Աննա Վարդապետյանն Ադրբեջանի դատախազությունից առաջարկ չի ստացել

2024 թվականի դեկտեմբերին 168.am-ն «Ալիևը Փաշինյանի ռազմավարական գործարքի առաջարկին պատասխանեց այլ փոխշահավետ գործարքով. Փաշինյանը կարող է Ադրբեջանի դատախազության նախաձեռնությանը դրական ազդակներ ուղարկել» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարական գործարք կնքելու Ալիևին արված առաջարկին և Ադրբեջանի դատախազության գործարք-պատասխանին, ըստ որի՝ Հայաստանի պատկան մարմինները պետք է համագործակցեն իրենց հետ՝ Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն՝ քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՀՀ համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- նշվում է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը 2025 թվականին շարունակել է Հայաստանից պահանջել «ռազմական հանցագործությունների» մեջ մեղադրվող և ՀՀ տարածքում թաքնվող անձանց», և, որ գործնական առաջարկ հնչել է նաև Ադրբեջանի դատախազության կողմից, 168.am-ը մարտի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ Ադրբեջանի համապատասխան կառույցից վերը նշված հարցով գրավոր համագործակցության առաջարկ, ինչպես նաև՝ կոնկրետ անձանց ցուցակ ստացե՞լ են, որոնց Ադրբեջանը մեղադրում է «ռազմական հանցագործության մեջ», և որոնք «թաքնվում են» ՀՀ տարածքում:

Մոտ մեկ շաբաթ հետո Աննա Վարդապետյանի ղեկավարած ՀՀ գլխավոր դատախազությունը մեր հարցմանը և դրանում առկա հարցադրումներին հետևյալ պատասխանն է տվել.

Կարդացեք նաև

«Ի պատասխան Ձեր 2025 թվականի մարտի 13-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ դրանում նշված «առաջարկ» ՀՀ գլխավոր դատախազությունում չի ստացվել»:

Իսկ Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» դեռ օգտագործելու է Հայաստանի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս