Սա կոչվում է рейдерский захват․ Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը ծավալուն ելույթով անդրադարձավ ՀԷՑ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին ու հնչող մեղադրանքներին։
Նա մասնավորապես հիշեցրեց, որ 2015 թ.-ին, երբ ՀԷՑ-ը չէր կառավարվում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից, նախկին սեփականատերը դիմել էր ՀԾԿՀ՝ 17.08 դրամ հոսանքը թանկացնելու համար։
«Ես այդքան միամիտ չեմ, որ հավատամ, թե այս իշխանություններին որևէ մեկը չի զեկուցել ՀԷՑ-ի վիճակի մասին: Եթե անտեղյակ եք, դա, ինձ թվում է, ավելի մեծ խնդիր է, քան տեղյակ եք և չեք ցույց տալիս: ՀԷՑ-ը ռազմավարական նշանակության ընկերություն է, բնականաբար, պետք է տեղյակ լինեիք, գոնե հատուկ ծառայությունների միջոցով: Ի՞նչ է կատարվել, 17,08 դրամ բարձրացնելու ժամանակ, այդ թվում՝ ձեզնից շատերը գեներացրեցիք «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որի ճնշման ներքո նախորդ իշխանությունները հոսանքի գինը բարձրացրեցին 7 դրամով ընդամենը, երբ ՀԷՑ-ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, որովհետև այդ պահի դրությամբ 36 մլրդ դրամ պակասուրդ ուներ և անհրաժեշտ էր 17 դրամ թանկացնել, որ ՀԷՑ-ը սնանկության չգնար։ Այս պարագայում պետությունը 7 դրամ թանկացրեց և փորձեց գտնել մարդ, ով կլինի հայ՝ ՀՀ հողին կպած, քանի որ գիտեք՝ կան շուռ տված հայեր, և այդ հայը Սամվել Կարապետյանն էր, որին նախորդ իշխանությունները խնդրել են, որպեսզի նա ձեռք բերի ՀԷՑ-ը։ 2015 թ.-ի հոկտեմբերին ՀԷՑ-ը ձեռք բերելուց չի եղել որևէ ակնկալիք, որ կարող է շահույթ լինել։ Այն ժամանակ իմ և Սամվել Կարապետյանի միջև եղել է խոսակցություն, թե հնարավո՞ր է արդյոք «0։0» կանգնել, այս ամենով հանդերձ՝ պարոն Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը հոսանքը չի թանկացնելու։
ՀԷՑ-ի նախաձեռնությամբ հոսանքի թանկացումը 0 դրամ է եղել, եթե թանկացել է՝ պետք է նայել, թե ում նախաձեռնությամբ է եղել դա: ՀԷՑ-ը երբեք չի դիմել, որ հոսանքը թանկացվի»,- մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ 2024 թ.-ին ԱԺ-ում լսումներ են եղել, որի ժամանակ այս իշխանությունների «կանտրոլի» տակ գտնվող ՀԾԿՀ-ի ներկայացուցիչն է հարցերին պատասխանել, ՀԷՑ-ի ներկայացուցիչ չի հրավիրվել:
«Հետո տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ ի պաշտպանություն եկեղեցու, որից հետո էլ ոչ թե կառավարությունը, այլ ՔՊ-ն՝ խմբակցության մակարդակով, հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ որի՝ կոլեգիալ մարմնի ղեկավարին տրվեց լիազորություն՝ միանձնյա նշանակել կառավարիչ, սա կոչվում է «рейдерский захват»»,- շեշտեց Դավիթ Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

