Ոչ այնքան «Միջին միջանցքը». ամերիկացիները Կովկասում անգործ չեն նստում
Ալյաթ նավահանգստում կարող է սկսել գործել վաշինգտոնյան Caspian Policy Center-ի ներկայացուցչությունը, իսկ TRIPP+ կորպորատիվ հիմնադրամը գլխավորել է Թրամփի ընտրարշավի հովանավորներից մեկը
Հուլիսի 13-ին ելույթ ունենալով Շուշի քաղաքում անցկացված IV մեդիաֆորումում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական հարվածների փոխանակման խորապատկերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դոնալդ Թրամփին անվանել է խաղաղասեր մարդ, որը «խաղաղություն է հաստատում աշխարհի շատ անկյուններում։ Իր իսկ խոսքերով, նա խաղաղության է հասել՝ կարգավորելով ութ հակամարտություն։ Սա է նրա բնավորության ամբողջ էությունը: Այդպիսին է նրա տեսլականը և այդպիսին է նրա քաղաքականությունը»։ Հարավային Կովկասում, ըստ Ադրբեջանի առաջնորդի, «նախագահ Թրամփը և նրա թիմը ներգրավվեցին գործընթացում՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնցում խաղաղությունը հնարավոր դարձավ։ Նրանք լիովին հասկացել են խաղաղ գործընթացի վերաբերյալ մեր մտահոգությունները։
Հստակ գիտակցեցինք Զանգեզուրի միջանցքի ստեղծման անհրաժեշտությունը, որը կմիացնի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանին։ Նրանք շատ արդյունավետ աշխատեցին Հայաստանին համոզելու համար, որ իրեն նույնպես պետք է այս խաղաղությունը», ինչի արդյունքում «տեղի ունեցավ պատմական հանդիպում Սպիտակ տանը, որի ընթացքում Հայաստանի վարչապետը, նախագահ Թրամփը և ես ստորագրեցինք համատեղ հռչակագիր, ինչպես նաև նախագահ Թրամփի ներկայությամբ երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը»։
Ավելի վաղ՝ հուլիսի 7-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը խոսել էր Կասպից ափեր այցելող ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ: Հանդիպման ընթացքում «կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, քաղաքական և տնտեսական համագործակցության օրակարգի, էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կապերի նախագծերի շուրջ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերին»:
Զրուցակիցները քննարկել են «Ադրբեջանի՝ որպես էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում հուսալի գործընկերոջ աճող դերը և մտքեր փոխանակել միջին միջանցքի զարգացման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շուրջ (Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա – այստեղ և այսուհետ) և Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղիները»:
Ընդգծվել է՝ Կասպից ծովով Արևելք-Արևմուտք կապերի ամրապնդման, միջին միջանցքի զարգացման, ինչպես նաև Ալյաթ միջազգային ծովային առևտրային նավահանգստի (Բաքվից հարավ) և դրա շուրջ ստեղծված լոգիստիկ և արդյունաբերական ենթակառուցվածքների շնորհիվ Ադրբեջանը վերածվել է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային և առևտրային հանգույցներից մեկի»:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանների (երկրի վարչատարածքային բաժանման մասեր, որոնք հաստատվել են Ալիևի 2021 թվականի հուլիսի 7-ի հրամանագրով) տարածքներում իրականացվող լայնամասշտաբ վերականգնողական և վերակառուցողական աշխատանքների, «ինչպես նաև այն հնարավորությունների մասին, որոնք տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման համար բացում է տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության գծերի բացումը»։
«Մենք շարունակում ենք աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության մասին խարտիայում (ստորագրվել է Վաշինգտոնում 2026 թ. փետրվարի 10-ին) նշված առաջնահերթ ոլորտների ուղղությամբ, ներառյալ՝ տարածաշրջանային կապերը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, համագործակցությունն անվտանգության ոլորտում և արհեստական բանականությունը»,- հուլիսի 10-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։
Վերոնշյալ Խարտիան լրացնում է հունիսի սկզբին Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված «հազվագյուտ հանքանյութերի և հազվագյուտ հողերի մասին փոխըմբռնման հուշագիրը», որն ընդգրկում է համագործակցությունը հանքարդյունաբերության, վերամշակման և հետախուզության ոլորտներում:
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարի տնտեսության, էներգիայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրրը համանախագահել է նաև հունիսի սկզբին տեղի ունեցած ադրբեջանա-ամերիկյան առաջին տնտեսական երկխոսությունը, որի շրջանակներում «Ադրբեջանի կառավարության հետ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր, ինչպես նաև շուրջ 8 մլրդ դոլար ընդհանուր գումարի առևտրային պայմանագրեր», իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտի կիբեր և թվային քաղաքականության Բյուրոյի ղեկավարությամբ հայտարարվել է Ադրբեջանում «արհեստական ինտելեկտի շաբաթ» անցկացնելու մասին։
Հազվագյուտ հողային հանքանյութերի մասով նկատի է առնվում դրանց համատեղ լրահետախուզումն ու յուրացումը՝ պատրաստվող կոնցեսիոն / վարձակալական պայմանագրերի հիման վրա՝ Նախիջևանի երկրամասում, հյուսիսարևմտյան Ադրբեջանում և, այսպես կոչված, «արևելյան Զանգեզուրում» (նախկին ԼՂԻՄ-ի և Հայաստանի հետ սահմանի միջև ընկած շրջաններում)։
Ոչ պակաս կարևոր է այն, որ մինչև 2026 թվականի վերջը, եթե հավատանք ոչ պաշտոնական տեղեկատվությանը, նախատեսվում է կասպիական Ալյաթ նավահանգստում բացել Վաշինգտոնում կենտրոնակայան ունեցող և շուրջ 20 տարի գործող, Պետդեպարտամենտի կողմից համակարգվող Caspian Policy Center (CPC) հետազոտական կազմակերպության մասնաճյուղը։ Կասպյան տարածաշրջանում տնտեսական, քաղաքական, էներգետիկ և անվտանգության խնդիրների ուսումնասիրման, տարաբնույթ համաժողովների անցկացման, փորձագիտական երկխոսության և այլնի հռչակված նպատակների հետևում, անկասկած, թաքնված է կոնկրետ խնդիրների շատ ավելի լայն շրջանակ։ Օրինակ, վերջերս Վաշինգտոնում կայացած Տրանսկասպյան հերթական համաժողովի ընթացքում առարկայորեն նշվեցին տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակները։ CPC-ի գլխավոր գործադիր տնօրեն Էֆգան Նիֆթիի խոսքերով՝ անցած 10 տարիների ընթացքում «ամրապնդվել է միջին միջանցքի դերը, որը դարձել է Եվրասիայի ամենակենսունակ ճանապարհը դեպի համաշխարհային շուկաներ»:
Երթուղու ինտեգրման և ամրապնդման վառ օրինակ է «2025 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի միացումը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների խորհրդատվական հանդիպումների ձևաչափին՝ որպես լիիրավ մասնակից, և C6 ձևաչափի ձևավորումը. սա աճող ճանաչումն է այն բանի, որ էներգետիկ քաղաքականությունը, տնտեսական միջանցքները և անվտանգության դինամիկան «ավելի ու ավելի են միավորում Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը մեկ ռազմավարական տարածության մեջ»։
Իր հերթին, Թրամփի «խաղաղության խորհրդի» ավագ խորհրդական Արիե Լայթսթոունը և համաժողովի մի քանի այլ մասնակիցներ նշել են, որ Սպիտակ տան տերը և նրա մերձավոր շրջապատը տարածաշրջանը դիտարկում են «ոչ թե՝ որպես երկկողմ հարաբերությունների համակարգ, այլ՝ որպես հետևողական ռազմավարական գործընկերություն»: Ըստ այդմ, Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո (2025թ. օգոստոս) էլ ավելի մեծացավ միջին միջանցքի նկատմամբ քաղաքական-տնտեսական հետաքրքրությունը, ինչի հետ միանգամայն համաձայն էին նաև նախկին ԽՍՀՄ երկրների և Թուրքիայի ներկայացուցիչները։
Լայթսթոունն ուշադրությունը կենտրոնացրել է նաև այն բանի վրա, որ ԱՄՆ-ը արագորեն կավելացնի ներդրումները Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռազմավարական նախագծերում:
Համաժողովի գլխավոր թեմատիկան կոնկրետացրել է Պետդեպարտամենտի «խաղաղ առաքելությունների գծով» հատուկ բանագնացի գրասենյակի ղեկավարը (կա նման բան)՝ Վինայ Չավլան, հստակեցնելով, որ միջին միջանցքն «այլընտրանք չէ այլ միջանցքներին», այլ համապարփակ քաղաքական-տնտեսական նախագիծ է. «մեր ցանկությունն է ապահովել էներգառեսուրսների առատությունը, ընդգրկել տարածաշրջանային շուկայի հնարավորինս մեծ մասը», այսինքն՝ Անդրկովկասը և Կենտրոնական Ասիան:
Համաժողովին բավականին անկեղծ էր հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը՝ ընդգծելով, որ 2024-25 թվականներին այցելելով կենտրոնասիական երկրներ, Բաքու և Երևան՝ «մենք ընդհանուր լեզու գտանք. Ես ապշած էի պետությունների ղեկավարների տոնայնությունից, նրանց տրամադրվածությունից», ավելին՝ «Միացյալ Նահանգների արժեքներին նրանց համապատասխանությունից», «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու» անկեղծ ձգտումից։ Հատկապես, ըստ Ս. Դեյնսի բացատրության, դա վերաբերում է տարանցիկ միջանցքների զարգացմանը, հազվագյուտ ռեսուրսների արդյունահանմանը, թվային տեխնոլոգիաներին։
Մինչդեռ, TRIPP Development Company-ի հետ մեկտեղ, որը նախատեսված է Հայաստանի Սյունիքի մարզում տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների զարգացման համար, հայտնի դարձավ մեկ այլ հիմնադրամի՝ TRIPP+ Enterprise Fund-ի ստեղծման մասին, որի միջոցով ֆինանսավորվելու են տարբեր նախագծեր Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչը, տեսնում ենք, զգալիորեն ավելի լայն է, քան «Թրամփի ճանապարհի» ենթադրյալ հայկական հատվածը։ Այս գրասենյակի միջոցների սկզբնական ծավալը կազմում է մոտ 200 միլիոն դոլար՝ կրկնապատկելու հեռանկարով։
Միջոցների ծագումը դեռևս չի բացահայտվել: TRIPP+ Enterprise Fund-ը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը՝ Լենինգրադում ծնված ներդրող, Չիկագոյում 20 տարվա փորձ ունեցող և համաշխարհային բիզնեսին սերտորեն ինտեգրված, որի կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են Հայաստանում մի քանի հեռահաղորդակցության ընկերությունների, ինչպիսին է Viva Armenia-ն: Սոկոլովը հայտնի է նախագահ Թրամփին իր հետևողական աջակցությամբ՝ ներառյալ ֆինանսական օժանդակությունը, այնպես որ, նրա նշանակումն ունի ոչ միայն զուտ կոմերցիոն, այլև քաղաքական բաղադրիչ։
TRIPP + կորպորատիվ հիմնադրամի ստեղծումն Արևմտյան Ասիան Եվրոպայի հետ կապող ռազմավարական միջանցքի զարգացմանը նպաստելու Ամերիկայի ձգտման հերթական վկայությունն է, գրում է բրիտանական The Guardian-ը:
Ի դեպ, հիմնադրամի նախագծերը դեռ հայտնի չեն (ինչպես նաև կանոնադրությունը, դրամաշնորհների տրամադրման կանոնները և այլն), այնպես որ, նորահայտ կառույցի կենսունակությունը դեռևս հարցականի տակ է։ Ենթադրելի է, որ Թրամփի և նրա կողմնակիցների անհաջողության դեպքում Կոնգրեսի նոյեմբերյան վերընտրություններում առանձին կառույցների կամ անհատների անվանումները կարող են փոխվել, սակայն հետխորհրդային հարավի պետությունների նկատմամբ կայուն հետաքրքրության ընդհանուր վեկտորը կմնա անփոփոխ։
Դմիտրի Նեֆյոդով
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

