ՀՀ ԱԱԾ-ին ի՞նչ տեղ է հատկացրել Բաքուն անհայտ կորածներին առնչվող IDMS համակարգ ունենալու գործում, արդյո՞ք ռիսկեր կան ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկում

Հունիսի 29-ի «Մոռացված հունիսի 29-ը. Ինչո՞ւ անհայտ կորած անձանց թիվն ավելացրած իշխանությունն այն չի հիշում, արդյո՞ք հայկական կողմն «օգտվում» է Արմեն Աբազյանի՝ Բաքվի հետ պայմանավորվածությունից» վերտառությամբ հոդվածում հիշեցրել ենք 2025 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովների և նրանց ներկայացուցիչների հանդիպումները, և, որ 2025 թվականի հունիսին այդ ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել էր, որ «նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։ 

Իսկ հունիսի 30-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը հայտնել է, որ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համատեղ անհայտ կորած անձանց հաշվառման տեղեկատվական միասնական համակարգ են թողարկում` IDMS։

Եվ ամենաուշագրավն այն է, որ IDMS-ի սերվերները տեղակայվելու են Ադրբեջանի տարածքում:

Իսկ այս համատեքստում Հասանովը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիները կարող են կոնֆիդենցիալ տեղեկություններ հայտնել անհայտ կորած անձանց և նրանց հուղարկավորման հնարավոր վայրերի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Մենք գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ մասնավորապես պարզելու, թե արդյո՞ք ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պայմանավորվածությունները տեղափոխվել են գործնական փուլ, կամ՝ արդյո՞ք ՀՀ ազգային անվտանգությանն առաջարկվել է համատեղ միասնական բազա ստեղծել անհայտ կորած անձանց վերաբերյալ, եթե՝ այո, ինչո՞ւ է այս դեպքում դուրս մնացել գործընթացից, և արդյո՞ք ՀՀ քաղաքացիներն ԱԱԾ միջոցով են Բաքվին համապատասխան կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու, ինչպե՞ս է վերահսկվելու այս ռիսկային գործընթացը, և այլն:

Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթակա Ազգային անվտանգության ծառայությունից պատասխան գրություն ստանալուն պես՝ կներկայացնենք այն: Իսկ մինչ այդ փորձել ենք այս մասին կարծիքներ լսել տարբեր տեսանկյուններից՝ հասկանալու Հայաստանի համար ռիսկայնության աստիճանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց.

«Դա միասնական համակարգ է, որտեղ անհայտ կորած անձանց հնարավորինս շատ տվյալներ կան: Դա նաև ներառում է ԴՆԹ տվյալներ, դրանց մշակումը, պահպանումը: Ես շատ մանրամասներ այս դեպքում չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ սա է սերվերներն Ադրբեջանի տարածքում տեղակայելու պատճառը: Կարծում եմ, եթե Հայաստանն այս համակարգը ներդնի, կպահանջեն՝ IDMS-ի սերվերները ՀՀ-ում դրվեն, որովհետև այդտեղ կենսաբանական տվյալների մշակման հետ գործ ունենք, ինչը շատ երկրներում արգելվում է երկրից դուրս հանել: Այսինքն, այստեղ մեզ համար ես ռիսկեր չեմ տեսնում»:

Գուցե զուտ տեխնիկական առումով ռիսկեր չկան, բայց ՀՀ քաղաքացիներին ուղղված առաջարկը հնարավոր է ռիսկային իրավիճակներ ստեղծի՝ կոնֆիդենցիալ տեղեկության «վաճառքից» (եթե դա չի արվելու ԱԱԾ-ի միջոցով, թեպետ այստեղ էլ այլ խնդիրներ կարող են լինել)՝ մինչև պատերազմներին մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, հատկապես, երբ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզման համատեքստում Բաքուն տալիս է կոնկրետ անուններ, կոնկրետ «ռազմական հանցագործություններ» հիշում:

Ավելին, Բաքվի «դատավարության» ժամանակ տրվել են Ադրբեջանի կողմից անգամ անհայտ կորած համարվող իրենց որոշ հերոսների անուններ, նաև՝ նրանց ճակատագրի հարցում հայկական կողմի պատասխանատուների:

Մասնավորապես, Բաքվում «Խոջալուի դեպքերի» համատեքստում հաճախ են հիշում անհայտ կորած համարվող Ադրբեջանի ազգային հերոս Նատիգ Գասիմովին և պնդում, թե նրան «սպանել է Վիտալի Բալասանյանը»: Իսկ Գասիմովի ընտանիքն Ալիևի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչը, իհարկե, արվում է նաև քարոզչական նպատակներով: Սա՝ առաջին:

Երկրորդ, 2024 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով և ոչ միայն:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում է մոտ 2 տարի առաջվա ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

2025 թվականի մարտին ՀՀ գլխավոր դատախազությունը 168.am-ին հայտնել էր, որ Ադրբեջանի դատախազությունից համագործակցության պաշտոնական առաջարկ չեն ստացել:

ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովի հայտարարության տողատակում ռիսկեր և վտանգներ տեսնում է՝ խնդիրը չդիտարկելով զուտ տեխնիկական դաշտում:

«Այս հայտարարության մեջ անհանգստացնող, եթե չասեմ՝ սպառնացող, մի քանի դրույթ կա:

Առաջին, անհայտ է, թե Ադրբեջանի նախաձեռնության հետ ինչ առնչություն ունի հայկական կողմը, և ՀՀ ԱԱԾ-ն արդյո՞ք այս գործընթացին մասնակցություն ունեցել է, թե՞ ոչ:

Երկրորդ, նման անանուն տվյալների հավաքագրումն իր մեջ ռիսկ ունի, որ կինդենտիֆիկացվեն և Ադրբեջանի ձեռքում կհայտնվեն մեր հայրենակիցների տվյալները, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին: Երրորդ, խիստ անթույլատրելի է մեր երկրի ազգային անվտանգության առումով, որ Ադրբեջանը նախաձեռնում է ՀՀ քաղաքացիների կողմից անանուն տեղեկությունների հավաքագրում, որը ցանկացած պահի կարող է օգտագործել Հայաստանի դեմ»,- ասում է նա:

Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք Ադրբեջանի օրինակով Հայաստանը հայկական IDMS համակարգ ունենալու պլան ունի, երբ համապատասխան սերվերները ՀՀ-ում կդրվեն, ինչի մասին խոսեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, և արդյո՞ք անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման գործընթացը կլինի հայելային և համաչափ:

Օրինակ, Ադրբեջանից երեկ հիշեցրել են, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մարմիններ և մասունքներ: Սա, թերևս, հիմնականում վերաբերում է 44-օրյա պատերազմին և գուցե դրանից հետոյի գործողություններին: Բայց 44-օրյա պատերազմում հայկական կողմը պաշտոնապես մոտ 190 անհայտ կորած ունի, իսկ առաջին պատերազմից մոտ 800-ը, և այլն:

Արդյո՞ք առաջին պատերազմից անհայտ կորած համարվող որևէ անձի մասունք գտնվել է, սրա մասին, ըստ էության, տեղեկություններ չկան, սակայն անցած տարվանից առնվազն ադրբեջանական կողմում նման մասունքներ հայտնաբերվում են իրենց կամավորականների կամ զինվորների:

Ինչևէ, սպասենք Ազգային անվտանգության ծառայության՝ մեր հարցադրումներին ի պատասխան՝ գրությանը, և իրադարձությունների զարգացմանը:

Բայց այստեղ հարկ է, ամեն դեպքում, հիշեցնել, որ 2008 թվականին «Արաբո» ջոկատի անհայտ կորած ազատամարտիկների հարազատները հայտնել էին, որ ադրբեջանական կողմից համացանցում տեսանյութ էին շրջանառել, ուր պատկերված են իրենց որդիները, նրանք բոլորը սպանված էին:

Նշենք, որ 1992թ. հենց այս օրը՝ հունիսի 29-ին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լենինավան, Հայկաջուր (Հասան-Ղայա) գյուղերի մարտական գործողություններին մասնակցող «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն», «Ջրաբերդ», «Արմավիր» ջոկատների մարտիկները շրջափակման մեջ մնացին, և մինչ այժմ 79 ազատամարտիկի ճակատագիր անհայտ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031