Արտակարգ դեպք Նուբարաշենի աղբավայրում. Կան տուժածներ
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ`ժամանել են ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիրավորները աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսն են վառել և վառելիս պայթյուն է տեղի ունեցել՝ հավանաբար կուտակված գազերի պատճառով։
Ըստ աղբյուրի՝ վիրավորները աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն ու աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանն են։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, մինչև կժամանի քննչական խումբը ինչպես նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը։



