«Պարզ տեսնում ենք, թե ինչպես է Նախիջևանն օր օրի դառնում ռազմական պոլիգոն. Մշտապես հիշեցրել ենք Տիգրանաշենի մասին». Արամ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ հունիսի սկզբին, խոսելով Արծվաշենի մասին, ասել էր, որ Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը փոխանակումն է։ Թե ինչի հետ փոխանակումը՝ Նիկոլ Փաշինյան այդպես էլ չմանրամասնեց։

«Արծվաշենի խնդիրը լուծելու տարբերակներից մեկը կարող է փոխանակումը լինել։

Հայկական կողմի համար այս թեման այլևս լարվածության հարց չէ։ Սկզբունքը հետևյալն է. Հայաստանն ու Ադրբեջանն ուզում են իրար խոցե՞լ սահմանազատման գործընթացով, թե՞ հարցերը լուծել այնպես, որ մեր և իրենց երեխաներն այլևս այդ թեմաները չունենան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն Արծվաշենը Տիգրանաշենով փոխանակելն է, ապա պետք է հասկանա՝ այս երկուսը հավասարազոր տարածքներ չեն։

Կարդացեք նաև

«Արծվաշենը հայկական տարածք է և նման տարածքներ մենք Ադրբեջանում տասնյակ-հարյուրավորներն ունենք, որովհետև հայերը բնակվել են Ադրբեջանի տարածքում, երբ Ադրբեջան պետություն գոյություն չուներ, և այդ տարածքներում մեր ապրելու իրավունքն անհերքելի է եղել պատմական ու իրավական տեսանկյունից։

Մենք 2020 թվականից հետո մշտապես հիշեցրել ենք Տիգրանաշենի մասին, չգիտեմ՝ ո՞ւմ մտքով է անցել այն անվանել Քյարքի։ Ուզում եմ հիշեցնել, որ այս վերջին անվանումը որևէ պաշտոնական քարտեզում, փաստաթղթում գոյություն չունի»,-  168.amի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանի իշխանությունները թույլատրել են, որպեսզի ադրբեջանցի հովիվները գան Տիգրանաշենի տարածքում հովվությամբ զբաղվեն։ Աստիճանաբար ադրբեջանցի հովիվները շատացել են, ընտանիքներին են բերել ու շատացել են։

Մեր զրուցակիցը վստահ է, որ այս քայլին ադրբեջանցիները գիտակցաբար են գնացել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների վերահսկողությամբ։ Սա եղել է այդ երկու երկրների մեծ պլանի մի մասը։

«Մտածված այնպես են արել, որպեսզի հարմար պահ ընտրեն ու փակեն հայերի ճանապարհը դեպի Սյունիք և այդ ճանապարհն օգտագործեն որպես «միջանցք»՝ թուրքալեզու պետությունները միավորելու համար։ Չգիտես ինչու, այսօր որոշ անձանց թվում է, թե սա ֆանտաստիկայի ժանրից է, բայց ես ասում եմ այն, ինչը թուրքերը չենք թաքցնում, և Բախչելիի վերջին հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» վերջապես իրենց հնարավորություն է տալու կյանքի կոչել «Թուրանի» գաղափարը», ևս մեկ անգամ հաստատում է թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակները։

Մենք պարզ տեսնում ենք, թե ինչպես է Նախիջևանն օր օրի դառնում ռազմական պոլիգոն։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կկատարի մեծագույն հանցագործություն, եթե հանկարծ համաձայնի Տիգրանաշենը փոխանակել»,- հավելեց Արամ Սարգսյանը։

Շարունակելով, նա շեշտեց՝ պետք է մեկընդմիշտ ֆիքսել, որ Տիգրանաշենը ՀՀ օրինական տարածքն է, որը, գաղտնիք չէ, որ Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, և եթե այն հանձնվի ադրբեջանական վերհսկողությանը, ապա դա կլինի Սյունիքի մեկուսացում ու պետական դավաճանություն։

«Տիգրանաշենը թուրք-ադրբեջանական տանդեմի համար այն երանելի ճանապարհն է, որով թուրքալեզու պետությունները կմիավորվեն։

Այս հարցն այսօր մեր հասարակության համար պետք է դառնա գլխավոր հարցերից մեկը և քայլ կատարի, պաշտպան կանգնի մեր տարածքներին, որպեսզի իշխանության կողմից նման որևէ քայլ չկատարվի»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930