«3+3» ձևաչափի ապագան. Ինչի՞ց է կախված Երևանի, Բաքվի և Թբիլիսիի իրական հետաքրքրվածությունը

Չնայած Մոսկվան կոշտացրել է հռետորաբանությունը պաշտոնական Երևանի նկատմամբ, զուգահեռաբար տնտեսական սահմանափակումներ կիրառելով, Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա։

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը դեռ անցյալ տարի լրատվամիջոցներին ասել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ «Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- ԶԼՄ-ներին հայտնել էին ԱԳՆ-ից։ Մինչ օրս, սակայն, Երևանում կամ Բաքվում հարթակի հանդիպումն անցկացնելու մասին ստույգ տեղեկություն չկա։

«Կցանկանայի հատկապես ողջունել մեր քննարկմանը Վրաստանի փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը։ Մեզ համար, ինչպես հարթակի բոլոր մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի՝ «3+3»-ի հեռանկարները դժվար թե լիարժեք լինեն։ Հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում պաշտոնական Թբիլիսին ևս կմիանա մեր աշխատանքին»,- հավելել է Գալուզինը։

Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար հայտարարում է, որ Վրաստանը չի մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին։ Մոսկվայից, սակայն, շարունակում են հայտարարել, թե «3+3» ձևաչափի դռները միշտ բաց են Վրաստանի համար։ Բացի այս, Մոսկվան ամիսներ է, ինչ հայտարարում է այս ձևաչափով հաջորդ հանդիպումը Երևանում և Բաքվում անցկացնելու մասին, սակայն այս ձևաչափով հանդիպումն այդպես էլ չի կայանում:

Կարդացեք նաև

Ռուս վերլուծական Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ հայտարարությունը՝ «3+3» հարթակի հանդիպումը Երևանում կամ Բաքվում անցկացնելու վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծում է այն դադարը, որն առկա է այս ձևաչափում։

Ըստ նրա, թեև ռուսական կողմը փորձում է հանդիպման չկայանալը ներկայացնել որպես զուտ տեխնիկական կամ լոգիստիկ խնդիր՝ կապված հյուրընկալող քաղաքի ընտրության հետ, իրականում պատճառները խորքային աշխարհաքաղաքական են։ Նա ուշադրություն հրավիրեց նաև այն իրավիճակի վրա, որը ծավալվում է ներկայումս  հայ-ռուսական հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ անդամակցության ցանկության շուրջ:

Եվսեևը գտնում է, որ ընդհանուր առմամբ որևէ զարմանալի բան տեղի չի ունենում, գործընթացները միմյանց տրամաբանական շարունակությունն են, Երևանի և Բաքվի միջև համաձայնության բացակայությունը կամ ամիսներ ձգվող բանակցությունն այս թեմայով ոչ թե կազմակերպչական անկարողության, այլ կողմերի տակտիկական քայլերի արդյունք է, որտեղ յուրաքանչյուրն ունի իր սեփական հաշվարկները հարավկովկասյան նոր ճարտարապետության մեջ:

«Այս ձգձգումներով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, յուրովի լուծում են տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի ազդեցության լծակները թուլացնելու կամ առնվազն սահմանափակելու խնդիրը։

«3+3» ձևաչափն  այս փուլում առաջ է մղվում Մոսկվայի և Թեհրանի կողմից՝ որպես արտատարածաշրջանային ուժերի  մուտքը Հարավային Կովկաս արգելափակելու և բոլոր հարցերը «տեղական մակարդակով» լուծելու գործիք, որտեղ իրենք ունեն որոշիչ ձայն։ Խուսափելով կամ հետաձգելով այս ձևաչափով հանդիպումները՝ Երևանն ու Բաքուն թույլ չեն տալիս այս երկու տերություններին լիովին վերահսկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և թելադրել սեփական օրակարգը։ Իսկ գլխավոր պատճառը շատ պարզ է, քանի որ կա ակտիվ համագործակցություն Արևմուտքի՝ թե ԱՄՆ-ի, թե ԵՄ-ի հետ»,- ասաց Եվսեևը:

Նրա խոսքով, Հայաստանի համար հանդիպման հետաձգումը տեղավորվում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման և արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման տրամաբանության մեջ։

Ըստ Եվսեևի՝ Երևանը ձգտում է խուսափել միայն Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտում գտնվող հարթակներից, քանի որ դրանք սահմանափակում են Արևմուտքի  ներգրավվածությունը տարածաշրջանում, առավել ևս մի իրավիճակում, երբ Հայաստանը ցանկանում է ՌԴ-ի հետ պահպանել միայն տնտեսական օրակարգը, ձգտելով պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին, սակայն ունենալով ԵՄ անդամակցության օրակարգ: Նա պարզաբանեց, որ եթե Արևմուտքն ակտիվորեն աշխատում է ամրապնդելու համար սեփական օրակարգը, մեկուսացնելով Ռուսաստանին ու Իրանին, ապա ինչո՞ւ պետք է հետաքրքրված լինի նոր ձևաչափի զարգացմամբ:

«Ուստի  «3+3»-ով հետաքրքրված չէ ոչ Երևանը, ոչ Բաքուն, ՌԴ-ն դա շատ լավ է հասկանում, սակայն չի հրաժարվում այդ ձևաչափից, քանի որ ինչ-որ փուլում այն կարող է անհրաժեշտ լինել, և ինչ-որ փուլում դիրքորոշումներ կարող են փոխվել:

Մյուս կողմից, Ադրբեջանը, թեև արտաքուստ կողմ է արտատարածաշրջանային ուժերի հեռացմանը, նույնպես շահագրգռված չէ Ռուսաստանի կամ Իրանի ամրապնդված դիրքերով: Բաքուն նախապատվությունը տալիս է Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին՝ առանց որևէ միջնորդի։ Հետևաբար, «3+3»-ի շուրջ ստեղծված այս դիվանագիտական «փակուղին» թեև պատահական չէ, բայց ցույց է տալիս Հարավային Կովկասում փոխված աշխարհաքաղաքական ճարտարապետությունը»,- ասաց նա:

Խոսելով Վրաստանի հետաքրքրվածության բացակայությունից՝ վերլուծաբանն ասաց, որ «3+3» ձևաչափի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը Վրաստանի դեպքում  ունի սկզբունքային քաղաքական հիմքեր՝ պայմանավորված Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։

«Թբիլիսիի համար դժվար է պատկերացնել մասնակցություն մի հարթակի, որտեղ Մոսկվան առանցքային դերակատար է, սակայն այս դիրքորոշումը կարող է տրանսֆորմացվել ժամանակի ընթացքում, եթե Վրաստանի դիրքորոշումները մեղմվեն: Ռոսաստանն ի սկզբանե ուներ համոզմունք, որ Վրաստանը կմասնակցի ֆորմատին և դուրս չի մնա ռեգիոնալ համագործակցությունից, սակայն  Վրաստանը սկսեց սերտացնել շփումները Երևանի ու Բաքվի հետ: Թեև նշեմ, որ այս դիրքավորումը կարող է փոխվել»,- նկատեց Եվսեևը:

Վերլուծաբանը կարծում է, որ այս ամենին զուգահեռ՝ չպետք է անտեսել նաև Թուրքիայի գործոնը, որը, լինելով «3+3» ձևաչափի նախաձեռնողներից մեկը,  ավելի շատ հակված է Անկարա-Բաքու-Երևան ուղիղ կամ եռակողմ կապերի ակտիվացմանը, քան Մոսկվայի ու Թեհրանի հետ ընդհանուր հարթակում հանդես գալուն:

«Անկարան ևս ձգտում է առավելագույնի հասցնել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացումը տեղավորվում է թուրքական աշխարհաքաղաքական շահերի համատեքստում։ Արդյունքում ստացվում է մի իրավիճակ, որտեղ «3+3» ձևաչափի սառեցումը, թեկուզ տարբեր շարժառիթներով, ձեռնտու է տարածաշրջանային գրեթե բոլոր հիմնական դերակատարներին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930