Մոր ձայնը
Սա առաջին բանն է, որ լսում է երեխան՝ նույնիսկ դեռ ծնված չլինելով և ծննդյան առաջին իսկ պահին: Մոր ձայնը մեզ ուղեկցում է մեր ողջ կյանքի ընթացքում՝ հանդիսանալով ուղեկից և ուղենիշ:
Երբ դեռ չենք ճանաչում Աստծուն, թվում է՝ մոր ձայնը անսխալական է: Հենց մոր ձայնն է ծանոթացնում մեզ մեր Տիրոջ հետ: Նրա շուրթերից առաջին անգամ լսում ենք Աստծո մասին, աղոթքի մասին, սիրո և հավատքի մասին:
Ժամանակի հետ, սակայն, մեծանալով, հասկանում ենք, որ մեր մայրիկի ձայնը կարծես դարձած լինի մեր ներքին ձայնը, մեր խիղճը: Մենք հենց այդ պատուհանից ենք նայում աշխարհին: Նրա խոսքերն ու խորհուրդները տարիների ընթացքում դառնում են մեր ներսում ապրող ձայնը, որն առաջնորդում է մեզ և հիշեցնում՝ որն է բարին ու ճիշտը:
Եվ ծնող դառնալով էլ հասկանում ենք, որ մենք ինքներս ենք այժմ այդ ձայնով նոր մարդու, մեր փոքրիկի ուղենիշը դառնալու, մենք ենք նրան աշխարհը ճանաչելու ճանապարհը ցույց տալու: Մենք ենք լինելու այն ձայնը, որի միջոցով նա առաջին անգամ պիտի ճանաչի սերը, բարությունը, հավատքը և Աստծուն:
Եվ այստեղ է ծնողի ամենամեծ պատասխանատվությունը՝ լինել ոչ միայն երեխայի ճանապարհի ուղենիշը, այլ նրան ցույց տալ դեպի Աստված տանող ճանապարհը: Որ մեր ձայնի մեջ նա լսի ոչ միայն մեր խոսքը, այլև Տիրոջ հանդեպ ունեցած մեր հավատքը։ Որ մեր խոսքերով ու կյանքով կարողանանք նրա սրտում սերմանել այն հավատքը, որը մի օր պիտի դառնա իր սեփականը։
Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է. «Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես քո սրտում և քո հոգու մեջ: Դրանք կհաղորդես քո որդիներին և դրանց մասին կխոսես տանը նստած, ճանապարհ գնալիս, ննջելիս ու արթնանալիս» (Բ Օրինաց 6:6-7):
Գուցե հենց սա է մոր ձայնի ամենամեծ առաքելությունը՝ լինել այն առաջին ձայնը, որը երեխային տանում է դեպի Աստված, մինչև որ նրա սրտում ձևավորվի սեփական հավատքի ձայնը։ Որ մեր ձայնը մի օր դառնա նրա հիշողությունը, իսկ Աստծո ձայնը՝ նրա կյանքի հավերժ ուղենիշը։

