Բաժիններ՝

Զբաղվածության ոլորտի խնդիրներն՝ ըստ Գագիկ Մակարյանի

ՀՀ-ում զբաղվածության ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտություն կա, որ այդ գործում ընդգրկված լինեն համապատախան ինստիտուտները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական, Կրթության և գիտության, Էկոնոմիկայի նախարարությունները, նաև մասնավոր և պետական աշխատանքի տեղավորման գործակալությունները:

168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը տեսակետ հայտնեց, որ մինչ օրս Հայաստանում աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների նշանակությունն անտեսվել է, նույնիսկ նսեմացվել, և հասարակության մեջ տեսակետ կա, որ գործակալությունները վատ են գործում, խաբում են, փողը վերցնում են, մարդկանց ուղարկում են աշխատանքի, որն այդ պահին արդեն չկա: 2007-2008-ին կարծիք կար, որ դրանք թրաֆիկինգի աղբյուր են հանդիսանում, բայց այդ ամենը ժխտվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության իրականացրած անկախ փորձագիտական վերլուծության արդյունքում: Կամաց-կամաց մասնավոր գործակալությունները ներգրավվեցին ՀԳՄ ճյուղային միության մեջ:

Ըստ Մակարյանի՝ ներկայում քննարկման դրված «Զբաղվածության մասին» նոր օրենքով զգալիորեն բարձրացվում է աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների դերը: Մինչև հիմա պետական ծրագրերը տրվում էին աշխատանքի տեղավորման պետական գործակալություններին, նոր օրենքը թույլ է տալիս, որ պետությունը պատվիրակի մասնավորներին նման աշխատանք անելու: ՀԳՄ վերլուծությամբ պարզվել է, որ մասնավոր գործակալություններն ավելի ճկուն են աշխատում, հատկապես փոքր բիզնեսը աշխատակիցներ գտնելու համար դիմում է գործակալություններին, որոնք 1-2 օրում կարողանում են արձագանքել և համապատասխան կադրեր առաջարկել:

Պետական գործակալություններում դա մի փոքր ավելի երկար է տևում: Մակարյանը նշեց, որ պետական գործակալությունների հետ աշխատում են պետական կառույցները, խոշոր բիզնեսը, որը նաև ուղիղ ձևով աշխատում է բուհերի հետ: Նոր օրենքը բարելավում է դրությունը, այն հավասար իրավիճակ է ստեղծում մասնավոր և պետական գործակալությունների համար, այսուհետ մասնավորը կկարողանա մասնակցել պետական ծրագրերին և աշխատաշուկայում ավելի ակտիվ դերակատարում կունենա, մասնավորի և պետականի միջև հարթվում է եղած տարաձայնությունը, որպես տնտեսվարող սուբյեկտներ՝ ավելի լիարժեք են ընդգրկված լինում գործընթացներում, որովհետև աշխարհում մասնավոր գործակալություններին ավելի մեծ ուշադրություն են հատկացնում:

Կարդացեք նաև

«Դա նաև ԱՄԿ ու եվրոպական մոտեցումներ են, որ մասնավորը դեր ունի աշխատաշուկայում՝ զբաղվածություն խթանելու համար: Այսինքն, զբաղվածության տեսանկյունից նոր ինստիտուցիոնալ քայլ է արվել: Շատերն ասում էին, որ ոլորտում լիցենզավորման կարիք կա, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն՝ ինքը, նույնպես առաջարկեց լիցենզավորել գործակալություններին, բայց կառավարությունը մերժեց: Որոշվեց, որ փոխարենը՝ գործակալությունները պարբերաբար հաշվետվություն են ներկայացնելու նախարարություն իրենց գործունեության մասին, իսկ դրանց ուշացման դեպքում տույժ ու տուգանքներ են կիրառվելու»,- ասաց Գ.Մակարյանը:

ՀԳՄ նախագահի գնահատմամբ՝ այսօր խնդրահարույց են աշխատաշուկայի, զբաղվածության կանխատեսումները, որոնք շատ վատ են իրականացվում: Հիմնականում դա արվում է շատ պարզունակ վերլուծությունների վրա, օրինակ՝ հարցում է արվում ընկերություններին, որոնց պատասխանը շատ դեպքում ձևական է լինում, ոչ հիմնավորված: Գ.Մակարյանի խոսքով՝ մինչև հիմա բազմակողմանիորեն չի գնահատվում, թե զբաղվածության վրա ինչպես են ազդում ֆիսկալ քաղաքականությունը, հարկային բեռը, հարկային պահումները, արդյունաբերության զարգացման խնդիրները: Մասնավորապես, հարկային քաղաքականությունը կարող է եղած աշխատատեղերն ավելացնել կամ պակասեցնել, նույնիսկ՝ անկախ նրանից, թե տնտեսությունն ինչպես է զարգանում: Օրինակ՝ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամ դարձավ, որին ՀԳՄ-ն կողմ չէր:

«Աշխատողների համար լավ է, բայց բիզնեսի համար՝ ոչ: Մոտ 90 հազար մարդ մասնավոր հատվածում ստանում է նվազագույն աշխատավարձ, և գործատուներն ի վիճակի չեն լինի ավելացնել աշխատավարձը: Առաջիկա հնգամյակում 70 հազար դրամ են ուզում դարձնել նվազագույն աշխատավարձը, բայց այդ կանխատեսումը պետք է կապել տնտեսության զարգացման հետ՝ արդյոք ձեռնարկությունները կարո՞ղ են նման գումարներ վճարել: Հույս ունենք, որ այս նոր օրենքը կկանոնակարգի դա: Օրենքը լավն է, բայց ամեն ինչ հիմնված է տնտեսության վրա. եթե տնտեսությունը չզարգացնենք՝ ամեն ինչ կմնա թղթի վրա»,- նշեց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս