Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ին արձագանքել ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հրապարակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակ, որում կոչ է արել կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արձագանքել իր երկրի դեմ ԱՄՆ-ի «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։
Նամակում, որն Արտաքին գործերի նախարարությունը տարածել է իր Telegram ալիքում, Արաղչին ԱՄՆ պատժամիջոցները և Իրանի հետ այլ երկրների համագործակցությունը կանխելու փորձը որակել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։
«Այսպես կոչված «գործողության» հայտարարված նպատակն է դադարեցնել Իրանի հետ օրինական տնտեսական հարաբերությունները, որոնք ուղեկցվում են երկրորդային պատժամիջոցների և ԱՄՆ ֆինանսական համակարգից բացառման սպառնալիքներով», – նշել է Արաղչին։
Նա քննադատել է Վաշինգտոնի ջանքերը՝ դրանք անվանելով «անօրինական, միակողմանի և ահաբեկող»։
Արաղչին կոչ է արել ՄԱԿ-ին դատապարտել և մերժել ԱՄՆ-ի գործողությունները և հարգել Իրանի ինքնիշխան հավասարության իրավունքը։
Արաղչին նաև կոչ է արել փոխհատուցում վճարել և զեկույց կազմել Իրանին ԱՄՆ-ի հասցրած հարվածների մարդասիրական և մարդու իրավունքների հետևանքների վերաբերյալ։
ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

