՞ Եվրամիությանը, կմնա՞ ԵԱՏՄ-ում, կամ որքանո՞վ կմասնակցի ռուսական ինտեգրացիոն նախագծերին։

Բացի այդ, սա բացահայտում է նաև արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի պաշտոնական Երևանի մոդելը, որ սա ոչ այնքան դիվերսիֆիկացիա է, այլ լիարժեք «ապահարզան» Ռուսաստանից։ Խնդիրը հասել է շոշափելի մակարդակի՝ ինչ չափով է Ռուսաստանը պահպանելու իր նախկին ինստիտուցիոնալ, տնտեսական և ռազմական ներկայությունը Հայաստանում։

Արցախից ռուսական խաղաղապահների հեռացումից հետո, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումից և Երևանի օդանավակայանից, սահմանային որոշ հատվածներից ռուս սահմանապահների հեռացումից հետո երկաթուղին և ռազմաբազան այն կարևորագույն կետերն են, որոնց նկատմամբ ՌԴ-ն ունի ազդեցություն, և որոնք էական են ՀՀ-ում ռուսական ազդեցության, ներկայության տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, այստեղ կա կարևոր հակասություն, որը թույլ չի տալիս իրավիճակը նկարագրել որպես Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների պարզ խզում։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը․ Բիշքեկում Պուտինը նշեց, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին կիսամյակում հասել է մոտ 2,5 միլիարդ դոլարի, իսկ ռուսական ընկերությունները շարունակում են կարևոր դեր ունենալ Հայաստանի տնտեսության մեջ։

Փաշինյանն էլ հենց այդ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացմամբ։ Սակայն այստեղ առաջանում են հակասությունները, թե ինչպես է պաշտոնական Երևանը պատկերացնում հարաբերությունների մոդել, որն անընդունելի է Մոսկվայի համար։

Ակնհայտ է նաև մեկ այլ բան՝ Պուտինը փորձում է պահպանել Ռուսաստանի համար Հայաստանի հետ կապի այն համակարգը, որը ձևավորված  է՝ ԵԱՏՄ, տնտեսական կախվածություններ, տրանսպորտային ենթակառուցվածքներ և ռազմական ներկայություն, մինչդեռ Փաշինյանն առաջարկում է ամբողջությամբ վերաձևավորել հարաբերությունների համակարգը, քաղաքական տրամաբանությունը, որ Երևանն ընթանա ԵՄ անդամակցության ուղղությամբ, դուրս բերի ՀՀ-ից ռուսական ազդեցությունը, զարգացնի միայն տնտեսական կապերը, որոնք ձեռնտու են այս իշխանություններին, և դա տեղի ունենա առանց սկանդալի։

Ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների այս փուլում ամենակարևոր փոփոխությունն այն է, որ հակասությունների կենտրոնում այլևս միայն Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը չէ։ Հարցը հասել է շատ ավելի խորքային մակարդակի՝ ինչպիսի՞ տեղ է Հայաստանն ապագայում նախատեսում Ռուսաստանի համար և, հակառակը, ի՞նչ գին է Մոսկվան պատրաստ վճարել Հայաստանում իր ներկայությունը պահպանելու համար։

Եթե նախկինում ռուսական ռազմական ներկայությունը, երկաթուղային համակարգի կառավարումը, տնտեսական կապերն ու ինտեգրացիոն կառույցներն ընկալվում էին որպես հայ-ռուսական հարաբերությունների գրեթե անփոփոխ հիմք, ապա այսօր դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին դարձել է բանակցության առարկա։ Սա նշանակում է, որ Երևանի և Մոսկվայի միջև վեճն այլևս պարզապես քաղաքական տարաձայնություն չէ․ այն վերածվում է երկու տարբեր ռազմավարությունների բախման։

Բիշքեկի հանդիպումը ցույց տվեց, որ կողմերը դեռևս փորձում են չհասնել վերջնական խզման, սակայն միաժամանակ արդեն ակնհայտ է՝ վերադարձ նախկին հարաբերությունների մոդելին այլևս չկա։ Եվ  առաջիկա տարիների գլխավոր հարցը կլինի, թե ինչպիսի հետևանքներ են ունենալու այս գործընթացները ՀՀ-ի վրա, և որքանով է ՀՀ իշխանությունն ունակ լինելու կառավարել այս գործընթացների բոլոր ռիսկերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930