Պետք չէ մարքետինգային ծրագիր անես, որ ռուս գնորդին ծանոթացնես հայկական կոնյակի հետ. Վարդան Արամյան

Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը՝ Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանը, ներկայացրեց արտահանման հեռավորության չափման նոր գործիքի հնարավորությունները:

«Հայաստանի ֆիզիկական հեռավորությունը Ռուսաստանի հետ 2081 կմ է: Երբ մենք հաշվի ենք առնում մշակութային, աշխարհագրական, ադմինիստրատիվ և տնտեսական գործոնները, հեռավորությունը կրճատվում է՝ հասնելով 1598 կմ-ի: Սա նշանակում է, որ ռուսական շուկան հեշտացված է մեզ համար: Սա՝ դեռ նկատի չունենալով մեր Սփյուռքի գոյությունը, որը մեր տնտեսվարողին օգնում է: Հայ գնորդը Ռուսաստանում հայկական ծիրանը նախընտրում է ուզբեկական ծիրանից, որն ավելի էժան է: Պետք չէ մարքետինգային ծրագիր անես, որ ռուս գնորդին ծանոթացնես հայկական կոնյակի հետ, որովհետև մենք միևնույն ԽՍՀՄ տարածքի ժողովուրդ ենք»,- ասաց Վարդան Արամյանը:

Ըստ նրա չափումների՝ ի հակառակ՝ Հայաստանից Գերմանիա հեռավորությունն ուղիղ գծով 2934 կմ է: Եթե մենք հաշվի ենք առնում վերոնշյալ այդ 4 գործոնները, հեռավորությունը դառնում է 3550 կմ: Սա նշանակում է, որ հավասար պայմաններում հայ տնտեսվարողները գերմանական շուկա մտնելու համար պետք է ավելի շատ ծախսեր անեն՝ հաղթահարելու համար նշված 4 բարիերները: 

«Նիդերլանդների 3264 կմ-ն դառնում է 3871 կմ, Ուկրաինայի 1327-ը՝ 1335 կմ. շարքը կարելի է շարունակելԻսկ ԵԱՏՄ երկրների պարագայում, ոչ միայն Ռուսաստանի դեպքում, այլև բոլոր երկրների պարագայում հեռավորությունը նվազում էՍա նշանակում է, որ հայ տնտեսվարողի համար Ռուսաստան և ԵԱՏՄ բոլոր այլ, այդ թվում՝ նախկին ԽՍՀՄ երկրներ արտահանելն ավելի ձեռնտու է»,- ասաց ֆինանսների նախկին նախարարը:

Կարդացեք նաև

Ո՞րն է հեռավորության չափման այդ գործիքը

CAGE շրջանակը (CAGE Distance Framework) Փանկաջ Ջեմավաթի (Pankaj Ghemawat) կողմից ստեղծված գործիք է, որն օգնում է ընկերություններին և վերլուծաբաններին գնահատել երկրների միջև եղած իրական հեռավորությունը և ռիսկերը՝ նախքան միջազգային շուկա դուրս գալը։ Այն ցույց է տալիս, որ հեռավորությունը միայն կիլոմետրերը չեն։ CAGE-ը հապավում է, որը բաղկացած է 4 հիմնական չափումներից.

1. C- Cultural Distance (Մշակութային հեռավորություն)

Տարբերությունները երկրների սոցիալական նորմերի, արժեքների և հաղորդակցության միջև։

Ինչն է մեծացնում հեռավորությունը. Տարբեր լեզուները, կրոնները, էթնիկական տարբերությունները և սոցիալական վստահության մակարդակը։

Ազդեցությունը. Ազդում է սպառողների նախապատվությունների (օրինակ՝ սնունդ, մեդիա արտադրանք) և բիզնես բանակցությունների ոճի վրա։

2. A- Administrative Distance (Վարչական/Քաղաքական հեռավորություն)

Պետական, իրավական և քաղաքական համակարգերի միջև եղած տարբերությունները կամ կապերը։

Ինչն է փոքրացնում հեռավորությունը. Ընդհանուր պատմությունը (օրինակ՝ նախկին գաղութային կապերը կամ ընդհանուր խորհրդային անցյալը), միևնույն արժույթի կիրառումը, առևտրային բլոկներին անդամակցությունը (օրինակ՝ ԵԱՏՄ, ԵՄ)։

Ինչն է մեծացնում. Քաղաքական թշնամանքը, պատժամիջոցները, բյուրոկրատիան, պրոտեկցիոնիստական (տեղական արտադրողին պաշտպանող) քաղաքականությունը։

3. G- Geographic Distance (Աշխարհագրական հեռավորություն)

Ֆիզիկական և տարածական գործոնները երկրների միջև։

Ինչն է ներառում. Ֆիզիկական հեռավորությունը (կիլոմետրերով), ցամաքային սահմանների առկայությունը, դեպի ծով ելք չունենալը, ժամային գոտիների տարբերությունը, կլիման և տրանսպորտային/լոգիստիկ ենթակառուցվածքների որակը։

Ազդեցությունը. Ուղղակիորեն ազդում է տրանսպորտային ծախսերի, մատակարարման շղթաների արագության և հաղորդակցության վրա։

4. E- Economic Distance (Տնտեսական հեռավորություն)

Երկրների տնտեսական զարգացվածության, հարստության և ռեսուրսների անհամապատասխանությունը։

Ինչն է ներառում. Բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը (ՀՆԱ), աշխատուժի արժեքն ու որակը, ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և բնական ռեսուրսների հասանելիությունը։

Ազդեցությունը. Որոշում է, թե արդյո՞ք տեղական շուկան ունի բավարար գնողունակություն, կամ արդյո՞ք ձեռնտու է այնտեղ արտադրություն հիմնել (օրինակ՝ էժան աշխատուժի հաշվին)։

CAGE շրջանակի գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ ընկերություններին ընկնել «գլոբալ պատրանքի» մեջ։ Այն ստիպում է տեսնել այն թաքնված արգելքները, որոնք կարող են ձախողել անգամ թղթի վրա կատարյալ թվացող միջազգային ծրագրերը։

Այսպիսով, երբ, օրինակ, Հայաստանից Գերմանիա արտահանումների դեպքում 4 բարիերները հաշվարկվում են, էֆեկտիվ հեռավորությունը մեծանում է (թեև ֆիզիկապես այնքան էլ հեռու չէ), իսկ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դեպքում՝ ընդհակառակը, ինտեգրացիոն ու պատմամշակութային գործոնների հաշվին «կրճատվում է»՝ շուկան դարձնելով ավելի հասանելի ու շահավետ տեղական արտահանողի համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930