ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար
Եվրոպական միությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք ունենք «Գլոբալ ցանց» ներդրումային ծրագիրը, և այդ ծրագրի շրջանակներում մենք մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնենք Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Դա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածների կողմից մինչև 2 միլիարդ եվրոյի ծավալով ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- ասել է ֆոն դեր Լայենը։


