Թուրքիայից ու Ադրբեջանից ներմուծումը թափ է հավաքում
Թուրքական և ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան թափ է հավաքում։ Եթե մինչև վերջերս պաշտոնական վիճակագրությունը միայն Թուրքիայի հետ առևտուրն էր արձանագրում, հիմա ավելացել է նաև Ադրբեջանը։ Բայց ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունները միակողմանի բնույթ են կրում։ Այդ հարաբերությունները հիմնված են բացառապես թուրքական ու ադրբեջանական ապրանքների ներմուծումների վրա։
Մինչ Հայաստանի իշխանությունները ոգևորված են հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական շփումներով ու առևտուր անելու ձգտումներով, Հայաստանից ինչպես չկար, այնպես էլ՝ շարունակում են չլինել արտահանումներ այդ երկրներ։
Հայաստանից Թուրքիա արտահանումները գրեթե զրոյական մակարդակի են։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին այդ երկիր է գնացել ընդամենը 330 հազար դոլարի ապրանք։ Սա նույնիսկ արտահանում դժվար է համարել, չնայած անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները նույնիսկ կրկնապատկվել են։
Անցած տարվա առաջին 5 ամիսներին արտահանվել էր գրեթե 160 հազար դոլարի, այս տարի արտահանվել է 330 հազար դոլարի ապրանք։ Արտահանումը կրկնակի ավելացել է, բայց շարունակել է մնալ նույն զրոյական մակարդակին։
Այսպիսի ծավալների պայմաններում նույնիսկ կարևոր էլ չէ, թե ի՞նչ ապրանքներ են գնացել Թուրքիա։
Ադրբեջան արտահանում ընդհանրապես չի իրականացվել։ Փոխարենը՝ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է իր ներկայությունը Հայաստանի ներմուծումների մեջ։ Այդ գործընթացը սկսվեց անցած տարվա վերջից։ Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանից Հայաստան արտահանվեց ոչ մեծ՝ շուրջ 1 մլն դոլարի նավթամթերք։ Այն ժամանակ դա լուրջ դժգոհությունների առիթ տվեց սպառողների շրջանում։ Շատերը հրաժարվում էին ադրբեջանական նավթամթերքների սպառումից։ Սակայն ժամանակի ընթացքում այդ աղմուկը մարեց ու հիմա Ադրբեջանից արտահանում-ներմուծումները Հայաստան սովորական երևույթ են դարձել։
Մինչև հիմա Ադրբեջանից ներմուծումները սահմանափակվել են գերազանցապես նավթամթերքով, բայց ադրբեջանական նավթամթերքն աստիճանաբար ընդլայնում է դիրքերը Հայաստանում։ Արդեն այս տարվա առաջին 5 ամիսներին Ադրբեջանից Հայաստան ներմուծումները հասել են 12.2 մլն դոլարի. հունվարին ներմուծվել է 2.675 միլիոնի, մարտին՝ 3.669 միլիոնի, ապրիլին՝ 4.127 միլիոնի, մայիսին՝ 1.742 միլիոնի ադրբեջանական ապրանք։ Փետրվարին ներմուծումներ չեն եղել։
Ադրբեջանից ներմուծումը Հայաստան շարունակվել է նաև մայիսից հետո, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տվյալներն դեռևս չեն հրապարակվել։
Ի տարբերություն ադրբեջանական ներմուծման, հայկական ապրանքներն այդպես էլ ադրբեջանական շուկա չեն հասնում՝ չնայած Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններին, որ ապրանքային ցանկեր են փոխանակել ու այդպիսի հնարավորություններ դիտարկվում են։ Ամիսներ հետո էլ հայկական որևէ ապրանք Ադրբեջան չի մտել։
Փաստացի հայ-ադրբեջանական առևտուրը, որն այդքան ոգեշնչել էր Հայաստանի ղեկավարությանը, կրում է գերազանցապես միակողմանի բնույթ։ Հայկական ապրանքների մուտքն ադրբեջանական շուկա շարունակում է փակ մնալ, իսկ ադրբեջանական ապրանքների, մասնավորապես՝ նավթամթեքների ներմուծումը Հայաստան, գնալով թափ է հավաքում։
Նույնը տեղի է ունենում նաև թուրքական ապրանքների պարագայում։ Չնայած, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան վերջին տարիներին միշտ էլ բավական մեծ ներկայություն է ունեցել Հայաստանի ներմուծման մեջ, տարեկան 300-350 մլն դոլարի թուրքական ապրանքներ են գալիս Հայաստան։
Այս տարի թուրքական ապրանքների հոսքերը շատ ավելի մեծ տեմպերով են աճել, որքան էլ Թուրքիայի հետ սահմանը շարունակում է փակ լինել ու այդ առումով ոչինչ չի փոխվել։
Վերջերս, իհարկե, թուրքական իշխանությունները խորհրդարանական ընտրություններից առաջ, ի աջակցություն հայաստանյան իրենց գործընկերների, առևտրային հարաբերությունների մեջ խորհրդանշական քայլ կատարեցին և «մեծահոգաբար» Հայաստանը ներառեցին թուրքական ծագման ապրանքներ ներմուծող երկրների մեջ։ Եթե մինչ այդ թուրքական ապրանքները Հայաստան էին գալիս երրորդ երկրների, մասնավորապես՝ Վրաստանի անվան տակ, արդեն, որպես ստացող երկիր՝ նշվելու է Հայաստանը։
Սա, իհարկե, ոչինչ չի տալու Հայաստանի տնտեսությանն, ու դրանից հայկական ապրանքների արտահանումը թուրքական շուկա ոչինչ չի շահելու։ Այն պարագայում, երբ փակ սահմանի պայմաններում այս տարի ռեկորդային արտահանում է արձանագրվել Թուրքիայից Հայաստան՝ 5 ամսում ավելի քան 185 մլն դոլարի։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում անհամեմատ ավելի քիչ էր՝ 128 մլն դոլարի սահմաններում էր։
Այս տարի թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան 57 միլիոնով կամ 44 տոկոսով ավելացել Է։ Նույն տեմպերով գնալու պարագայում մինչև տարեվերջ այն կարող է հասնել ընդհուպ 500 մլն դոլարի։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ բացվի սահմանը։ Զամրանալի չէ, որ այս պահին հայ-թուրքական առևտրի պոտենցիալը թուրքական կողմը գնահատում է տարեկան 1 մլրդ դոլար։ Հասկանալի է, որ այդ պոտենցիալը բաժին է ընկնելու գերազանցապես թուրքական ներմուծումներին։ Սահմանի բացումից, լոգիստիկ խնդիրների դյուրացումից և տեղափոխման ծախսերի կրճատումից հետո, թուքական ապրանքների հոսքն էլ ավելի կմեծանա։ Թուրքիայի գործարարները մեծ ախորժակ ունեն Հայաստանի շուկայի նկատմամբ։ Թուքական ապրանքների մրցունակությունն ավելի կբարձրանա սահմանների բացումից հետո՝ խնդիրներ ստեղծելով տեղական տարբեր ապրանքների ու հատկապես գյուղմթերքների արտադրությամբ զբաղվողների համար։
Այսօր էլ Թուրքիան տարբեր ապրանքներով՝ հագուստ, սնունդ, մետաղներ, կենցաղային միջոցներ, շինարարական նյութեր, քիմիական արտադրանք և այլն, գրոհում է Հայաստանի սպառողական շուկաները։ Իսկ Հայաստանը շարունակում է ներկայություն չունենալ թուրքական շուկայում։ Հազիվ էլ թե շատ բան կփոխվի նաև սահմանի բացումից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

