«Ծանր հարված եմ ստացել, որևէ մեկը չի պատկերացնի, թե այդ լսումներից հետո ԱԺ աստիճաններն ինչպես եմ իջել. Ոչ մի անգամ մեզ նման բան չէին ասել». Ռիմա Առաքելյան
Հունվարի 30-ին ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների որոշ ծնողների հետ փակ լսումներ անցկացվեցին, որին մասնակցում էին ինչպես 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներ, այնպես էլ 90-ականներին անհետ կորածների ծնողներ։ Փակ հանդիպմանը մասնակցում էին մի շարք գերատեսության ղեկավարները կամ նրանց տեղակալները։
Հանդիպումից հետո «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանն ասել է, որ չի ստի՝ իրենք 90-ականներին անհետ կորածների հարցով չեն զբաղվում։
«Նիկոլ Փաշինյանը երբ ընտրվել էր վարչապետ, ես իրեն հարց տվեցի, թե մեր տղաների հետ կապված ի՞նչ եք անելու, նա պատասխանեց, թե դա իր ժամանակ չի եղել»,- ասել էր Ռիմա Առաքելյանը։
ԱԺ փակ լսումներից անցել է 5 օր, սակայն Ռիմա Առաքելյանը չի կարողանում վերականգնել իր հուսահատությունը, այն բանից հետո, ինչ ասել է իրեն ԱԱԾ տնօրենը։
«Այդ հանդիպումից հետո, մինչև հիմա աչքիս տակ արյուն է լցվել, չեմ կարողանում վերականգնվել։ Բայց հանդիպումից մեկ օր անց ինձ զանգահարեց Գայանե Գասպարյանը, ով գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավարն է, և ասաց. «երբ հանդիպումներ է տեղի ունենում, բա առանց տղաների հարցը քննարկելո՞ւ է անցնում»։ Բայց այդ ասելուց հետո, հիմա այսպես ասելն էլ ի՞նչ։
Ես ծանր հարված եմ ստացել, որևէ մեկը չի պատկերացնի, թե այդ լսումներից հետո ԱԺ աստիճաններն ինչպես եմ ներքև իջել։ Ոչ մի անգամ մեզ նման բան չէին ասել, որ պետությունը մեր տղաների հարցով չի զբաղվում։ 1949 թվականին գրված օրենք կա, այն գործում է առ այսօր։ Ըստ օրենքի, քանի դեռ անհետ կորածների աճյունները չեն բերվել, նրանց որոնումները միշտ պետք է լինի, սա իշխանությունը չգիտի՞։ Հանուն արդարության՝ մեկ բան ասեմ, որ ԱԱԾ տնօրենն ինձ երկար լսեց, լսեց իմ բոլոր հարցերը, հիմա որոշել ենք, որ պիտի հանդիպենք Գայանե Գասպարյանի հետ։
Չգիտեմ, պիտի ղեկավարություն ունենանք, որ մեր հարցն առաջ տանեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռիմա Առաքելյանը։
Նրա խոսքով՝ չնայած այս ամենին, ո՛չ ինքը, ո՛չ էլ անհետ կորածի որևէ ծնող իր հույսը չի կորցրել, որոնումները, աշխատանքներն իրենց ուժերի հնարավորությունների սահմաններում շարունակելու են։
«Մենք շատ բաներ ենք լսել ու շատ բաներ ենք տեսել, սպասենք, տեսնենք՝ առաջիկա հանդիպմանը մեզ ինչ են ասելու»,- ընդգծեց Ռիմա Առաքելյանը։
Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ «Հայաստանը պետք է տեղեկություններ տրամադրի Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի վերաբերյալ»։