«Ինչո՞ւ հենց Գագիկ Ծառուկյանը. Այս ամենի զանգը հնչելու է տարվա վերջին». Քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում ընտրություններից հետո ընդդիմության կոնսոլիդացիային ուղղված որոշակի քայլերը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և ներքաղաքական մյուս գործընթացները, թվում է՝ անջատ են տեղի ունենում, սակայն այս ամենը նույն գործընթացի տարբեր դետալներն է։

«Ինչո՞ւ հենց Գագիկ Ծառուկյանը։ Այնպես չէ, որ ընտրությունների ժամանակ ԲՀԿ առաջնորդն ամենաշատ ձայներն էր ստացել և ամենամեծ քաղաքական վտանգն է ներկայացնում իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ Հետևաբար՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործընթացը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։

Մասնավորապես՝ գաղտնիք չէ, որ նախորդ շաբաթ «Եդինա Ռոսիա» կուսակցության համագումարում կուսակցության ղեկավարը հենց Գագիկ Ծառուկյանի անունը շոշափեց՝ նշելով, որ՝ «Հայաստանում ընդդիմության նկատմամբ բռնություններ են իրականացվում, լավագույն օրինակը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հալածանքներն են»։

Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքա-«իրավական» գործընթացներ, որին զուգահեռ՝ Փաշինյանը մեկնում է ՌԴ՝ հանդիպելու Միշուստինի հետ՝ փորձելով այդ հարցը դարձնել քաղաքական առևտրի առարկա։ Նա փորձում էր այնպես անել, որ ռուսամետ քաղաքական գործիչներին կարող է ազատ թողնել, եթե ՌԴ-ն չեղարկի ՀՀ տնտեսական սահմանափակումները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանությունները հաստատուն են իրենց որոշման մեջ, և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միշուստինի հետ նույնպես ոչինչ չփոխեց, այսինքն՝ ՌԴ համապատասխան կառույցներն ապրանքների արտահանման սահմանափակումների վերաբերյալ իրենց որոշումները չչեղարկեցին։

«Այս ամենը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետի հետ ընդհանուր հայտարարի չի եկել, այդ պատճառով էլ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործընթացը։ Այս իշխանության կողմից կալանավորված է նաև մեկ այլ խոշոր գործարար՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործընթացն այդ քաղաքական առևտուր անելու կոնտեքստում պետք է նայենք, ոչ թե այն համատեքստում, որ վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար, հատկապես, որ  խորհրդարանում նույնիսկ պատգամավոր չունեցավ»,- շեշտեց քաղտեխնոլոգը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին ընդդիմադիր դաշտում եռյակ ուժը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ԲՀԿ-ն ու «Հայաստան» դաշինքը համախմբված են, այլ ընդդիմադիր ուժեր նրանց չեն միավորվի։ Ըստ նրա՝ հիմնականում այս ուժերն են, որ կարող են որևէ գործողություն անել։

«Հայաստանի ներքաղաքական գործընթացները չպետք է ներկայացնել որպես զուտ ներհայաստանյան գործընթացներ, դրանք Ռուսաստան-Արևմուտք-ԵՄ, Մեծ Բրիտանիայի միջև ընթացող պայքարի համատեքստում են։ Պայքարի մի ճակատն Ուկրաինան է, որը ռազմական ձևաչափ ունի, երկրորդ ճակատը ՀՀ-ն է, որը դեռևս քաղաքական պայքարի ձևաչափ ունի։

Այս ամբողջ գործընթացներում տուժում է ՀՀ տնտեսությունը, որը հյուծվում ու վնաս է կրում։ Իսկ այդ ամենի արդյունքում վնաս են կրելու բոլորը։ Այս ամենի արտացոլումը մայիսի 30-ին էր՝ ԵԱՏՄ-ի հայտարարությունը, և այս ամենի զանգը հնչելու է տարվա վերջին՝ դեկտեմբերի 30-ին։ ՌԴ-ն փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում այս իշխանությանն ապամոնտաժի, հակառակ դեպքում, ամենայն հավանականությամբ, Հայաստանը դուրս կմղվի ԵԱՏՄ-ից, որից հետո Հայաստանի տնտեսությունը կկանգնի կոլապսի առաջ։ Չմոռանանք գազի մասին, որի սակագնի բարձրացումն ուղիղ ազդելու է տնտեսության վրա»,- ընդգծեց Արմեն Բադալյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031