Փաշինյան-Պուտին անհաջող բանակցություններից հետո հարաբերությունները մտնում են ճգնաժամի նոր փուլ

Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները թևակոխել են որակապես նոր՝ բացահայտ առճակատման և կառուցվածքային խզման փուլ, որի հիմքերը դրվել էին դեռևս նախընտրական շրջանում և սրվել աշխարհաքաղաքական հակասությունների համատեքստում։

Երկկողմ դիվանագիտական լարվածությունը հասել է կրիտիկական հանգրվանի, երբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տնտեսական ու քաղաքական հիմնարար հարցերի շուրջ։

Մոսկվան Երևանից պահանջում է կողմնորոշվել՝ ընթանալ դեպի ԵՄ կամ պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ սեղմ ժամկետներում հանրաքվե իրականացնելով, իսկ Երևանը Ռուսաստանից պահանջում է վերացնել սահմանափակումները, որոնք հակասում են ԵԱՏՄ-ի և երկկողմ իրավապայմանագրային բազային:

Տնտեսական ճնշումները մեղմելու նպատակով ընտրություններից հետո Նիկոլի Փաշինյանի հերթական քայլը՝ զանգը Պուտինին, կարծես ավելի է սրել երկկողմ մթնոլորտը, չհանգեցնելով կողմերի միջև որևէ փոխըմբռնման: Խորհրդարանական ընտրություններից հետո չստանալով Ռուսաստանից ՀՀ-ում կայացած ընտրությունների վերաբերյալ որևէ արձագանք՝ Փաշինյանը նախաձեռնեց զանգ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, ինչին հաջորդեց նաև նրա այցը Ռուսաստան և այնտեղ հանդիպումը Միշուստինի հետ։

Կարդացեք նաև

Հանդիպման օրակարգում հայ-ռուսական տնտեսական խնդիրներն էին, սակայն այդ հանդիպումն առարկայական արդյունք չտվեց, դրանից կարճ ժամանակ անց ՌԴ-ն արգելեց արդեն հայկական կաթնամթերքի մուտքը ռուսական շուկա:

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը ևս կարծես չփոխեց իրավիճակը. դատելով հաղորդագրություններից՝ Պուտինը կրկնել է Ռուսաստանի վերջնագիրը Հայաստանին, սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնելու պահանջը, իսկ Փաշինյանը ՝ նշել, որ հանրաքվե ներկայումս չի կարող լինել, քանի որ Հայաստանը ներկայումս չի դիմում ԵՄ անդամակցության հայտով:

Ըստ Փաշինյանի՝ նման հարց այս պահին գոյություն չունի: Անհաջող բանակցություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով՝ նշելով՝ Եվրասիական տնտեսական միությունը դե ֆակտո «կաթվածահար է և չի գործում»։

Փաշինյանը հայտարարեց. «ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»։

Նա նաև ասաց, թե չի կարող ՌԴ-ի զգացմունքների մասին ասել։

«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն խնդիր է տեսնում այդտեղ: Այդտեղ էլ էքսկլյուզիվության բաղադրիչ կա: Խնդիրը հետևյալն է՝ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն: Մենք չենք ընդունում այդ մոտեցումը»,- հայտարարեց նա։ Ըստ Փաշինյանի՝ Երևանն ունի «լեգիտիմ դիրքորոշում», այն է՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ «Խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ, որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- շեշտեց նա։

Փաշինյանը նաև ակնարկեց, որ 30 տարի ՀՀ-ում շատ բաներ եղել են անվճար, և կարող է այնպես ստացվել, որ Հայաստանը սկսի տարեկան 2 միլիարդ դոլար պահանջել: Սա նա ասաց՝ անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի շուրջ ստեղծված տարաձայնությանը:

Առաջիկայում ԵԱՏՄ միջկառավարական նիստը, որը տեղի է ունենում վարչապետների մակարդակով, բավականին թեժ է լինելու թերևս, քանի որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ չհրաժարվելով ԵԱՏՄ անդամակցությունից, սակայն ԵԱՏՄ-ն որակելով՝ որպես կաթվածահար եղած կառույց, ՀՀ իշխանությունները փորձելու են ԵԱՏՄ իրավա-պայմանագրային հնարավորություններն օգտագործել և հրապարակային բարձրացնել հարցերը, որոնք հուզում են ՀՀ իշխանություններին:

Այս համատեքստում հատկանշական է դիտարկել Ռուսաստանի ավանդական մոտեցումն արտաքին քաղաքականության և տնտեսության փոխկապակցվածության նկատմամբ: Մոսկվայի քաղաքական փիլիսոփայության մեջ երկկողմ դաշնակցային հարաբերությունները և տնտեսական արտոնությունները, որպես կանոն, գտնվում են անբաժանելի միասնության մեջ, և Ռուսաստանի ղեկավարության կոշտ դիրքավորումը պայմանավորված է հենց այս հանգամանքով:

Երևանի մոտեցումը՝ քաղաքական վստահելի հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ, իսկ Ռուսաստանի հետ պահպանել տնտեսական գործընկերությունն՝ օգտվելով արտոնյալ ռեժիմներից, անընդունելի է ՌԴ ղեկավարության համար:

Հեռախոսազրույցից հետո Փաշինյանի սրած հռետորաբանությունը ցույց է տալիս, որ ըստ ամենայնի հեռախոսազրույցը հայկական կողմի համար չի ստացվել, կողմերը նույնիսկ առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Մոսկվան այս փուլում Երևանից կարծես ակնկալում է մեկ բան՝ կողմնորոշվել ԵԱՏՄ-ից ելքի կամ անդամակցությունը պահպանելու որոշման հարցում:

Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև արտաքին դերակատարների ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների ընթացքի վրա։ Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է համագործակցությունը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ՝ թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական ուղղություններով։

Այդ գործընթացը Մոսկվայում ընկալվում է ոչ թե՝ որպես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, այլ՝ որպես Ռուսաստանի ազդեցության գոտուց աստիճանական հեռացման ռազմավարություն։ Հենց այդ ընկալման շրջանակում են դիտարկվում նաև տնտեսական սահմանափակումները, որոնք ռուսական կողմի համար կարող են ծառայել որպես քաղաքական ազդակ՝ ցույց տալու, որ ռազմավարական գործընկերությունը չի կարող սահմանափակվել միայն տնտեսական շահերով։

Միևնույն ժամանակ, Երևանի հաշվարկն, ըստ ամենայնի, հիմնված է այն համոզման վրա, որ ԵԱՏՄ պայմանագրային մեխանիզմներն ու միջազգային իրավական գործիքները հնարավորություն են տալիս պաշտպանել հայկական կողմի շահերը՝ առանց կազմակերպությունից դուրս գալու կամ արտաքին քաղաքական ընտրության հարցում վերջնական որոշում կայացնելու։

Հետևաբար՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ հայ-ռուսական հարաբերությունների համար որոշիչ փուլ։ Եթե տնտեսական տարաձայնությունները չլուծվեն, իսկ քաղաքական հռետորաբանությունը շարունակի կոշտանալ, ապա երկկողմ հարաբերությունները կարող են աստիճանաբար տեղափոխվել երկարաժամկետ համակարգային ճգնաժամի դաշտ՝ ազդելով ոչ միայն առևտրատնտեսական համագործակցության, այլև տարածաշրջանային անվտանգության և ինտեգրացիոն գործընթացների վրա։

Միևնույն ժամանակ, չի կարելի բացառել նաև բանակցային նոր փորձերը, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը շարունակում են ունենալ փոխադարձ շահեր էներգետիկայի, տրանսպորտի, միգրացիայի և առևտրի ոլորտներում։

Սակայն ակնհայտ է, որ նախկին «քաղաքական տարաձայնություններ՝ տնտեսական համագործակցության պահպանմամբ» մոդելը գնալով ավելի դժվար իրագործելի է դառնում, և երկու կողմերն էլ կանգնած են ռազմավարական ընտրությունների անհրաժեշտության առաջ, որոնց արդյունքները կարող են էապես վերափոխել ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, այլև Հարավային Կովկասում ուժերի ընդհանուր դասավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31