1988 թվականի ԱՄՆ Կենտրոնական հետախուզության գաղտնազերծված փաստաթուղթն Արցախյան  հակամարտության մասին

1988 թվականի փետրվարի 12-ին սկսվեց Արցախյան շարժումը: Ազգային պահանջն ու հանրահավաքները սկսվեցին Արցախից, ապա տարածվեցին նաև Հայաստանում:

Պահանջը մեկն էր՝ Արցախի և Հայաստանի վերամիավորում: Հայերի արդար և խաղաղ պահանջին Ադրբեջանը պատասխանում էր իրեն բնորոշ ձևով: Արցախում, ինչպես նաև Խորհրդային Ադրբեջանի խոշոր բնակավայրերում ապրող հայերի նկատմամբ տեղի ունեցան ջարդեր, կոտորածներ: Հայերին դրդեցին լքել իրենց տներն ու բնակավայրերը: Բնականաբար, այս իրադարձություններն այդ շրջանում աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում էին:

Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գերտերությունները փորձում էին իրենց քաղաքական մատը պահել իրադարձությունների պուլսի վրա: Հենց 1988 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզությունը ևս ուսումնասիրում էր Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, փորձում էր գնահատականներ տալ և այդ ամենի վերլուծությունները ներկայացնել ԱՄՆ ղեկավարությանը:

Կարդացեք նաև

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության գաղտնազերծված փաստաթղթերի մեջ հանդիպում ենք 1988 թվականի հունիսի մի զեկույց, որի հեղինակն այդ շրջանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուիլյամ Ուեբսթերն է:

Նա զեկուցում է այդ շրջանի ԱՄՆ փոխնախագահ Ջորջ Բուշին, թե ինչ պատմություն ունի Արցախյան հարցը: Ստորև ներկայացնում ենք գաղտնազերծված փաստաթուղթն ամբողջությամբ:

«1988 թ. հունիսի 16, Փոխնախագահին

Կից ներկայացվում է խորհրդային հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքի ծագման վերաբերյալ համառոտ պատմական տեղեկանք։ Հասկանում եմ, որ այս հարցը դուք քննարկել եք PDB-ի զեկուցողի հետ այսօր առավոտյան, և կարծում եմ, որ այն ձեզ կհետաքրքրի։

Հարգանքով՝ Ուիլյամ Հ. Վեբսթեր

Հայ-ադրբեջանական թշնամանքի պատմությունը

Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև թշնամությունը հիմնականում հիմնված է կրոնական և էթնիկական տարբերությունների վրա։ Հայերը քրիստոնյա են, իսկ ադրբեջանցիները՝ թյուրքական ծագման շիա մահմեդականներ։ Դարերի ընթացքում այդ տարբերությունները առաջացրել են սուր տարածքային վեճեր, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Պատմականորեն հայկական և ադրբեջանական հողերը եղել են Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև պայքարի առարկա։ 19-րդ դարի սկզբին Ռուսական կայսրությունը տարածվեց դեպի Կովկաս՝ իր վերահսկողության տակ առնելով երկու ժողովուրդներին և երբեմն նրանց միմյանց դեմ տրամադրելով։

1915 թվականին Թուրքիայի կողմից հայկական բնակչության գրեթե ամբողջական տեղահանությունը, որի ընթացքում, ըստ գնահատականների, զոհվել է շուրջ մեկուկես միլիոն մարդ, զգալիորեն խորացրեց հայերի ատելությունը թուրքական ժողովուրդների նկատմամբ, ներառյալ՝ ադրբեջանցիներին։

Միևնույն ժամանակ շատ հայեր ռուսներին սկսեցին դիտել որպես պաշտպաններ կամ առնվազն որպես ավելի փոքր չարիք։ 1917 թվականին Ցարական կայսրության փլուզումից հետո Հայաստանը և Ադրբեջանը երկու տարի գոյություն ունեցան որպես անկախ հանրապետություններ։ Սակայն նրանց փոխադարձ թշնամանքը հեշտացրեց Կարմիր բանակի համար 1920 թվականին Կովկասում խորհրդային իշխանության հաստատումը, և երկու հանրապետություններն էլ ընդգրկվեցին Խորհրդային Միության կազմում։

Բոլշևիկների իշխանության հաստատումից հետո Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը։ Սակայն հայերն այն համարում էին իրենց օրինական տարածքը՝ թե՛ բնակչության էթնիկական կազմի պատճառով, որը ճնշող մեծամասնությամբ հայկական էր, և թե՛ իրենց ազգային պատմության մեջ ունեցած առանձնահատուկ նշանակության պատճառով։

Սկզբում Մոսկվան Ղարաբաղը վերագրել էր Հայաստանին, սակայն Թուրքիայի դժգոհությունից և իր սահմանների մոտ մեծ հայկական պետության գոյության մտավախությունից հետո խորհրդային ղեկավարությունը 1923 թվականին Ղարաբաղը, որը վերանվանվել էր Լեռնային Ղարաբաղ, կրկին հանձնեց Ադրբեջանին։ Այդ ժամանակից ի վեր հայերը պարբերաբար պահանջել են Լեռնային Ղարաբաղի վերադարձը։

Ըստ Գորբաչովի տնտեսական խորհրդական Աբել Աղանբեկյանի, որը կիսով չափ հայ էր, տասնամյակներ շարունակ հայկական կուսակցական ժողովներում և հանրային հավաքներում այդ հարցը մշտապես բարձրացվել է։

1960-70-ական թվականներին հայ այլախոհները տարածել են հռչակագրեր, որոնցով պահանջել են շրջանի վերադարձը Հայաստանին։ Ադրբեջանցիների անզիջում դիրքորոշումը մասամբ պայմանավորված է այն համոզմամբ, թե ռուսները կողմնակալ են հայերի նկատմամբ՝ կրոնական ընդհանրության և Մոսկվայի քաղաքական վերնախավում հայերի ավելի մեծ ներկայացվածության պատճառով։

Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց համարում են ժողովրդագրական գործընթացների զոհ, որոնք ավելացնում են գործազուրկ ադրբեջանցի երիտասարդների թիվը և վատթարացնում կենսապայմանները։

Այս խոր դժգոհությունները անուղղակիորեն սրում են հայ-ադրբեջանական հակասությունները և մեծացնում Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ բռնության հավանականությունը»: (Տե՛ս այստեղ.):

Հետաքրքիր է, որ այս փաստաթուղթը կազմվել է հենց 1988 թվականի Արցախյան շարժման սկզբում:

Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ փոխնախագահին՝ որպես շատ կարճ պատմական տեղեկանք և ակնարկ, թե ի՞նչ են իրենից ներկայացնում արցախյան հարցն ու հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական խնդիրները:

Այս փաստաթուղթը ցույց է տալիս, թե ինչպես էր ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչությունն այդ պահին գնահատում հայ-ադրբեջանական հակամարտության հարցը։ Այս փաստաթուղթը նաև ընդգծում է, թե ինչպիսի տրամադրություններ ուներ այդ պահին ԱՄՆ-ը հարցի վերաբերյալ:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930