Ընդդիմադիրները պետք է մշակեն միասնական ռազմավարություն. Արամ Աբրահամյան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա իր խմբագրականու գրում է.

«Պատկերացրեք, որ 1933 թվականին, երբ Գերմանիայում նացիստները եկան իշխանության, պառլամենտարիզմը, կուսակցությունները եւ ազատ մամուլն արգելվեին ոչ թե մի քանի ամսվա ընթացքում (իրականում գործընթացը տեւել է հունվարից մինչեւ հոկտեմբեր), այլ դա տեւեր 2-3 տարի: Եվ լիբերալները, սոցիալ-դեմոկրատները եւ կոմունիստները, փոխանակ պայքարեին նացիստական դիկտատուրայի դեմ, իրար միս ուտեին՝ «բա որ դու էն վախտ» մոտիվներով:

Անձամբ ես նման բան կարող եմ հեշտությամբ պատկերացնել ցանկացած երկրի պարագայում, մանավանդ՝ Հայաստանի:

Եթե ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկի համար դեռ պարզ չէ, թե ինչ ռեժիմ է հաստատվել մեր երկրում եւ ինչպես է այն Փաշինյանի ղեկավարությամբ զարգանալու, ես ուղղակի կառաջարկեմ ավելի լայն բացել աչքերը: ՔՊ-ական սցենարով Հայաստանում փաստացի մնալու է միայն ՔՊ-ն (գուցե «Հանրապետություն» կուսակցության հետ միասին):

Մոտակա ամիսներին Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի դադարի որեւէ ընդդիմադիր գործունեություն, «կկարվեն» հարյուրավոր նոր «քրեական» գործեր, կլինեն նոր ձերբակալություններ: Իսկ մոտակա տարիներին Հայ առաքելական եկեղեցին կդառնա ՔՊ բաժանմունք:

Բայց, որքան էլ տարօրինակ հնչի, դա ամենասարսափելին չէ: Փաշինյանը ոչ միայն փոխելու է սահմանադրությունը Ալիեւի պահանջով, այլեւ հանձնելու է Տիգրանաշենը (իբր ինչ-որ բան ինչ-որ բանի հետ փոխում է)՝ փաստացի հնարավորություն տալով ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի հարավը հյուսիսի հետ կապող ռազմավարական ճանապարհը:

Այս պայմաններում որոշ ընդդիմադիրներ շարունակում են իրար վրա ցեխ շպրտել՝ իրենց լրատվամիջոցներով ու անձամբ՝ կամա թե ակամա կրկնելով պաշտոնական քարոզչության թեզերը: Այս պահին բացարձակապես ժամանակը չէ պարզելու, թե ով է «ներկա», ով է «նախկին», ով «թալանել» է, ով «չի թալանել», ով «եվրոպամետ» է, ով «ռուսամետ»: Եթե ընդդիմադիրներն իսկապես ցանկանում են պատասխանատվություն կրել պետության համար, այլ կերպ ասած՝ կասեցնել աղետալի ընթացքը, ապա այդ ամենի մասին պետք է ժամանակավորապես մոռանալ:

Հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերները պետք է հանդիպեն եւ ռազմավարություն մշակեն, որը կբացառի փոխադարձ հարձակումները: Քաղաքականությունը ենթադրում է բանակցություններ եւ պայմանավորվածություններ անգամ այն մարդկանց միջեւ, որոնք իրար քաղաքական կամ անձնական առումով դուր չեն գալիս: Մասնավորապես, բոլոր քաղբանտարկյալները պետք է պաշտպանության տակ առնվեն բոլոր ընդդիմադիրների կողմից: Այստեղ «իմն» ու «քոնը» չպիտի լինի»:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031