Անկախությունն ի՞նչ կապ ունի ելակի վաճառքի հետ․ երբ մարդ իր ոչ կոմպետենտ վիճակը փաթեթավորում է անկախության թեզերի տակ, ուղղակի ծիծաղելի է․ Մնացականյան

Ծիրանի բերքահավաքը մոտենում է, սակայն գործադիրից դեռ չեն հստակեցնում՝ հայկական ծիրանին ինչ ճակատագիր է սպասվում, և, օրինակ, նախատեսվո՞ւմ է արդյոք նաև ծիրանն ընդգրկել արտոնությունների փաթեթի մեջ՝ դիտարկելով ԵՄ իրացվելիության հեռանկարը։

Մի քանի օր է՝ ՔՊ-ականներն ու նրանց մերձ շրջանակներն «ավետում են»՝ հունիսի վերջին հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար կմեկնի Լեհաստան։ Ու թեև դեռ հստակ չէ, թե ո՞ր ընկերությունն է իրականացնելու արտահանումը և ի՞նչ պայմաններով, բայց գյուղատնտես Հարություն Մնացականյանի համար արդեն հստակ է, որ 20 բեռնատար ծիրանը հարցի լուծում չէ։

«Անցած տարի շուրջ 50.000 տոննա ծիրանը արտահանվեց։ Իսկ այդ 20 բեռնատարը, եթե հաշվեք 20 տոննայով, կստացվի՝ 400 տոննա․ 400 տոննան 50.000 տոննայի մեջ անում է 1 տոկոսից մի քիչ պակաս»,- 168am-ի հետ զրույցում մանրամասնեց Հարություն Մնացականյանը։

Խոսելով սուբսիդավորման հնարավորության մասին՝ ինչպես կառավարությունը արեց պղպեղի, լոլիկի, ելակի ու ծաղիկի դեպքում (թեև ինչպես, օրինակ, ծաղիկ արտադրողներն էին նշում, դա ևս լուծում չէ), ֆերմերն ուշադրություն հրավիրեց եվրոպական ստանդարտների վրա։

Կարդացեք նաև

«Քանի որ Եվրամիությունը սննդի հանդեպ շատ ուշադիր է, այդ ծիրանը պիտի լաբորատոր անալիզով համապատասխանի իրենց չափանիշներին։ Ասելով չի․ լավ, ենթադրենք՝ Լեհաստան ինչ-որ ձևով մտավ, իսկ մնացածն ի՞նչ են անելու։

Ես մի տարի 3 տոննա ծիրան արտահանեցի, ու դեռ բնապահպանական գումար էլ մուծեցի, որ այդ ծիրանը ոչնչացնեն։

Ամեն դեպքում, այդ սուբսիդիաները կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետն ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի այդքան փակվի․ միլիարդ դոլարի արտահանում են անում, այդ սուբսիդիայով կամ փոխհատուցումով ինչպե՞ս են լուծելու խնդիրը»,- հավելեց նա։

Ո՞ր դեպքում դեպի ԵՄ ուղղությունը կարող է դիտարկվել որպես դիվերսիֆիկացիոն ուղղություն՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ Հարություն Մնացականյանը թվարկեց անհրաժեշտ առաջնահերթ պայմանները։

«Մենք պիտի ունենանք համապատասխան որակի լաբորատորիաներ, որ կարողանան նորմալ նմուշառում անեն, նորմալ որակական հատկանիշներ ստուգեն՝ հասկանալու, թե արտահանվող ապրանքը համապատասխանո՞ւմ է եվրոպական ստանդարտին։ Պետությունը, ՍԱՏՄ-ն պետք է այնպես աշխատեն, որ ցանկացած պտուղ-բանջարեղենի արտադրության աճեցում հետագծելիություն ունենա։ Այսինքն՝ ցանկացած ֆերմեր պիտի իմանա՝ ինչ կարգի, ինչ չափաքանակի թունաքիմիկատ է օգտագործում, ինչ տեսակի թունաքիմիկատ է օգտագործում, ինչ պարարտանյութ․․․,- նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ վերջին շրջանում լրատվամիջոցներից մեկը սեփական անկախ ուսումնասիրությունն էր արել ու գրեթե բոլոր պտուղ-բանջարեղենների մեջ արգելվող նյութեր էր հայտնաբերել,- Բա Եվրոպական միություն, որտեղ սննդի նկատմամբ շատ մեծ է պահանջը ստանդարտների, որակական հատկանիշների, ո՞նց են կարողանալու մտնել։ Ուզում է՝ սուբսիդիա անեն, ուզում է՝ տրանսպորտի ծախսը փոխհատուցեն, դրան գումարած՝ բույսերի ինքնարժեքի իջեցում է պետք անել ու նման բազմաթիվ այլ գործոններ։ Երբ որ գումարում ես իրար, հասկանում ես՝ այս ամեն ինչը 8 տարի չի արվել, դա անելու համար էլ մի 8 տարի պետք է»։

Ռուսական սահմանափակումների համատեքստում՝ Հարություն Մնացականյանը առհասարակ կարևորեց ճիշտ քաղաքականությունն ու դիվանագիտությունը։

«Ասում են, թե անկախության խնդիր կա, ու պաթետիկ, գռեհիկ տեքստերով անընդհատ մեզ հրամցնում են, թե ելակն արգելել են, մեր անկախությունն ենք պահել։ Անկախությունն ի՞նչ կապ ունի ելակի վաճառքի հետ․ Վրաստանը Ռուսաստանի հետ առ այսօր, կարելի է ասել, թշնամական երկիր է, տարածքային խնդիրներ ունի, բայց նա իր առևտուրը 2008 թվականից չի դադարեցրել, Ռուսաստանի հետ իր արտահանումները չի դադարացրել։ Իսկ երբ մարդ իր ոչ կոմպետենտ վիճակը, դիլետանտ վիճակը փորձում է փաթեթավորել հայրենասիրության, անկախության կեղծ թեզերի տակ, ուղղակի ծիծաղելի է»,- ամփոփեց նա։

Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանից մի խումբ ապրանքների ներմուծման սահմանափակումները սկսեց կիրառել մայիս ամսից՝ սկզբում արգելելով ջերմուկի վաճառքը, ապա՝ սահմանափակումներ մտցվեցին ծաղիկների, բանջարեղենի, ելակի, իսկ ավելի ուշ՝ նաև կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930