«Եթե անցակետ դնեն, դառնալու է 90-ականները, երբ ՕՄՕՆ-ի հետ անձնագրային ռեժիմի պատրվակով մարդկանց բռնում-տանում էին». Արծվիկ Սարգսյան

Երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ»:

Ի դեպ, այս ամենի մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահը, որին հետևել են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակումներ։

168.am հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, քանի որ Շուշիի ճանապարհի այդ հատվածը 70 օրից ավելի է՝ փակ է ադրբեջանցիների կողմից, իրենք չեն կարողանում տեսնել, թե ինչ են անում նրանք այնտեղ։

«Այս լուրի մասին ես իմացել եմ համացանցից, քանի որ մեզ մոտ ճանապարհի այդ հատվածը չի երևում, հստակ չենք կարողանում ասել, թե ինչ է կատարվում։ Ադրբեջանական կողմն էլ լուսանկարներ չի հրապարակում, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Բայց դե, սա իրենց հերթական քայլն է, որով ճնշում են, որ իրենց ծրագրածն իրագործեն։

Կարդացեք նաև

Եթե նման բան անեն, ապա կստացվի՝ ոչ միայն բեռներն են ստուգելու, այլև մարդկանց՝ ոտքից գլուխ։ Դառնալու է 90-ական թվականները, երբ ՕՄՕՆ-ի հետ  անձնագրային ռեժիմի պատրվակով մարդկանց բռնում-տանում էին։ Նրանք հանցագործ տարրեր են և դրա համար են դնում սարքերը։

Եթե դնեն ռենտգեն սարքեր ու կանգնած լինեն մեր ճանապարհին, ապա իրենցից ամեն ինչ սպասեք, իրենք ամեն ինչ անելու են։ 90-ականներին, երբ իրենք օդանավակայանում էին, մարդկանց բռնում էին ինչ-որ պատրվակներով։ Երբ ես ուսանող էի, այդպիսի դեպք ինձ հետ պատահել է, անձնագրի պատճառով բռնում տանում էին։

Ես լսեմ եմ, որ ասում են այդ ռենտգեն սարքերը պետք է նկարեն 8 տոննայից ավելի բեռները, բայց սա որքանով է ճիշտ՝ չգիտեմ։ Եթե նույնիսկ այդպես լինի, իրենք ինչո՞ւ պետք է ստուգեն, թող «ջհանդամի հեռվում» նստեն նայեն»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա, չնայած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի բխում հայկական կողմի շահերից, այդուհանդերձ այնտեղ ճանապարհին անցակետեր դնելու վերաբերյալ որևէ կետ գոյություն չունի, և ստացվում է, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները։

«Այս նույն բանն իրենք կարող են ցանկացած տեղ անել։

Պետք է ինչ-որ նախաձեռնություն, քայլ արվի, նոր նման բան թույլ չտան։ Դրանց մռութը գոնե մեկ անգամ պետք է ջարդվի, թե չէ այսպես ամեն օր Ալիևի դուդուկի տակ պարելով չի լինի։ Դե, այս ամենն էլ գալիս է վերևներից, իշխանությունն այնպես պետք է անի, որ նման բան չլինի։ Հիմա 90-ականներից ավելի վատ է, այն ժամանակ իշխանություն կար, որն Արցախի թիկունքին կանգնած էր, Արցախի մասին մտածում էր։ Բայց հիմա իշխանությունն անում է այն, ինչ ասում է Ալիևը։

Հիշո՞ւմ եք, որ արցախցի երեխաներին Գորիսից Կարմիր խաչը տեղափոխեց Արցախ, ադրբեջանցիները ներխուժեցին երեխաների ավտոբուս, սկսեցին նկարել, եթե այդ անցակետերը դնեն, ապա ամեն օր նման իրավիճակի ենք ականատես լինելու»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս