Գագիկ Հարությունյանը չի՞ հավատում Տիգրան Սարգսյանին
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալին, նախ ասաց, որ պետք է դիմել իրավական կոնսուլտանտների, ապա նշեց. «Այդ հարցի մասնագետը ես չեմ, չեմ կարող ասել՝ թեմայով չեմ զբաղվել: Իրավունք չունեմ կարծիք հայտնել մի բանի մասին, որը չեմ ուսումնասիրել: Ինձնից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահագումներ մի սպասել: Ամեն ինչ օրենքով է սահմանված: Պետք է ուսումնասիրել այդ երկրի օրենդրությունը, տեսնել… Օֆշոր ասելով չպետք է հասկանաք վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի, կոնկրետ օրենսդրությանը: Պետք է ուսումնասիրել, տեսնել՝ հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ, ճի՞շտ է, սխա՞լ է»:
Հարցին, թե չե՞ք հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, որ հնարավոր չէ առանց տվյալ անձի ներկայության կամ լիազորության օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել, ՍԴ նախագահն արձագանքեց. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես՝ ինչպե՞ս կարող եմ չհավատալ»: Հիշեցնենք, որ այն թեզը, թե օֆշորում հնարավոր է ձեռնարկություն գրանցել ցանկացած մեկի անունով՝ առանց նրա գիտության կամ թույլտվության, առաջինը շրջանառության մեջ դրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կիպրոսի գլխավոր դատախազ Կլերիդեսը, փաստորեն, հերքեց վարչապետին՝ նշելով, որ Կիպրոսի դեպքում նման բան հնարավոր չէ։ Հետևաբար, եթե Գագիկ Հարությունյանը հավատում է Կիպրոսի դատախազին, ապա նա չի կարող հավատալ նաև ՀՀ վարչապետի հայտարարությանը։