Բաժիններ՝

Զինակից ընկերոջ կատակի պատճառով հարվածել է դեմքին

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Սայադ Կարապետյանն, իր զինակից ընկերոջ կատակը չհանդուրժելով, բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Թադևոսյանի նկատմամբ, որի համար Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ  սահմանվել է  փորձաշրջան 1 տարի ժամկետով: Սայադ Կարապետյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է վերջինիս զորամասի հրամանատարությանը, իսկ զորացրվելուց հետո` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի համապատասխան բաժանմունքին` ըստ բնակության վայրի: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ դատավճռի, 2013թ ապրիլի 4-ին, զորամասի զորանոցում, Ս. Կարապետյանի մարզումների ժամանակ,  ժամկետային զինծառայող Գոռ Թադևոսյանը  կատակել է, ինչը  նյարդայնացրել է Ս. Կարապետյանին և վերջինս հունից դուրս գալով՝ ձախ ձեռքով հարվածել է զինծառայողի դեմքին՝  պատճառելով թեթև մարմնական վնասվածք:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է գործը քննել արագացված կարգով և հայտարարել է, որ ընդունում է իր մեղադրանքը:

Դատարանը ամբաստանյալի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ վերջինս խոստովանել է իր մեղքը, անկեղծորեն զղջացել և հաշտվել է  զինակից ընկերոջ հետ: Ամբաստանյալի պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայել են:

Սայադ Կարապետյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս