Բազմավեկտորության տարբեր հարթություններ. Բաքվի ռուսական «մարտավարությունը»՝ ընդդեմ հայ-ռուսական ճգնաժամի
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում քննարկում են տնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերը, իրավիճակը Հարավային Կովկասում և «3+3» հարթակը։ Բանակցությունների մեկնարկին այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
«Անշուշտ, կխոսենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Արձանագրել ենք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ հետաքրքրության վերադարձը և աճը»,- նշել է նա։
Լավրովը հստակեցրել է, որ կողմերը նախատեսում են դիտարկել տնտեսական փոխգործակցության ընթացիկ վիճակը՝ հաշվի առնելով ապրիլին կայացած միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև մշակութային-հումանիտար նախագծերի հեռանկարները։ Բացի այդ, նախարարները կանդրադառնան ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ Բայրամովի այցը դիտարկում են վստահելի երկխոսության շարունակության համատեքստում և հաստատել են Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին նշել է Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դրական միտումը՝ չնայած համաշխարհային տնտեսության շրջանում առկա բոլոր բարդություններին։
«Վստահ եմ, որ մենք այսօր կկարողանանք մանրամասն անդրադառնալ նաև առևտրատնտեսական բլոկին, որի կարևոր տարրն են միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր շփումները. դրա 24-րդ նիստը տեղի է ունեցել ընթացիկ տարվա ապրիլին։ Այս համատեքստում մենք կարծում ենք, որ, չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր բարդություններին, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև միտումը դրական է»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ինքը մտադիր է քննարկել փոխգործակցությունն այն ուղղություններով, որոնք նախանշված են մոտ ապագայի համար։ Բայրամովը շեշտել է, որ ադրբեջանական կողմը մտադիր է նաև ռուս գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի այն հարցերի ողջ համալիրը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։
Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսի ընթացքում կողմերն արձանագրեցին, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, վերանայելու են համագործակցության տեմպը։ Հանդիպումներն աչքի չընկան ոչ առանձնահատուկ ջերմությամբ, և ոչ էլ կողմերի միջև լարված դրվագներով, կոշտ հռետորաբանությամբ, հայտարարությունները պրագմատիկ էին տպավորություն թողնելով, որ Մոսկվան ու Բաքուն մեկուկես տարուց ավելի ձգված հարաբերությունների ճգնաժամից հետո դրանք սկսում են նոր՝ պրագմատիկ էջից։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, ադրբեջանական կողմի այս այցն ու հռետորաբանությունը հուշում են Բաքվի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները զգուշավորությամբ, սակայն հետևողականորեն վերականգնելու ձգտման մասին։ Նրա կարծիքով, շեշտադրումը տնտեսական և հումանիտար համագործակցության վրա պատահական չէ. այն թույլ է տալիս կողմերին օրակարգից ժամանակավորապես դուրս մղել առկա քաղաքական տարաձայնությունները՝ կենտրոնանալով նախագծերի վրա։
«Բաքուն փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ չնայած աշխարհաքաղաքական նոր իրողություններին, երկկողմ առևտրատնտեսական կապերը մնում են ռազմավարական նշանակության։ Երևանը ևս վերջին շրջանում ակտիվորեն օգտագործում է «տնտեսական պրագմատիզմի» նույն գործիքակազմը՝ Ռուսաստանի հետ շփումներում հնարավորինս խուսափելով քաղաքական սերտ համագործակցությունից։ Որդեգրել է մարտավարություն՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել «գործնական ֆոն», որը թույլ կտա նվազեցնել դիվանագիտական բախումները, մինչդեռ Ռուսաստանը սա այնքան էլ ոգևորությամբ չի ընդունում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբանը։
Միաժամանակ նա գտնում է, որ Բաքվի կողմից «3+3» ձևաչափի շեշտադրումը վկայում է տարածաշրջանային խաղացողների դերակատարության վերաիմաստավորման փորձի մասին։
«Ադրբեջանը բացահայտորեն նախընտրում է տարածաշրջանային հարցերը լուծել ուղիղ երկխոսության միջոցով՝ ընդգծելով արտաքին միջնորդների անհրաժեշտության բացակայությունը։ Այս տրամաբանության մեջ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապերի ամրապնդումը Բաքվի համար ծառայում է որպես լծակ՝ սեփական ինքնիշխան դիրքորոշումն ամրապնդելու և տարածաշրջանային գործընթացներում իր դերը պահպանելու համար։
Արդյունքում՝ Բայրամովի այցը և Լավրովի հետ հանդիպումը կարելի է դիտարկել՝ որպես վստահության վերականգնման փորձ, որտեղ տնտեսությունը հանդես է գալիս՝ որպես անվտանգային բուֆեր։ Սակայն, այս դրական միտումը դեռևս չի նշանակում հիմնարար քաղաքական խնդիրների լուծում։
Ադրբեջանի համար կարևորագույն մարտահրավերն է մնում հավասարակշռել Մոսկվայի հետ հարաբերությունները՝ առանց զիջելու սեփական դիրքորոշումը՝ տարածաշրջանային բանակցային ձևաչափերի և սուբյեկտության հարցում։ Ադրբեջանի դեպքում Ռուսաստանի համար այս փուլում սա կարծես թե ընդունելի է հանուն որոշակի ազդեցության պահպանման։ Երևանի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ուստի Երևանի շատ որոշումներ Ռուսաստանն այլ կերպ է ընդունում»,- ասաց Խրամչիխինը։
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները նշում էին, որ Բայրամովի մոսկովյան այցին հաջորդելու է նրա այցն Ուկրաինա։ Ադրբեջանի արտաքին քաղաքականության այս վեկտորը վկայում է «ռազմավարական ինքնավարության» պահպանման մարտավարության մասին, որտեղ Մոսկվա-Կիև այցերի հաջորդականությունը կարծես սուբյեկտայնության պահպանման գործիք է։
Մինչ Մոսկվայում տնտեսական օրակարգի առաջմղումը թույլ է տալիս պահպանել կառավարելի հարաբերություններ, Ուկրաինա այցն արձանագրում է Բաքվի՝ Կրեմլի «քաղաքական ուղեծրից» դուրս գործելու կամքը։ Ըստ էության, Ադրբեջանը հրաժարվում է Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվելու հետսովետական մոդելից, շեշտը դնելով բազմավեկտորության վրա, ինչն Ադրբեջանի դեպքում, ըստ վերլուծաբանների, լավ է ստացվում։ Ադրբեջանն այս քաղաքականությունը նոր չի վարում, սակայն Մոսկվայի հետ հարաբերություններում հետևողական կերպով շեշտադրում է այդ հանգամանքը։
Ըստ էության, բազմավեկտորության, հռչակված՝ հավասարակշռման քաղաքականություն է փորձում վարել նաև պաշտոնական Երևանը, սակայն ՀՀ իշխանություններին դեռ չի հաջողվում ճգնաժամից դուրս բերել հայ-ռուսական հարաբերությունները, որոնց հատկապես տնտեսական բաղադրիչից շատ բան է կախված Հայաստանի Հանրապետությունում։

