ՄԻՆՉ ՕՐՍ ՉԵՄ ՄՈՌԱՑԵԼ ԱՅԴ ՑԱՎԸ, ԲԱՅՑ ՆԵՐԵԼ ԵՄ. ՔՆԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Դերասանուհի Քնարիկ Զաքարյանը «Ռանդևու» հաղորդման շրջանակում բացեց իր կյանքի ամենացավոտ ու ամենաջերմ էջերը՝ խոսելով մանկության դժվարությունների, ծնողների բաժանման, հոր հետ հարաբերությունների, թատրոնի, սիրո, ընտանիքի և այն մարդկանց մասին, որոնք փոխել են իր կյանքը։

«90-ականների աղքատությունը մեզ չխանգարեց երջանիկ մանկություն ունենալ»
Քնարիկ Զաքարյանը խոստովանում է, որ իր մանկությունը հեշտ չի եղել։ 90-ականների ցուրտ ու մութ տարիները նրա հիշողություններում պահպանվել են որպես ընտանեկան ջերմության խորհրդանիշ։
«Մենք կարտոֆիլը եփում էինք լամպի ջերմությամբ, վրան ծածկոցներ էինք գցում, ու դա մեզ համար աշխարհի ամենահամեղ ուտելիքն էր։ Այսօր էլ այդ տարիները հիշում եմ կարոտով»,- ասում է նա։
Դերասանուհին վստահ է՝ այսօրվա սերունդը դժվար թե կարողանար դիմանալ այն պայմաններին, որոնց միջով անցել են իրենք։
«Ամենացավոտը մորս տառապանքն էր»
Դերասանուհու կյանքում ամենածանր շրջանը ծնողների բաժանումն էր։ Քնարիկը հիշում է, թե ինչպես էր մայրը գիշերներով քայլում տան մեջ՝ չկարողանալով հաշտվել տեղի ունեցածի հետ։
Նրա խոսքով՝ հենց այդ ապրումներն են հետագայում օգնել իրեն՝ որպես դերասանուհի ավելի խորությամբ հասկանալ մարդկային ցավն ու կերպարները.
«Շատ կերպարներում ես իրականում խաղացել եմ մորս…»։

«Մայրս երբեք չթույլատրեց, որ մենք ատենք հայրիկիս»
Չնայած ծնողների ամուսնալուծությանը, դերասանուհին ասում է, որ մայրը երբեք երեխաների մեջ հոր նկատմամբ ատելություն չի սերմանել։
Ավելին՝ մշտապես նրանց հիշեցրել է, որ հայրն իրենց կյանքի կարևոր մասն է.
«Մայրս այնպես էր անում, որ մենք մտածենք՝ մեր հայրիկն ամենախելացին ու ամենատաղանդավորն է»։
Թեև երկար տարիներ Քնարիկը չէր կարողանում ներել հորը, այսօր ասում է՝ ներումն ազատություն է։
«Չես մոռանում, բայց ներում ես, որովհետև հասկանում ես՝ ժամանակը հետ չես բերի»,- ասում է նա։
«Ալբերտ Մկրտչյանն ինձ համար երկրորդ հայր էր»
Դերասանուհին հուզմունքով խոսեց նաև երջանկահիշատակ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասին, ում անվանում է իր կյանքի ամենամեծ ուսուցիչներից մեկը։
Նրա խոսքով՝ հենց Ալբերտ Մկրտչյանն է ձևավորել իր մասնագիտական ինքնավստահությունը։
«Նա ինձ ասում էր՝ դու մեր թատրոնի պրիմա դերասանուհին ես։ Այդ խոսքերը մինչև այսօր ուժ են տալիս»,- ասում է նա։
Քնարիկը հիշեց նաև, որ իր հարսանիքը սկսվել է հենց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից.
«Ես միշտ զգացել եմ, որ այդ թատրոնն իմ տունն է»։

«Թատրոնը երբեք չեմ փոխի ընտանիքի հետ»
Դերասանուհին խոստովանում է, որ կյանքում եղել է պահ, երբ ստիպված է եղել ընտրություն կատարել ընտանիքի և մասնագիտության միջև։
Նրա ընտրությունը եղել է թատրոնը։
«Ես այդպես եմ ծնվել։ Ես չեմ կարող լինել միայն տնային տնտեսուհի»։
«Կարենի աչքերում մինչև այսօր տեսնում եմ, որ ես միակն եմ»
Խոսելով ամուսնու մասին՝ Քնարիկ Զաքարյանը նշում է, որ իրենց հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն են։
Նա ասում է՝ երբեք չի ընդունի դավաճանությունը, և երջանկություն է համարում այն, որ ամուսնու աչքերում մինչ օրս տեսնում է նույն սերը։
«Ինձ համար շատ կարևոր է զգալ, որ ես միակն եմ»։
«Ես առաջինն եմ ասում՝ կներես»
Քնարիկը նաև խոստովանում է, որ չի սիրում երկար նեղացած մնալ։
Եթե հասկանում է, որ մեղավոր է, առաջինն է ասում՝ «ներիր ինձ».
«Տանը ծանր մթնոլորտ չեմ կարողանում տանել։ Ավելի հեշտ է հաշտվել, քան օրերով լռել»։
«Ամենից շատ վախենում եմ սիրելի մարդկանց կորցնելուց»

Բլից հարցերի ժամանակ դերասանուհին ասաց՝ կյանքի ամենամեծ վախը հարազատ մարդկանց կորուստն է։
Իսկ ամենամեծ կարոտը վերաբերում է տատիկին՝ Ածիկին, ում մասին խոսելիս չկարողացավ զսպել արցունքները.
«Եթե հնարավորություն ունենայի մի քանի րոպեով հանդիպել նրան, միայն կասեի՝ շատ եմ սիրում ու անչափ կարոտում…»։
Մանրամասները՝ տեսանյութում։

