Թուրքիայից և Ադրբեջանից հնչած երկու հայտարարությունները հերթական անգամ բացահայտեցին այն իրականությունը, որը տարիներ շարունակ թաքցվում է «խաղաղության օրակարգ» կոչվող գեղեցիկ փաթեթավորման տակ. Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին օրերին Թուրքիայից և Ադրբեջանից հնչած երկու հայտարարությունները, որոնք հայկական տիրույթում հատուկ արձագանք չստացան, հերթական անգամ բացահայտեցին այն իրականությունը, որը տարիներ շարունակ թաքցվում է «խաղաղության օրակարգ» կոչվող գեղեցիկ փաթեթավորման տակ։
Նախ Թուրքիայի իշխանական դաշինքի առանցքային դեմքերից Դևլեթ Բահչելին հայտարարեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է անվանել իր «իրական անունով»՝ «Թուրանի միջանցք»։ Գրեթե նույն ժամանակ Ադրբեջանում պետական հովանավորությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարեց, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» համար։
Ակնհայտ է, որ նշված հայտարարությունները նույն ռազմավարության երկու բաղադրիչներն են։ Առաջինը վերաբերում է Հայաստանի տարածքը թուրքական աշխարհը միավորող աշխարհաքաղաքական միջանցքի վերածելու ծրագրին, երկրորդը՝ ՀՀ նկատմամբ երկարաժամկետ քաղաքական և ժողովրդագրական պահանջների ձևավորմանը։
Ըստ էության՝ հենց այստեղ էլ փլուզվում է «խաղաղության» մասին ՀՀ-ում թևածող պաշտոնական նարատիվը։ Եթե գործընթացի արդյունքում Թուրքիան ավելի բաց է խոսում «Թուրանի միջանցքից», իսկ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, ապա ակնհայտ է, որ խոսքը հավասար իրավունքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղության մասին չէ, այլ իջեցված հանձնարարականի։
Ավելին, այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարան և Բաքուն ոչ միայն չեն հրաժարվել իրենց ռազմավարական նպատակներից, այլ արդեն նույնիսկ անհրաժեշտ չեն համարում դրանք քողարկել։
Սա է պատճառը, որ այսօր «խաղաղության օրակարգը» գնալով ավելի շատ նմանվում է ոչ թե ազգային շահերի պաշտպանության ռազմավարության, այլ թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկման քաղաքական տեխնոլոգիայի։ Փաստացի մի կողմը հետևողականորեն առաջ է տանում սեփական պանթուրանական նարատիվները, իսկ մյուսը՝ հասարակությանը համոզում է, որ դրանց չդիմադրելը խաղաղություն է։ Այլ կերպ ասած՝ գործ ունենք կոլաբորացիոնիզմի դասական դրսևորման հետ։
Ի դեպ՝ որքան ավելի բաց են դառնում Անկարայի ու Բաքվի իրական նպատակները, այնքան ավելի դժվար է հավատալ, որ այս գործընթացի գլխավոր շահառուն Հայաստանն է։ Այս պահին, առնվազն, գործընթացները բոլորովին այլ բան են հուշում»։

