Apple-ը «սև ցուցակում» գտնվող չինական ընկերությունից չիպեր գնելու թույլտվություն է ուզում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը փորձում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից թույլտվություն ստանալ Պենտագոնի «սև ցուցակում» ընդգրկված չինական CXMT ընկերությունից հիշողության չիպեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«IPhone-ի արտադրողը լոբբիստական արշավ է սկսել Սպիտակ տան թույլտվության համար՝ նվազեցնելու հիշողության չիպերի գնաճի ֆոնին առաջացած ֆինանսական ճնշումը», – ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի զրուցակիցներից մեկի տվյալներով՝ Apple-ի ներկայացուցիչները առևտրի նախարարության հետ կապվել են ավելի քան մեկ ամիս առաջ, բացի այդ, նրանք նաև դիմում են պետական այլ մարմինների:
Հատկանշական է, որ Apple-ին արգելված չէ գնել CXMT-ի արտադրության չիպեր, սակայն այս ընկերությունը ներառված է Պենտագոնի «սև ցուցակում», որտեղ կան տասնյակ չինական ընկերություններ, որոնք, իբր, կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ–ի պետական անվտանգության համար։ Ըստ այդմ՝ Apple-ը փորձում է խուսափել իր հեղինակությանը սպառնացող ռիսկերից:
Պեկինն ավելի վաղ վճռականորեն հանդես է եկել չինական ընկերությունների վրա ԱՄՆ-ի չհիմնավորված ճնշման և նրանց խտրական ցուցակներում ընդգրկելու դեմ: ՉԺՀ-ում բազմիցս ընդգծել են, որ Չինաստանը «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի և վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը»:

