Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը

Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ընտրվելուց անմիջապես հետո կգնա Մոսկվա և մի քանի օրում կլուծի ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանման հետ կապված բոլոր խնդիրները։

Ընտրություններից 1 ամիս հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը գնաց Ռուսաստան, մասնակցեց Եկատերինբուրգում անցկացվող միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, հանդիպեց Ռուսաստանի վարչապետի հետ (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում տեղի չի ունեցել), բայց ռուսական շուկան նախկինի նման շարունակում է անհասանելի մնալ հայկական ապրանքների համար։

Չնայած դրան՝ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե ԵԱՏՄ-ի շրջանակում ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի համար սահմանափակումների վերացման վերաբերյալ։ Իսկ թե ի՞նչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, խուսափում է մանրամասնել։

Նիկոլ Փաշինյանը, ով չեղած բանը պատրաստ է իրականության տեղ ներկայացնել, Ռուսաստան կատարած այցի ու հանդիպումների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունների առումով չափազանց քչախոս է։ Ոչ միայն այցի արդյունքներով չշտապեց ուրախացնել իր ընտրազանգվածին, այլև չի շտապում բացահայտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ասում է՝ մինչև դրանց գործնական իրականացումը սկսելը, վաղ է կոնկրետ արդյունքներ հրապարակելը։

Կարդացեք նաև

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նման զգուշավարության պատճառը, հայտնի չէ։ Բայց նրա պահվածքը վկայում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շատ փխրուն են, ու պարզ չէ, թե ե՞րբ կիրականանան։

Իսկ մինչ այդ արտադրողները շարունակում են մեծ վնասներ կրել։ Փորձեր են արվում հայկական գյուղմթերքն այլ շուկաներ հասցնելու ուղղությամբ, բայց արդյունքները շատ փոքր են։ Ռուսական շուկայի փակումից հետո մեկ  ամբողջ ամսվա ընթացքում Հայաստանից հաջողվել է արտահանել հազիվ մի քանի հարյուր տոննա պղպեղ, մի քանի հարյուր տոննա լոլիկ, մի քանի հարյուր տոննա կեռաս, ու այդպես շարունակ։ Նախորդ տարի, երբ ռուսական շուկա արտահանման հետ կապված խնդիրներ չկային, այդ ու այլ գյուղմթերքների արտահանումները հազարավոր, անգամ տասնյակ-հազարավոր տոննաների էր հասնում։

Նույնիսկ կառավարության հատկացրած սուբսիդիաները շատ բան չեն փոխում։ Հունիսին 3.1 մլրդ դրամ են ծախսել արտահանումը սուբսիդավորելու վրա, բայց շոշափելի արդյունքներ չկան։

Ու մինչ հայկական ապրանքների արտահանման խնդիրները չեն կարողանում այլ շուկաներում լուծել, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ նոր բան է հորինել։ Ասում է՝ դեպի Հայաստան մեծ ուղևորահոսք ունենք, այդ մարդիկ գալիս ու ներսում են սպառում հայկական գյուղմթերքը. Դա էլ է արտահանում։

Կարծես նախկինում Հայաստան զբոսաշրջիկներ չէին գալիս ու գյուղմթերք չէին սպառում, միայն այս տարի է, որ ծիրան ուտելով՝ զբոսաշրջիկները դարձել են ծիրան «արտահանող»։

Այնպես չէ նաև, որ այս տարի զբոսաշրջիկների այնպիսի հսկայական հոսքեր ունենք, որ Հայաստանում ծիրան ուտելով՝ նրանք ավելի մեծ քանակությամբ ծիրան են սկսել «արտահանել»։ Այստեղ էլ է Նիկոլ Փաշինյանը նենգափոխում իրականությունը։

Քանի որ գյուղմթերքի բերքահավաքի սեզոնը սկսվում է հիմնականում հունիսին, բերենք հունիսի զբոսաշրջության թվերը. Այս տարվա հունիսին Հայաստան է եկել 216.214 զբոսաշրջիկ։ Անցած տարվա նույն ամսին եկել էր 215.253 զբոսաշրջիկ։

Զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 961-ով։

Որտե՞ղ են այդ մեծ ուղևորահոսքերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։

Եթե անգամ դրանք լինեին, միևնույն է՝ ոչ մի զբոսաշրջային սպառում չի կարող փոխարինել իրական արտահանմանը։ Փաստը ցույց է տալիս, որ այս պահին հայկական գյուղմթերքի արտահանման պոտենցիալ շուկան հանդիսանում է Ռուսաստանը։ Բայց ռուսական շուկան շարունակում է փակված մնալ հայկական գյուղմթերքի համար՝ անգամ ՌԴ Նիկոլ Փաշինյանի այցից ու ձեռք բերած «կոնֆիդենցիալ» պայմանավորվածություններից հետո։

Քանի դեռ չի փոխվել Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը որոշ զգայուն հարցերի վերաբերյալ, ոչ մի պայմանավորվածություն էլ իրականություն չի դառնա։ Արտաքին կողմնորոշումների հետ կապված հայտնի հակասություններից զատ,  Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետը շատ պարզ հասկացրեց, որ Ռուսաստանի համար ընդունելի չէ իշխանությունների վերաբերմունքը Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ, որ պետք է հարգվեն ռուսական բիզնեսի իրավունքներն ու օրինական շահերը։

«Կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը շարունակի հարմարավետ միջավայր ստեղծել ռուս ներդրողների համար և ապահովի, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը հարգվեն»,- առանց այլևայլության՝ հայտարարեց Ռուսաստանի վարչապետը։

Ո՞ւմ էր ակնարկում սրանով ՌԴ վարչապետը։ Այս հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է տեսնել, թե ռուսական որ ներդրողների իրավունքներն ու օրինական շահերը չեն հարգվում Հայաստանում։

Ակնհայտ է, որ դա առաջին հերթին վերաբերում է ՀԷՑ-ին։ Որքան էլ ՀԷՑ-ը պատկանում է հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանին, այս դեպքում գործ ունենք ռուսական կապիտալի հետ։ Թե մինչև հիմա ի՞նչ արհեստական խնդիրներ են ստեղծել Հայաստանի իշխանությունները ՀԷՑ-ի հետ կապված, ի՞նչ միջոցներով են փորձում այն խլել սեփականատիրոջից, ինչքանո՞վ են պահպանվել ներդրողի իրավունքներն ու օրինական շահերը, հայտնի է բոլորին։

Կան ռուսական կապիտալի մասնակցությամբ էլի ընկերություններ, որոնց համար իշխանությունները փորձում են խնդիրներ ստեղծել։ Այդ ընկերություններից մեկն էլ երկաթուղին է, որը հանձնված է ռուսական կոնցեսիոն կառավարման, բայց իշխանությունները տարբեր պատճառաբանություններով մտադիր են հետ վերցնել կոնցեսիան ու հանձնել այլ երկրի։

Թե ռուսական կապիտալի իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հնչեցված մտահոգություններն ինչքանո՞վ են ընդունելի եղել հայկական կողմի համար, դժվար է ասել։ Բայց փաստ է, որ Ռուսաստանից Նիկոլ Փաշինյանի վերադառնալուց անմիջապես հետո հետաձգվեց ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու գործընթացը։

Կարո՞ղ էին այս երկու հանգամանքներն ուղիղ կապ ունենալ իրար հետ, իհարկե, անհնարին է բացառել։ Բայց դա ժամանակը ցույց կտա։

Ժամանակը ցույց կտա նաև, թե այդ ի՞նչ այդքան «կոնֆիդենցիալ» պայմանավորվածություններ է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում հայկական գյուղմթերքների արտահանման սահմանափակումները հանելու վերաբերյալ, որ այդպես համառորեն խուսափում է հանրայնացնել՝ չնայած բազմահազար արտադրողներ անհամբեր դրան են սպասում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031