ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Վարդապետյանին

ՀՀ պահեստազորի զիծառայողների նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ` Ա. Վարդապետյանին։

«Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 22.07.2026 թ. Ձեզ է հասցեագրվել թիվ 2130114 դիմում-բողոք/հաղորդումը՝ «Օլիմպավան» մարզահամալիրում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ենթադրյալ ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ։

Դիմումում նշել էի, որ «Օլիմպավան» մարզահամալիրում ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը չի համապատասխանում համաչափության և անհրաժեշտության սկզբունքներին, անհիմն սահմանափակում է մարզահամալիրում պարապող երեխաների, մարզիկների և այլ օրինական օգտվողների իրավունքները, ինչպես նաև հանգեցնում է նրանց օրինական շահերի անհամաչափ սահմանափակման։

Միաժամանակ խնդրել էի, Ձեր լիազորությունների շրջանակներում, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց մարզական գործընթացի բնականոն և անընդհատ շարունակականության ապահովման ուղղությամբ։

Սակայն մինչ օրս ինձ չի տրամադրվել որևէ տեղեկություն դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ Ձեր կողմից իրականացված ուսումնասիրությունների, տրված հանձնարարականների կամ ձեռնարկված այլ միջոցառումների վերաբերյալ։ Նման պայմաններում հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Դուք փաստացի կիսում եք քննչական մարմնի որդեգրած այն մոտեցումը, համաձայն որի՝ ամբողջ մարզահամալիրի կապարակնքումը դիտարկվում է որպես անհրաժեշտ և իրավաչափ միջոց։ Մինչդեռ ենթադրյալ տնտեսական բնույթի հանցագործության առկայությունն ինքնին չի կարող իրավական բավարար հիմք հանդիսանալ ամբողջ մարզահամալիրի գործունեության կասեցման և երրորդ անձանց իրավունքների ու օրինական շահերի նման ծավալով սահմանափակման համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ տեղեկացնել, թե Ձեր կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվել կամ նախատեսվում են ձեռնարկվել «Օլիմպավան» մարզահամալիրում պարապող երեխաների և մարզիկների խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև նրանց օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։

Խնդրում եմ նաև հայտնել, արդյոք Ձեր կողմից իրավասու մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ, ցուցումներ կամ առաջարկություններ՝ նշված իրավունքների խախտումները վերացնելու և հետագայում նման խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31