Երևանը փորձում է Թեհրանին ներշնչել «Թրամփի միջանցքի» անվտանգությունը, ամերիկյան միջնորդները հույս ունեն կրկնել «Աբրահամի համաձայնագրերի» փորձը Կովկասում
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Երևանի նախաձեռնությամբ, որի ընթացքում «մտքեր են փոխանակել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի առաջին տարելիցի կապակցությամբ, որի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը»,- ասված է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Օրերս Երևանում շփվելով տեղացի և արտասահմանցի լրագրողների հետ՝ պարոն վարչապետն իրեն հատուկ հուզական-երկարաշունչ ոճով պատմում էր համընդհանուր բարօրության մասին, որը պետք է վրա հասնի «Թրամփի միջանցք՝ հանուն խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ոչ անհայտ նախագծի իրականացման դեպքում։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի հին-«նոր» իշխանությունները «բաց և թափանցիկ դիրքորոշում ունեն TRIPP-ի իրականացման հարցում»՝ պատրաստ լինելով «պատասխանել հնարավոր մտահոգությունների հետ կապված բոլոր հարցերին», քանի որ, իբր, Երևանը «չի կարող իրեն թույլ տալ հավակնոտ հայտարարություններ և մտադրություններ՝ կապված խոշոր տերությունների միջև հակամարտություններին միջամտելու հետ»։
«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն մոտալուտ հեռանկար է, CNN TÜRK-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը. «…դա այդքան էլ հեռավոր հեռանկար չէ։ Ինտենսիվ դիվանագիտական և ֆիզիկական ջանքերը շարունակվում են»։ «Հայկական կողմից խոստացել են մինչև տարվա վերջ ակտիվորեն սկսել շինարարական աշխատանքները… նրանք անցյալ տարի արդեն սկսել էին (տարբեր հատվածներում) առաջնային պայթեցման աշխատանքները»,- պատմում է հաղորդակցությունների հարցերով փորձագետ Ռաուֆ Աղամիրզաևը։
TRIPP-ը տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագիծ է՝ կոչված օգուտ բերելու տարածաշրջանին, Հայաստանին և Իրանին, որը թույլ է տալիս ոչ ավել, ոչ պակաս, «բացել երկաթուղային հաղորդակցություն Պարսից ծոցից մինչև Սև ծով՝ Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով», ասում էր Փաշինյանը՝ Ամերիկան տեսնելով (հիմնավորված, թե ոչ՝ առանձին հարց է) որպես թյուրքական հարևանների ազդեցությունը հավասարակշռող որոշակի գործոն։ Իբր, «դա այն նախագծերից է, որը հերքում է այն հայտարարությունները, թե դրա իրականացումը դուրս է թողնում տարածաշրջանի որևէ երկրի։
Ընդհակառակը, դա մի նախագիծ է, որը ներառում է բոլորին»։ Այստեղ կառավարության ղեկավարը բառացիորեն քողարկում է Սյունիքով ենթադրվող միջանցքի իրական նպատակը, որի նպատակը, Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապելուց բացի, թաքնված է Հարավային Անդրկովկասի տարանցիկ զարկերակների (և, համապատասխանաբար, Իրանի հյուսիսային սահմանների) նկատմամբ ամերիկյան ու անդրազգային կորպորացիաների հուսալի վերահսկողության ապահովման մեջ։
Ավելի վաղ գրել էինք TRIPP+Enterprise Fund անվանմամբ մի հետաքրքիր կառույցի հիմնադրման մասին, որը վերանվանվել է Trans-Caspian Enterprise Fund, որը ղեկավարում է միջազգային վենչուրային ներդրող Կոնստանտին Սոկոլովը՝ Հայաստանում մի շարք ակտիվների, այդ թվում՝ VIVA Armenia-ի և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի սեփականատերը, ով ակտիվորեն հետաքրքրված է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքով։
Նշենք, որ ծնունդով Լենինգրադից Սոկոլովը սերտորեն կապված է հրեական միջավայրի հետ, ինչպես նաև Արիե Լայթսթոունը՝ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ավագ խորհրդականը, TRIPP նախագծի ճարտարապետներից մեկը՝ ռաբբին University Yeshiva-ի վարկածով, ով օգոստոսի սկզբին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տեղակալ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Աշխատելով Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատանը՝ Լայթսթոունն առաջ էր մղում տնտեսական կարգավորումը Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում։ Ըստ ամենայնի, այժմ այս փորձը նախատեսվում է կիրառել նաև Հարավային Կովկասում, ինչի մասին է վկայում նաև Լայթսթոունի վերջերս արած հայտարարությունը. «Մի փոքր ստեղծագործական մոտեցում, և մենք կստեղծենք աշխարհի գլխավոր առևտրային երթուղիներից մեկը ու կհաղթահարենք փակուղին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»։
Պաշտոնական հարաբերությունների համաձայն՝ մեկ տարի առաջ Վաշինգտոնում ներկայացված Հայաստանի Սյունիքի մարզով անցնող միջանցքը մեծ շուքով գործելու է ազգային իրավասության շրջանակներում՝ չխախտելով երկրի ինքնիշխանությունը պետական սահմանի կառավարման, սահմանային հսկողության և մաքսային վարչարարության հարցերում, և այլն: Սակայն իրականում դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չի լինի, թեկուզ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ը ստանում է միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ՝ մինչև 99 տարի ներառյալ ժամկետով։
«Թրամփի միջանցքի» զարգացումը, որի գործարկումը («Զանգուզուրի միջանցքի» անվան տակ) Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է 2028 թվականի վերջին, ԱՄՆ հովանու ներքո նոր տարանցիկ զարկերակների ստեղծումն է, այդ թվում՝ գործող զարկերակների արդիականացումը և 1990-ականների սկզբից չգործողների վերականգնումը։
Վաշինգտոնի և Երևանի կողմից հիմնադրված TRIPP Development ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան գոտիներում հողօգտագործման և կառուցապատման իրավունք կստանա, հուլիսի 16-ին կառավարության նիստում տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այդ իրավունքների սկզբնական ժամկետը կկազմի 49 տարի։
Այդ ընթացքում Միացյալ Նահանգներին է պատկանելու ընկերության բաժնետոմսերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։ Նշված ժամկետի ավարտից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են երկարաձգել գործընկերությունը ևս 50 տարով, ընդ որում, երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը TRIPP Development Company-ում կկազմի 49% (ի դեպ, մինչ այդ «երջանիկ» ժամանակը դեռ պետք է ապրի):
Tripp Development Company-ն կկարողանա ստեղծել հատուկ նշանակության ընկերություններ առանձին նախագծերի իրականացման համար և ներգրավել ենթակապալառուների, շարունակել է Միրզոյանը՝ հավելելով, որ նախագծի պաշտոնական մեկնարկի համար մնացել է լրամշակել ևս երկու փաստաթուղթ՝ բաժնետիրական համաձայնագիրը և ընկերության կանոնադրությունը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ մայիսի 26-ին Երևան կատարած կարճատև այցի ընթացքում նախաստորագրված «Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» (TRIPP) նախագծի շրջանակներում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և «կարևոր նշանակություն ունեցող հանքանյութերի և հազվագյուտ հողերի արդյունահանման և վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին» շրջանակային հուշագրի հետ մեկտեղ՝ սույն փաստաթուղթը սահմանում է անդրսահմանային կովկասյան տարանցման ուղիներում ամերիկյան կորպորացիաների գերիշխող մասնակցության շրջանակները:
TRIPP-ի իրականացման գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացումը», դժգոհում է Հայաստանի կառավարության ղեկավարը՝ նախընտրելով լռել դրա իրական մեղավորների մասին, ընդ որում՝ բարձրաձայնելով նախագիծը «որքան հնարավոր է շուտ» իրագործելու նպատակահարմարության մասին։
Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հարևան Իրանի դիրքորոշումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, պատրաստվում է մեկնել այցով, որի կոնկրետ ժամկետները «դեռևս որոշված չեն»։
Պետք է նշել, որ վերջին շրջանում հայ-իրանական շփումները, առանց այդ էլ՝ բավականին աշխույժ, լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել։ Այսպես, հուլիսի 21-23-ը «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնը Երևանում Իրանի դեսպանատան հետ համատեղ հարավային Կապան քաղաքում անցկացրեց փակ փորձագիտական սեմինար՝ «Իրանա-հայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո» թեմայով։
Պաշտոնական տեղեկատվությունից ենթադրվում է՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցեր, ներառյալ՝ տնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտային հաղորդակցությունները, տեղեկատվական փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարների ակտիվությունը Հարավային Կովկասում։ Երևանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել ենն Իրանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերությունները դինամիկ փոփոխվող իրողություններին հարմարեցնելու անհրաժեշտությունը՝ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար։
Սյունիք կատարած այցի շրջանակներում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է իրանական Նորդուզից Երևան կառուցվող էլեկտրահաղորդման գծի «Նորավան» ենթակայանում:
Հունիսի 27-ին Հայաստանի կառավարությունը և իրանցի կապալառուները տվեցին Սյունիքի մարզում «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կազմում Ագարակ-Քաջարան ճանապարհի շրջանակներում 7,2 կմ երկարությամբ թունելի կառուցման մեկնարկը, որը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկով: Բացի այդ, Mehr գործակալության տեղեկատվության համաձայն, Թեհրանում նավթի նախարար Մոհսեն Փաքնեջադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ընթացքում իրանական կողմը Հայաստանին բնական գազի մատակարարումների ավելացման համար նոր առևտրային սխեմա է առաջարկել:
Բաքվի որոշ դիտորդների կարծիքով՝ այս ամենը վկայում է Հարավային Կովկասում գործընթացների վրա ակտիվ ազդեցություն պահպանելու Թեհրանի ձգտման մասին, ներառյալ՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հեռանկարները:
Իրոք, իրանցիները պատրանքներ չունեն Մերձավոր Արևելքում արդեն շուրջ կես տարի շարունակվող զինված դիմակայության ընթացքում իրենց ագրեսիվ մտադրությունները չթաքցնող ընդդիմախոսների մտադրությունների վերաբերյալ։ Այսպես, նախքան Սյունիք կատարած իր ուղևորությունը, սույն թվականի հուլիսի 8-ի մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանելով TRIPP նախագիծը՝ Շիրղոլամին հայտարարեց, որ «…Հայաստանը պետք է մշակի մի մեխանիզմ, որը թույլ կտա իրացնել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ներուժը, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով Իրանի համար հնարավոր ռիսկերն ու սպառնալիքներն ամերիկյան ներկայության դեպքում»։
Ի դեպ, դեռևս 2025 թվականի դեկտեմբերի վերջին ռահբարի այն ժամանակվա խորհրդական Ալի Աքբար Վելայաթին մերժել էր այդ նախագիծը, քանի որ այն «կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ներկայությանը Իրանի հյուսիսին հարող տարածքում՝ լուրջ ռիսկեր ստեղծելով Հյուսիսային Իրանի և Ռուսաստանի հարավի անվտանգության համար»։
2025-ի օգոստոսին ներկայացված Թրամփի ծրագիրը «շուքով առաջ է մղվում հայաստանյան շուկա ամերիկյան ընկերությունների մուտքի միջոցով»։ Ինչը զարմանալի չէ, քանի որ «ԱՄՆ-ը զգայուն տարածաշրջաններ մուտք գործելու պատմություն ունի այն նախագծերի միջոցով, որոնք ամերիկացիները ներկայացնում են՝ որպես տնտեսական նախաձեռնություններ: Բայց նման ներգրավվածությունն աստիճանաբար ընդլայնվել է ռազմական և ուժային չափումներում»։
Տեղին է հիշել 1900-ական թվականների սկզբին Կոլումբիայից Պանամա նահանգի անջատումը՝ միջօվկիանոսյան Պանամայի ջրանցքի միջոցով, որը պատկանում էր ԱՄՆ-ին ընդհուպ մինչև 1970-ական թվականների վերջը։ Եվս մեկ, պակաս հայտնի օրինակ է՝ Միացյալ Նահանգների կողմից, «Մոնրոյի դոկտրինի» ոգով, կենտրոնական-կարիբյան Սվոն (Հոնդուրաս), Մաիս (Նիկարագուա) և Ռոնկադոր (Կոլումբիա) կղզիների օկուպացումը մինչև 1970-ական թվականների սկիզբը ներառյալ՝ կապված 1920-ական թվականների սկզբին Պանամայի ջրանցքին փոխարինող «նիկարագուայական» ջրանցքի կառուցման գաղափարի հետ։
1950-ականների առաջին կեսին առաջացավ Կենտրոնական Կուբայով ամերիկյան ջրանցք անցկացնելու նախագիծը, որի համար ԱՄՆ-ը հասավ արտատարածքային տնտեսական-դե ֆակտո կառավարչական ներկայության Կուբայի հարակից Կարիբյան Պինոս կղզում և Կուբայի Հարդինես դե լա Ռեյնա կղզիներում, որը գտնվում էր Գուանտանամոյում գործող ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ (նման ներկայությունը Հավանան չեղյալ հայտարարեց 1959 թվականին): Իհարկե, այս բոլոր օրինակները վերաբերում են Արևմտյան կիսագնդին, որը Սպիտակ տան տերերը քիչ թե շատ հաջողությամբ փորձում էին պաշտպանել եվրոպական և այլ մրցակիցներից:
Ակնհայտ է՝ «Մոնրոյի դոկտրինը» նույնիսկ այնտեղ չի աշխատում, և առավել ևս՝ պատրանքային է թվում հազարավոր կիլոմետրեր հեռու՝ Կովկասի լեռներում, որտեղ ամերիկյան ինքնավստահ «գործարար մարդիկ» ստիպված կլինեն այսպես թե այնպես հաշվի առնել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերն ու իրական մտադրությունները։
ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

