Փաշինյանը պատրաստվում է ԵԱՏՄ միջկառավարական նիստին․ ԵԱՏՄ-ին իր պայմաննե՞րն է թելադրելու

Իր հետարձակուրդյան առաջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագով անդրադարձավ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակին՝ այն անվանելով ոչ թե ճգնաժամ, այլ հնարավորություն։

Նա հայտարարեց, որ կմասնակցի օգոստոսի 6-7-ը նախատեսված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա ակնարկեց, որ  Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն է,  հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չէ, իսկ հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են, և  տեսնում են, որ տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն:

Կարդացեք նաև

«Այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչի մասով ես արդեն ասել եմ, որ Հայաստանը որոշում է կայացրել այլընտրանքներ ունենալ, մինչդեռ նախկինում դրանք չկային։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև, այդ թվում, քաղաքական այլընտրանքներին»,- հավելեց Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը մի շարք պետությունների հետ ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթղթեր է ստորագրել, մինչդեռ նախկինում նման բան պարզապես չկար։

«ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում՝ քաղաքական առումով։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերությունները չպետք է լինեն, մենք չեն ընդունում դա։ Մենք ասում ենք՝ հարաբերությունները բացառիկ չեն, բայց դրանք պետք է գոյություն ունենան։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե ինչպիսի գործընկեր է ՀՀ-ն Ռուսաստանի համար, ինչու չկա վստահություն Հայաստանի նկատմամբ։ Փաշինյանն ասաց, թե ում ինչ էր արել Հայաստանը, երբ Լուկաշենկոն հայտարարեց, թե ում է պետք Հայաստանը։ «Տեսաք՝ ում էր պետք»,- նշեց Փաշինյանը։

Նա նաև պարզաբանեց, որ Պուտինի հետ զրույցում երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել։ «Բայց մեր դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում: Ես ուզում եմ շատ հստակ լինել այս հարցով, այլընտրանք չկա սրան: Այդ հարցը պետք  է լուծվի, ես ուզում եմ շատ հստակ լինի։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այս խնդիրը լուծենք»,- նշեց նա:

Փաշինյանի հայտարարությունները, առաջին հայացքից, ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվելու արտաքին քաղաքական ներկայիս կուրսից կամ փոփոխելու որոշ որոշումներ։ Այս հայտարարությունները  փաստացի նախապատրաստում են Հայաստանի դիրքավորումը ԵԱՏՄ առաջիկա միջկառավարական խորհրդի նիստից առաջ՝ ձևավորելով բանակցային այն շրջանակը, որով Երևանը պատրաստվում է հանդես գալ միության ներսում։

Ուշագրավ է, որ Փաշինյանը  միաժամանակ օգտագործում է երկու ուղերձ։ Մի կողմից՝ հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն «կաթվածահար» է, և, եթե պայմանագրային դրույթները չեն գործում, ապա չի գործում նաև ամբողջ միությունը։

Մյուս կողմից՝ չի խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ մասնակցությունը վերանայելու մասին, այլ հակառակը՝ հայտարարում է, որ անձամբ մասնակցելու է նիստին և հենց այդ հարթակում է բարձրացնելու բոլոր խնդիրները։ Այս երկակի մոտեցումը հուշում է, որ Երևանի նպատակը տվյալ փուլում ոչ թե ինտեգրացիոն կառույցից հրաժարվելն է, այլ դրա ներսում քաղաքական և իրավական ճնշման մեխանիզմների կիրառումը՝ սեփական օրակարգն առաջ մղելու համար։

Սակայն առավել ուշագրավ էր «այլընտրանքների» մասին Փաշինյանի հերթական հայտարարությունը։ Թեև դեռ հասկանալի չէ, թե ինչ այլընտրանքներ են ձևավորվելու Հայաստանի համար, և եթե եվրոպական շուկան բացվում է Հայաստանի առջև, ինչո՞ւ է հայկական կողմը Ռուսասանից խնդրում վերացնել տնտեսական սահմանափակումները, ՀՀ իշխանությունները շարունակում են ցույց տալ, որ գնում են քաղաքական, տնտեսական, անվտանգային դիվերսիֆիկացիայի ճանապարհով։

Սակայն այստեղ առաջանում է առանցքային հարցը. որքանո՞վ է այս մոտեցումը համատեղելի ԵԱՏՄ ներկայիս տրամաբանության հետ։ Չնայած միությունը պաշտոնապես տնտեսական կառույց է, դրա ներսում քաղաքական գործոնը մշտապես ունեցել է վճռորոշ նշանակություն։ Ռուսաստանը, լինելով միության խոշորագույն տնտեսությունն ու հիմնական քաղաքական կենտրոնը, բնականաբար, ակնկալում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական փոխադարձ վստահություն անդամ պետությունների հետ հարաբերություններում։

Հենց այդ պատճառով էլ Երևանի կողմից «քաղաքական այլընտրանքների» մասին շեշտադրումները Մոսկվայում հաճախ ընկալվում են ոչ թե՝ որպես ինքնիշխան արտաքին քաղաքականության դրսևորում, այլ՝ որպես Ռուսաստանի ազդեցության սահմանափակման հետևողական քաղաքականություն։

Այս ֆոնին օգոստոսի 6-7-ի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական օրակարգի քննարկման հարթակ, այլև հայ-ռուսական հարաբերությունների հերթական քաղաքական փորձությունը։

Փաշինյանը, ըստ էության, արդեն հրապարակայնորեն ձևակերպել է այն պահանջները, որոնցով ներկայանալու է նիստին և կոնսենսուսի բացակայության դեպքում շարունակելու բարձրացնել խնդիրները՝ վնասելով ԵԱՏՄ հեղինակությանը։

Միաժամանակ չի կարելի անտեսել նաև Փաշինյանի հայտարարությունների ներքաղաքական հասցեատիրոջը։

«ԵԱՏՄ-ն կաթվածահար է» ձևակերպումը ոչ միայն արտաքին ազդակ է Մոսկվային, այլև փորձ՝ հայկական հանրության համար հիմնավորելու, թե ինչու է Հայաստանը շարունակաբար խորացնում հարաբերություններն այլ միջազգային դերակատարների հետ։

Այսինքն՝ Փաշինյանը փորձում է արտաքին քաղաքական բազմավեկտորության անհրաժեշտությունը ներկայացնել ոչ թե՝ որպես գաղափարական ընտրություն, այլ՝ որպես պարտադրված հետևանք այն իրավիճակի, երբ գործող ինտեգրացիոն մեխանիզմները, ըստ Երևանի, այլևս չեն ապահովում Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանությունը։

Հենց այս համատեքստում է պետք դիտարկել նաև Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը «ճգնաժամ» չանվանելու, այլ «հնարավորություն» որակելու հայտարարությունը։ Այդ ձևակերպումը, հավանաբար, արտացոլում է Երևանի հաշվարկը, որ ներկայիս լարվածությունը կարող է օգտագործվել հարաբերությունների նոր մոդել ձևավորելու փորձի և նոր շուկաներ գտնելու համար։

Հարցն այն է, թե արդյո՞ք նման հավասարակշռությունը նույնքան ընդունելի է նաև Մոսկվայի համար, քանի որ վերջին տարիների ռուսական քաղաքականությունը ցույց է տալիս, որ Կրեմլը հետխորհրդային ինտեգրացիոն նախագծերում տնտեսական և քաղաքական բաղադրիչները շարունակում է դիտարկել որպես փոխկապակցված և միմյանցից դժվար տարանջատվող տարրեր։

Պատասխանն այս հարցին պարզից էլ պարզ է, սակայն դեռ հասկանալի չէ, թե այս ճգնաժամը խորանալու ինչ «ներուժ» ունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031