Ամեն ինչ՝ Վրաստանում օտարերկրացիների աշխատանքի տեղավորման նոր կանոնների մասին
Ընթացիկ տարվա մարտի 1-ից Վրաստանում փոխվել են օտարերկրացիների աշխատանքի տեղավորման կանոնները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Սա ընդունվել է «Վրացական երազանք»-ի խորհրդարանի «անօրինական աշխատանքային միգրացիայի դեմ պայքարի և տեղական աշխատաշուկայի պաշտպանության ու զարգացման նպատակով» «Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքում կատարված փոփոխություններով։
Որպեսզի օտարերկրյա աշխատակիցն օրինական աշխատի, մարտի 1-ից անհրաժեշտ է՝ աշխատանքային պայմանագրի կնքում, «աշխատանքային գործունեության իրավունք» և գործող կացության թույլտվություն կամ D1 կատեգորիայի վիզա։
Գլխավոր նորամուծություններից մեկը հենց «աշխատանքային գործունեության իրավունքն» է, առանց որի կարգելվի օտարերկրյա ներկայացուցչի հետ աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը։
Չնայած սրան, օրեր առաջ` ապրիլի 14-ին, Տնտեսական քաղաքականության հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստում քննարկվել է նախագիծը, որի համաձայն՝ մի շարք դեպքերում օտարերկրացուն կարող է իրավունք տրվել իրականացնել մասնագիտական գործունեություն առանց կացության և աշխատանքային գործունեության թույլտվությունների։
Նշված հնարավորությունը կտարածվի միայն այնպիսի դեպքերի վրա, երբ աշխատանքային գործունեությունը կապված է կոնկրետ նախագծի հետ և չի հանգեցնում տեղական շուկայում երկարատև հաստատման։
Նախագիծը մշակել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները։
Օրենքի նախագծի համաձայն՝ օտարերկրացին իրավունք կունենա Վրաստանում իրականացնելու կարճաժամկետ մասնագիտական գործունեություն առանց աշխատանքային գործունեության իրավունքի և համապատասխան կացության թույլտվության, եթե նշված գործունեությունն իրականացվում է ժամանակավոր այցի շրջանակներում, երկարատև զբաղվածություն չի ենթադրում տեղական աշխատաշուկայում և կապված է կոնկրետ կարճաժամկետ նախագծի, միջոցառման կամ ծառայության հետ։
Օտարերկրացու կարճաժամկետ մասնագիտական գործունեությունների ցանկը, տևողությունը և կարճաժամկետ մասնագիտական գործունեություն համարվելու չափանիշները սահմանվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։
Կարճաժամկետ մասնագիտական գործունեություն իրականացնող օտարերկրացին Վրաստանում չի համարվի աշխատանքային իմիգրանտ կամ ինքնազբաղված օտարերկրացի։
«Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքի այն հոդվածին, որը նախատեսում է այնպիսի գործունեություններ, որոնք ազատված են նշված օրենքի պահանջներից, ավելանում են նաև հետևյալ տեսակի աշխատանքային իրավահարաբերությունները.
- Վրաստանի կառավարության անդամի գրավոր նախաձեռնության հիման վրա տրված գործող հատուկ կացության թույլտվություն ունեցող անձ.
- աշխատանք հանրային հաստատությունում կամ պետության բաժնեմասնակցությամբ հիմնադրված ձեռնարկությունում.
- տեղական գործատուի օգտին գործունեություն այլ երկրից հեռավար կարգով.
- աշխատանքային գործունեություն/ծառայությունների մատուցում ոչ ռեզիդենտ անձի օգտին, որը կապված է Վրաստանի սահմաններից դուրս գործունեության իրականացման հետ.
- «Հաշվապահական հաշվառման, հաշվետվողականության և աուդիտի մասին» օրենքով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ կարգի ձեռնարկություններում ղեկավարման կամ աուդիտի հանձնաժողովում համապատասխան գործունեություն։
Նախաձեռնող պատգամավորների պարզաբանմամբ` «Աշխատանքային միգրացիայի մասին» գործող օրենսդրական շրջանակը չի նախատեսում տարբերակված մոտեցում ըստ աշխատանքային գործունեության տևողության և առանձնահատկության, ինչը բոլոր տեսակի մասնագիտական ակտիվությունները դնում է ստանդարտ ներգաղթային ընթացակարգերի մեջ։ Նրանց իսկ տեղեկատվությամբ՝ գործնական մարտահրավերները ցույց են տվել, որ այն դեպքերում, երբ օտարերկրյա մասնագետի այցը կրում է կարճաժամկետ բնույթ և կապված է կոնկրետ, միանգամյա նախագծի կամ ծառայության հետ, ընդհանուր ներգաղթային ֆիլտրերի կիրառումն ավելորդ վարչական արգելքներ է ստեղծում։
«Այսպիսի մոտեցումը հաճախ անհամապատասխան է հրատապ մասնագիտական խնդիրների կատարման ժամկետների հետ, ինչը հապաղեցնում է տնտեսական և օպերացիոն գործընթացները։
Համապատասխանաբար, օրակարգում դրվեց նման իրավահարաբերությունները բյուրոկրատական ճնշումից ազատելու և դրանք որպես առանձին ռեժիմ առանձնացնելու անհրաժեշտությունը։ Փոփոխությունը նպատակ ունի ստեղծելու այնպիսի մեխանիզմ, որը կապահովի կարճաժամկետ մասնագիտական այցերի իրավական օրինականացումը՝ առանց կացության թույլտվություն ստանալու պարտավորության։
Դրա հետ մեկտեղ, աշխատաշուկայի դինամիկայով և այն վարչական արգելքների օպտիմալացման անհրաժեշտությամբ, որոնք հաճախ անհամաչափ բեռ էին դառնում աշխատանքային գործընթացի համար, նպատակահարմար դարձավ, որ մի շարք սպեցիֆիկ գործունեություններ ազատվեն «Աշխատանքային միգրացիայի մասին» օրենքի պահանջներից։ Մասնավորապես, դա վերաբերում է հանրային հաստատություններում և պետական ձեռնարկություններում զբաղվածությանը, նաև հեռավար աշխատանքի այնպիսի ձևերին, ինչպիսիք են տեղական գործատուի օգտին այլ երկրից աշխատելը կամ ոչ ռեզիդենտ անձի համար Վրաստանի սահմաններից դուրս ծառայություններ մատուցելը։
«Կարգավորումներից ազատվում է նաև «Հաշվապահական հաշվառման, հաշվետվողականության և աուդիտի մասին» օրենքով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ կարգի ձեռնարկություններում ղեկավարման կամ աուդիտի հանձնաժողովում գործունեությունը, ինչը զգալիորեն կբարձրացնի սեկտորի էֆեկտիվ գործառնությունը»,- ասված է օրենքի նախագծի բացատրագրում։
«Աշխատանքային գործունեության իրավունք» տրամադրող մարմին է սահմանվել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը, որին պետք է դիմի գործատուն։
Իր հերթին, Վրաստանում օտարերկրացու աշխատանքի տեղավորմանը համաձայնություն տալու կամ մերժելու համար առողջապահության նախարարությունը առավելագույնը 30 օրացուցային օր ունի։
Հատկանշական է, որ առանց աշխատանքային գործունեության իրավունքի աշխատելը կհանգեցնի ինչպես օտարերկրյա աշխատակցի, այնպես էլ գործատուի տուգանմանը։
Երկրում օտարերկրացիների աշխատանքի տեղավորման սահմանափակման հեղինակներն ու նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի պատգամավորներն են՝ Շոթա Բերեկաշվիլին, Անտոն Օբոլաշվիլին, Մարիամ Լաշխին, Գիորգի Բարվենաշվիլին, Իրակլի Մեզուրնիշվիլին, Լևան Մաճավարիանին, Զազա Լոմինաձեն, Վախթանգ Թուրնավան և Իրակլի Կիրցխալիան։
«Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանում օտարերկրյա քաղաքացու աշխատանքի տեղավորման համար պարտադիր է միայն նրա գրանցումը աշխատանքային միգրացիայի հատուկ էլեկտրոնային համակարգում (որն իրականացնում է այդ օտարերկրացու գործատուն)։ Օրենսդրությունը չի սահմանում մեխանիզմներ, որոնք, ելնելով աշխատաշուկայի շահերից, պետությանը թույլ կտային մերժել օտարերկրացու աշխատանքի տեղավորումը Վրաստանում։ Սա էլ իր հերթին հաճախ հանգեցնում է Վրաստան ոչ որակավորված կամ ավելցուկային քանակի աշխատուժի մուտքին, ինչը վերջնարդյունքում բացասաբար է անդրադառնում ինչպես տեղական աշխատուժի, այնպես էլ աշխատաշուկայի շահերի վրա»,- ասված է բացատրագրում։
«Աշխատանքային միգրացիայի մասին» Վրաստանի օրենքի այն հիմնական հոդվածները, որոնցում շարադրված է, թե ինչ է փոխվում մարտի 1-ից օտարերկրացիների աշխատանքի տեղավորման կանոններում, ինչը բիզնեսը պետք է իմանա, կարդացեք ստորև.
Հոդված 13⁴. Աշխատանքային իմիգրանտին աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրումը
Աշխատանքային իմիգրանտը տեղական գործատուի մոտ աշխատանքի տեղավորվելու և նրանից վարձատրվող աշխատանքային գործունեություն իրականացնելու դեպքում պարտավոր է ձեռք բերել աշխատանքային գործունեության իրավունք տեղական գործատուի միջոցով, իսկ ինքնազբաղված օտարերկրացու դեպքում՝ անմիջականորեն։
Սույն հոդվածի առաջին կետով նախատեսված դեպքերում Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման վերաբերյալ դիմում է ներկայացնում.
ա) ինքնազբաղված օտարերկրացին և ներկայացնում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը.
բ) տեղական գործատուն՝ աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո, և ներկայացնում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը։
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դիմումը ստանալուց հետո սկսում է աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման համար նախատեսված ընթացակարգերը և Վրաստանի օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) աշխատանքային գործունեության իրավունք տրամադրելու մասին.
բ) աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրումը մերժելու մասին։
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունն իրավասու է աշխատանքային գործունեության իրավունքի ձեռքբերման համար ներկայացված հայտի քննարկման գործընթացում տեղական գործատուից/ինքնազբաղված օտարերկրացուց պահանջել լրացուցիչ տեղեկատվության ներկայացում և/կամ այդ գործընթացում հայտնաբերված անճշտության վերացում։
Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված անձանց աշխատանքային գործունեության իրավունք տրվում է այն դեպքում, եթե նրանք լիովին բավարարում են սույն օրենքով և համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերով սահմանված պահանջները։
Աշխատանքային իմիգրանտի համար աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման ծառայության վճարը, այդ թվում՝ նշված իրավունքի արագացված վարչական կարգով տրամադրման դեպքում, սահմանվում է ոչ ավելի, քան 500 լարիի չափով, որը մուտքագրվում է հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Զբաղվածության խթանման պետական գործակալության բյուջե։
Ծառայության վճարի չափը, վճարման կարգը և պայմանները սահմանվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։
Հոդված 13⁵. Աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման հետ կապված այլ ընթացակարգեր
Աշխատանքային իմիգրանտը, աշխատանքային գործունեության իրավունքը ձեռք բերելուց հետո, պարտավոր է, եթե.
ա) դեռևս չի գտնվում Վրաստանի տարածքում, աշխատանքային գործունեության իրավունքը ձեռք բերելուց ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել իրավասու մարմին՝ D1 կատեգորիայի ներգաղթային վիզա ստանալու համար.
բ) արդեն գտնվում է Վրաստանի տարածքում, աշխատանքային գործունեության իրավունքը ձեռք բերելուց ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել իրավասու մարմին՝ աշխատանքային կացության թույլտվություն կամ տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտում զբաղված անձի կացության թույլտվություն ստանալու համար։
Աշխատանքային իմիգրանտը չունի սույն հոդվածի առաջին կետով սահմանված պահանջների կատարման պարտավորություն, եթե նա ունի Վրաստանի օրենսդրությամբ սահմանված որևէ տեսակի կացության թույլտվություն կամ աշխատանքային գործունեությունն իրականացնում է ամբողջությամբ հեռավար և այդ գործունեությունը չի պահանջում նրա մուտքը Վրաստանի տարածք։
Տեղական գործատուն պարտավոր է աշխատանքային գործունեության իրավունք ունեցող աշխատանքային իմիգրանտի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու դեպքում համապատասխան տեղեկատվությունը արտացոլել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատանքային միգրացիայի հատուկ էլեկտրոնային համակարգում՝ աշխատանքային պայմանագրի դադարեցման կամ աշխատանքային պայմանագրում փոփոխություն կատարելու օրվանից 5 օրացուցային օրվա ժամկետում։
Եթե ինքնազբաղված օտարերկրացին ցանկանում է երկարաձգել աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետը, նա պարտավոր է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգում իրեն տրված աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետի ավարտից առնվազն 30 օրացուցային օր առաջ։
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը պարտավոր է տեղական գործատուին և աշխատանքային իմիգրանտին/ինքնազբաղված օտարերկրացուն աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման վերաբերյալ դիմումի քննարկման արդյունքների մասին տեղեկացնել էլեկտրոնային ձևով՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Աշխատանքային իմիգրանտին աշխատանքային գործունեության իրավունքը տրվում է կոնկրետ տեղական գործատուի մոտ աշխատելու իրավունքով, իսկ ինքնազբաղված օտարերկրացու դեպքում՝ կոնկրետ մասնագիտության և աշխատանքային/ձեռնարկատիրական ոլորտի նշմամբ։
Աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում՝ Վրաստանի օրենսդրությանը համապատասխան, տեղեկացվելուց հետո 1 ամսվա ժամկետում։
Աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման/մերժման մասին ընդունված որոշման բողոքարկումը.
ա) բողոքի քննարկման ժամանակահատվածում չի առաջացնում այդ օտարերկրացու՝ Վրաստանում աշխատելու իրավունք.
բ) չի առաջացնում «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» Վրաստանի օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված Վրաստանից հեռանալու պարտավորության հետաձգման իրավական հիմք.
գ) չի խոչընդոտում Վրաստանի ներքին գործերի նախարարության իրավասու մարմնի կողմից արտաքսման հարցի քննարկմանը և/կամ արտաքսման մասին ընդունված որոշման կատարմանը։
Աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետները, նաև այդ իրավունքի տրամադրման/մերժման և տրամադրված աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգման ընթացակարգերը սահմանվում են Վրաստանի կառավարության որոշմամբ։
Հոդված 13⁶. Աշխատանքային իմիգրանտին աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրումը մերժելու հիմքերը
Աշխատանքային իմիգրանտին աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրումը մերժվում է, եթե.
ա) դիմումով ներկայացվել է ոչ ամբողջական տեղեկատվություն և/կամ պարտադիր փաստաթղթեր, և այդ թերությունը դրա հայտնաբերումից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում չի վերացվել.
բ) աշխատանքային գործունեության իրավունքի ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվել է սույն օրենքի 13⁵ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված ժամկետների խախտմամբ.
գ) օտարերկրացու մասնագիտությունը/որակավորումը և պաշտոնը չեն համապատասխանում Վրաստանի աշխատաշուկայի պահանջներին ու կարիքներին կամ այն մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկում են, որոնք սահմանափակված են սույն օրենքի 5-րդ հոդվածի «ե¹» ենթակետի համաձայն սահմանված ցուցակում։
Հոդված 16¹. Առանց աշխատանքային գործունեության իրավունքի աշխատանքային իմիգրանտի աշխատանքային գործունեության իրականացումը
Տեղական գործատուի/ծառայությունների կազմակերպչի մոտ աշխատանքային իմիգրանտի առանց աշխատանքային գործունեության իրավունքի ցանկացած գործունեության իրականացումը, որի համար աշխատանքային իմիգրանտը ստանում է վարձատրություն,
կհանգեցնի տեղական գործատուի/ծառայությունների կազմակերպչի տուգանմանը (յուրաքանչյուր աշխատանքային իմիգրանտի համար անհատապես) 2000 լարիի չափով։
Առանց աշխատանքային գործունեության իրավունքի ինքնազբաղված օտարերկրացու աշխատանքային գործունեության իրականացումը կհանգեցնի ինքնազբաղված օտարերկրացու տուգանմանը 2000 լարիի չափով։
Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված իրավախախտման կրկնակի կատարումը կհանգեցնի տուգանման սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով։
Այն անձի նկատմամբ, որին սույն կետով կամ սույն հոդվածի 4-րդ կետով նշանակվել է վարչական տույժ, սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված վարչական իրավախախտման կատարումը կհանգեցնի տուգանման սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված տուգանքի եռապատիկի չափով։
Հոդված 16². Աշխատանքային տեսչության գործունեությանը խոչընդոտելը կամ օտարերկրացու նույնականացման փաստաթղթերը չներկայացնելը
Աշխատանքային տեսչության կողմից սույն օրենքով և «Աշխատանքային տեսչության մասին» Վրաստանի օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս նրա գործունեությանը խոչընդոտելը կամ օտարերկրացու նույնականացման փաստաթղթերը չներկայացնելը կհանգեցնի տուգանման։



