Ինչպե՞ս Մասկի հետ նմանությունն օգնեց չինացուն ծաղկեցնել իր բիզնեսը
Չինացի շեֆ խոհարարը դարձել է համացանցի աստղ․ պատճառն Իլոն Մասկին նրա ապշեցուցիչ նմանությունն է․ գրում է China South Morning Post-ը։
48-ամյա Մա Ցզյանպինը «Յիլան» ռեստորանի համասեփականատերն է․ նա ոչ միայն համասեփականատեր է, այլ նաև այստեղ ցուցադրում է իր խոհարարական հմտությունները։ Ման տարիներ շարունակ աշխատել է որպես էլեկտրիկ՝ նախքան սննդի ոլորտ մուտք գործելը։
Հուլիսի 26-ին հրապարակված տեսանյութը, որտեղ Ման իր ռեստորանում ուտեստներ է մատուցում, մեծ տարածում է գտել Douyin հարթակում՝ հավաքելով ավելի քան 1․3 միլիոն հավանում (like):
Hongxing News-ի հաղորդմամբ՝ հաճախորդները Մայի և Մասկի արտաքին նմանությունը նկատել էին դեռևս համացանցում նրա հայտնի դառնալուց առաջ։ Այս զուգադիպությունն է՛լ ավելի ուշագրավ է այն պատճառով, որ նրա ազգանունը՝ «Մա», հնչողությամբ մոտ է «Մասկ» ազգանվանը։
Ման լրագրողների հետ զրույցում նշել է, որ անսպասելի հայտնիությունն իրեն ամաչեցնում և անհանգստություն է պատճառում։ Նրա խոսքով՝ նախկինում քիչ այցելուներ ունեցող ռեստորանի ծանրաբեռնվածությունն ավելացել է․ շատերը գալիս են հատուկ իրեն հանդիպելու, լուսանկարվելու և ձեռքը սեղմելու համար։
Ռեստորանի այցելուներից մեկը նշել է, որ չնայած ձեռք բերած հայտնիությանը, Ման պահպանել է նախկին գները։
Մայի խոսքով՝ արդեն ավելի քան մեկ տասնյակ մարդ դիմել է իրեն՝ բիզնես առաջարկներով, նա, սակայն, նախընտրում է կենտրոնանալ իր ռեստորանի աշխատանքի վրա։

