Կհարցաքննվի՞ Նիկոլ Փաշինյանը. Զոհված զինծառայողների ծնողները ներկայացրած հայցի վերաբերյալ սպասում են դատարանի որոշմանը
Այս տարվա մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ 2020 թվականին գիտակցված զոհողության են գնացել։
«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020 թվականին, դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն: Սրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին, առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի, մեր պետության ու ինքնության, ապագայի համար:
Երաշխավորն այն է, որ պարանը գցել է հորթի վիզը, և երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե երբ զոհողության գնա, ինքն իրավունք չունի իրա համար զոհողության գնա, կարող է զոհողության գնալ միայն երաշխավորի համար՝ երբ երաշխավորը ասի, որ եկել է քո մորթվելու ժամանակը, գնա մորթվիր»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շաբաթներ անց 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել դատախազությանը՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ։
Զոհված տղաների ծնողները ստորագրահավաք էին իրականացրել հենց Դատախազության շենքի մոտ, համապատասխան դիմումն այնուհետև մուտք էին արել գերատեսչություն։
Այսօր 168.am-ի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ հայցն արդեն դատարանի տիրույթում է, սակայն դատարանից դեռևս որոշում չեն ստացել՝ գրավոր ընթացակարգով է քննվում։
«Մեր ներկայացրած հանցանքի վերաբերյալ հաղորդման մասով քրեական վարույթ չէր նախաձեռնվել, մենք էլ բողոքարկել էինք դատախազին, նրա կողմից որոշումը թողնվել էր ուժի մեջ։ Այսինքն՝ ըստ էության հաստատվել էր վարույթ նախաձեռնելու իրավաչափությունը, որից հետո Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմել ենք դատարան և սպասում ենք դատարանի որոշմանը»,- նշեց փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում Նիկոլ Փաշինյանին պարտադիր պետք է կանչեն հարցաքննության։
«Քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ արձանագրությամբ քննիչը մեկնաբանել էր Նիկոլ Փաշինյանի խոսքը և այդ մեկնաբանությունը դրել էր իր կողմից կազմված արձանագրության հիմքում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը մեկնաբանել էր քննիչը, հետևաբար՝ եթե քրեական վարույթ նախաձեռնվի, միանշանակ վարույթ իրականացնող մարմինը պետք է հարցաքննի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հենց նրանից ստանա այդ մեկնաբանությունը»,- ընդգծեց Վահան Հովհաննիսյանը։

