Երեխայի ինֆեկցիայի հնարավոր վարկածն առնետի հպումն է
Հիվանդանոցում երկարատև բուժում ստանալուց հետո՝ արդեն քանի օր է` Ալեքսը վերադարձել է տուն՝ աննկարագրելի հյուծված, գունատ: Երեք ամիս անլույս ապրելուց հետո առնետները գրոհ են սկսել նրանց վարձակալած բնակարանում: Կատարվածից հետո երեխայի ծնողներն անքուն գիշերներ անցկացնելով՝ նրանց առնետներից պաշտպանելու համար, հերթապահում են: Երկու մանկահասակ երեխաների մայր Ազնիվն ասում է՝ փոքրիկի ինքնազգացողությունն անսպասելի վատացել է, բայց չեն հասկացել՝ ի՞նչ է կատարվում: Շտապօգնություն կանչելուց հետո երեխային անմիջապես տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
«Բանից պարզվեց` աղիքային ինֆեկցիա էր, ընդ որում՝ հնարավոր վարկածը առնետի հետ շփումն է: Ես ամեն բան անում եմ երեխաներիս դրանցից պաշտպանելու համար, բայց մասնագետներն ասացին՝ հնարավոր է` առնետը հպվել է խաղալիքին կամ հագուստին, ու երեխան շփվել է դրա հետ: Սարսափելի ա, չգիտեմ՝ ոնց ա լինելու: Ինչ հիվանդանոցից եկել ենք՝ քուն ու դադար չունեմ, վախի ու սարսափի մեջ եմ ապրում:
Դարձել եմ հիվանդ, անընդհատ շուրջս եմ նայում»,- ասում է 28-ամյա կինը, ով թեև ուշադիր մայր է, այդուհանդերձ, անկարող է հաղթահարել կենցաղավարությունը: Հինգ տարեկան Լիլիթն ականատես է եղել անկողնու մեջ հայտնված առնետի տեսարանին ու, չնայած այս ամենին, շարունակում են ապրել մի տան մեջ, որի հատակից առնետների «զորքը», մասնավորապես՝ գիշերային ժամերին, տեղաշարժվում է դեպի վեր:
Ազնիվն ամուսնու և երեխաների հետ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենց փողոցի 2-րդ նրբանցքի 13 տանը, որը ոչ այն է` խրճիթ է, ոչ այն է՝ խորդանոց, ոչ այն է` մարդկանց ապրելու վայր է, ոչ այն է՝ առնետների բնակավայր: Անտուն ամուսիններն, արդեն քանի տարի է՝ 30.000 դրամ վարձավճարով ապրում են այդ տանը, բայց չորս ամսվա գումարը չվճարելու համար շուտով կհայտնվեն դրսում:
«Տանտերը մեղավոր չի, մենք էս վերջին մի քանի ամիսը ընդհանրապես չենք կարողանում ապրել: Ձմեռվանից մնացած հոսանքի պարտք ունեինք, հազիվ դրա կեսը մարեցինք, իսկ վարձը չենք հասցնում: Ինքը ասում ա՝ դուք շատ լավ երեխեք եք, չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ես էլ էդ վարձի գումարով եմ ապրում: Ուրիշ տուն ման ենք գալիս, բայց 40.000-ից պակաս չկա, չենք կարող էդքան վճարել»,- ասում է Ազնիվը, ում ամուսինն արդեն չորս գիշեր է՝ տուն չի գալիս, շուրջօրյա բանվորություն է անում` գոնե մեկ ամսվա տան վարձը հայթայթելու համար: Ազնիվն ու Նուբարը լավ ամուսիններ են ու առայժմ հաղթահարում են անհաղթահարելին, բայց հասկանում են, որ այլևս ապրել չկարողանալուն դիմադրելու համար վատնում են մարդկային վերջին ռեսուրսները:
Երկու երեխաների հայրը չափազանց աշխատասեր մարդ է: Շուկաներում բեռնաթափում իրականացնելով՝ օրական վաստակում է ընդամենը 1000-1500 դրամ: Կինն ասում է. «Ինքը շատ շնորհքով ա, ամեն գործից գլուխ հանում ա՝ բնակարանի վերանորոգում, էլեկտրականության հետ կապված աշխատանք, բայց նման աշխատանքներ չի գտնում: Մեքենաներից բեռներ ա կրում, ու շատ ծանր աշխատանք ա:
Պատկերացրեք, արդեն քանի օր ա՝ գիշերներն էլ ա աշխատում, բայց վախենում եմ` առողջությունը կորցնի, չի էլ քնում»: Ազնիվն ասում է, որ առաջնեկի՝ Լիլիթի երեք տարեկանը լրանալուց հետո նրան տարել է մանկապարտեզ ու ամուսնուն օգնելու համար Մալաթիայի շուկայում սուրճ վաճառելով գումար է վաստակել: 28 տարեկան այս կինն ինքնավստահ պատմում է, որ երբեք չի ամաչել նման աշխատանք կատարելուց, անգամ պաղպաղակ է վաճառել, ու եթե ներկայիս կարգավիճակը թույլ տար՝ հավաքարարություն անելով կվաստակեր: Երրորդ հղիությունն է տանում: Ասում է. «Երրորդին պատրաստ չէինք, չնայած երկուսս էլ էդպիսի երազանք ունեինք՝ ունենալ 4-5 երեխա: Այս հղիությունը չնախատեսված էր: Հաշվի առնելով էն հանգամանքը, որ չենք կարողանում գոյատևել` որոշեցինք…, բայց մասնագետներն ասացին՝ խնդիր կա, եթե հղիությունը դադարեցնենք՝ կյանքիս սպառնացող վտանգ կառաջանա: Ախր եթե կարողանայինք ոտքի կանգնել, երեքը չէ՝ հինգ երեխա կմեծացնեինք: Մենք շատ ենք սիրում երեխաներ»:
«Սամվել Ալեքսանյանը 10.000 դրամ տվեց, ասեց՝ ինձ կընտրեք, հետո էլի կտամ»
Ծայրահեղ վատ պայմաններում բնակվող այս ընտանիքն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում՝ փաստացի գրանցում չունենալու պատրվակով: Տանտերը հրաժարվում է նրանց գրանցել, իսկ սոցիալական ծառայության գրասենյակից փաստացի գրանցում են պահանջում: Ազնիվը չծնված երեխային սպասվող դժվարությունների մասին խոսելիս` հուզվում, լաց է լինում, բայց հետո խորը շունչ քաշելով` ուժեղանում, ամրանում ու կրկին ուժեղ կնոջ կերպարանք է ստանում: Բայց հետո իմ հարցերից կրկին հուզվում, լաց է լինում, վիրավորվում ու հավանաբար մտքում ինձ «հաջող» անելու րոպեներն է հաշվում. «Սամվել Ալեքսանյանը երկու անգամ 10.000 տվել էր, ասել էր՝ ինձ կընտրեք, որ ընտրվելուց հետո էլի տամ: Էն օրը գնացի, հավաքվածներից բոլորին տվեց, բայց ինձ հերթ չհասավ: Ասեց՝ հետո կգաս՝ կտամ»:
Հարցնում եմ՝ «Անարժանապատիվ բան է Ս. Ալեքսանյանից ընտրությունից առաջ ու հետո 10.000 դրամ խնդրելը: Ձեզ նվաստացած չե՞ք զգում»: Չարացած կմկմում է. «Ինքը բոլորին օգնում ա». «Բայց ինքը ձեր ձայնը գնել է ու ձեզ ճորտի պես օգտագործում է»: Ասում է՝ «Իսկ ուրիշ ո՞ւմ ընտրեի, ուրիշ մեկն իմ ամուսնուն ավել աշխատավա՞րձ էր ապահովելու, բնակարան գնելու հնարավորությո՞ւն էր տալու: Ուրիշ մեկին չեմ էլ ճանաչում»: Հարցնում եմ՝ «Իսկ գուցե ուրիշ մեկը ազատություն էր տալու, որ ստիպված չլինեիք Ս. Ալեքսանյանի հետ տարիներով 10.000 դրամի «պայմանագիր» կնքել»:
Երեք ամիս անլույս ապրած, երեխային հիվանդանոցից տուն տեղափոխած, չորս ամսական հղի կնոջ աչքերից արցունքները պայթում են: «Իմ արժանապատվությունն իմ երեխաներն են, որոնք դեռ ապրում են, ու իրենց ապրելու համար ես ու ամուսինս գիշերներն առանց աչք թարթելու լուսացնում ենք: Իմ արժանապատվությունը ես կրում եմ որովայնիս մեջ»,- ասում է Ազնիվն ու նեղացածի պես` երեսը թեքելով հասկացնում է, որ չի ցանկանում խոսել:
«168 ԺԱՄ»