Բռնապետի համարում ունեցող Ալիևը Փաշինյանին «զգուշացնում է»՝ դիկտատուրան հազվադեպ է լավ ավարտ ունենում

Այն, որ Նիկոլ Փաշինյանը պայքարում է ընդդիմախոսների դեմ, քրեական գործեր հարուցելու, կալանավորելու որոշումներ կայացնում՝ տեսնում են բոլորը, և Ալիևը, որը բազմիցս Փաշինյանից պահանջել է ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի հարցերը լուծել, արմատախիլ անել ռևանշիզմը», և «ամեն ինչ արել է», որ գործող իշխանությունը վերարտադրվի, հանկարծ որոշել է այդ նույն Փաշինյանին մեղադրել դիկտատոր լինելու համար:

Մասնավորապես, Բաքվի քարոզչամեքենայի կամ ալիևյան թեզերն առաջ մղող միանգամից երկու լրատվամիջոց՝ minval.az, 1news.az, նույնատիպ վերնագրով հոդված է հրապարակում:

Ընդ որում, 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկու անգամ այցելել է Հայաստան:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր ուժերի և լիդերների հետընտրական հետապնդումներին, ավելին՝ այստեղ նրանք հանկարծ հիշում են եվրոպական երկակի ստանդարտների մասին:

Կարդացեք նաև

«Եվրոպացի և ամերիկացի պաշտոնական դեմքերը նախընտրում են աչք փակել բռնաճնշումների վրա, քանի որ Փաշինյանը վարում է իրենց համար ձեռնտու աշխարհաքաղաքական գիծ՝ դիստանցավորում ՀԱՊԿ-ից և մերձեցում ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Երկակի ստանդարտի դասական օրինակ: Երբ բռնաճնշումներն իրականացնում է «յուրային» առաջնորդը, դրանք որակվում են որպես «օրինական գործողություններ իրավական պետության շրջանակներում»։

Երբ նույնն անում է անցանկալի կամ «անհարմար» իշխանությունը, դա արդեն անվանվում է «ավտորիտարիզմ» և պատժամիջոցների պատրվակ դառնում։

Սակայն Արևմուտքի աջակցությունը Հայաստանը չի դարձնում ավելի ժողովրդավարական, այլ՝ ավելի կախյալ։

Փաշինյանն աստիճանաբար երկիրը ռուսական ֆորպոստից վերածում է արևմտյան քաղաքականության գործիքի Անդրկովկասում: Պատմությունը ցույց է տալիս, որ բռնապետությունները, նույնիսկ՝ «եվրոպամետ», հազվադեպ են լավ ավարտ ունենում՝ թե՛ ժողովուրդների, թե՛ հարևանների համար։ Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ»,- գրել է minval.az-ը:

Իր հերթին 1news.azի հոդվածագիրը հավելում է.

«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում երկրում փաստացի ռազմաբյուրոկրատական բռնապետություն էր: Այն ժամանակվա իշխանությունը հենվում էր ուժային բլոկի և ղարաբաղյան կլանի վրա՝ չթաքցնելով կառավարման իր կոշտ ոճը։

Հավաքական Արևմուտքն այդ ժամանակաշրջանում նախընտրում էր աչք փակել Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ընտրությունների կեղծումների վրա՝ ելնելով պրագմատիկ նկատառումներից և ուժերի տարածաշրջանային հավասարակշռությանն առնչվող, այսպես կոչված, ռազմավարական շահերից։

Պատմությունը կրկնվում է՝ մի տարբերությամբ, որ Փաշինյանին արևմտյան մայրաքաղաքները համառորեն շարունակում են անվանել տարածաշրջանում «ժողովրդավարության փարոս», ինչը չէին անում նրա նախորդների նկատմամբ:

Սա թույլ է տալիս նրան առավել մասշտաբային բռնաճնշումներ իրականացնել՝ օգտվելով եվրոպական և ամերիկյան գործընկերների տված լիակատար քարտ բլանշից, որոնք նախընտրում են գերեզմանային լռություն պահպանել Երևանում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին:

Անվտանգության ոլորտում իրավիճակն էլ ավելի սպառնալից է:

Վերածվելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև դաժան դիմակայության արենայի՝ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնության մնացորդները և դառնում այլոց խաղի պատանդ։

Խոստացված կայունության ու բարգավաճման փոխարեն՝ Փաշինյանի ավտորիտար ռեժիմն իր երկիրը համառորեն մղում է ներքին անկարգությունների ու տարածաշրջանային նոր ցնցումների՝ հայկական պետությունը դարձնելով մեծ տերությունների գլոբալ պայքարի գլխավոր զոհը»։

Բնավ, ադրբեջանական գնահատականներ տարածելու ցանկություն չունենք, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյանի ռեժիմի մասին է, որը միջազգային հարթակներից և ամբիոններից խոսում է իր երկրի ներքին քաղաքական խնդիրների, ընդդիմախոսների, եկեղեցու մասին:

Սա գրում ենք, որ Փաշինյանը, ով սրբորեն պահում է Ադրբեջանի ներքին վիճակը ցնցումների տանելու զորություն ունեցող կոնֆիդենցիալ տեղեկությունը, և ոչ մի կերպ չի նկատում թուրք-ադրբեջանական միջամտությունը, երբ խոսքն իրեն աջակցելու մասին է, տեսնի, որ նույն Ալիևը և Բաքվի քարոզչամեքենան կարող է ՀՀ ներքին գործերին խառնվել նաև իր վարչակազմին ու գործողությունները քննադատելով:

Ալիևն ինքը բանտարկում է ընդդիմադիր գործիչներին և անգամ լրագրողների, և, մեծ հաշվով, այնպես չէ, որ Եվրոպան շատ է նկատում նրա բռնապետական գործողությունները, եթե չհաշվենք ադրբեջանցի բանտարկված լրագրողներին ժամանակ առ ժամանակ հիշող միջազգային կազմակերպություններին:

Իսկ ի՞նչ է ուզում ցույց տալ սրանով Ալիևը՝ որ Նիկոլ Փաշինյանն իրենից լավը չէ՞, որ նրան շատ ավելի՞ն է ներվում: Բայց Բաքվի բռնապետը Փաշինյանի վրա է թողնում տարածաշրջանային հնարավոր ցնցումների և գլխավոր խաղացողների միջև բախման պատասխանատվությունը:

Հետաքրքիր է որ չնայած սրան՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խնայել Ալիևին, իսկ թե ինչու՝ , պետք է պատասխաի հենց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031