Բաժիններ՝

3 օր է` խուզարկում են արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների բնակարանները. փաստաբան

Արդեն 3 օր է` ինտենսիվ խուզարկություններ են իրականացվում արցախցի Մհեր Միրզոյանի հարազատների և ազգականների վարձակալած բնակարաններում։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Քննչական գործողությունները պայմանավորվում են դիմակավորված անձանց մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտնի տեսաուղերձի հետ։ Ահազանգած աղջկա խոսքով՝ իրենց բնակարանը խուզարկել են երեք օր առաջ՝ վաղ առավոտյան։ Նրա փոխանցմամբ՝ բնակարանը ամբողջությամբ տակնուվրա են արել, առգրավել բոլորի հեռախոսները, բերման ենթարկել իր մորն ու այլ անձանց, և այդ ամենը` 9 ամսական ու 2 տարեկան երեխաների ներկայությամբ»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ ընտանիքն ահաբեկված է և փաստացի հայտնվել է մեկուսացման մեջ։

«Հեռախոսների առգրավումից հետո կորցրել են կապը հարազատների հետ, չեն կարողանում անգամ երեխաներին բժշկի տանել, ակնհայտորեն գտնվում են դիտումների տակ և անգամ իմ հեռախոսահամարն էլ, իրենց խոսքով, մեծ դժվարությամբ են գտել»,– հավելել է փաստաբանը։

Նրա խոսքով` առավել ուշագրավն այն է, որ Մհեր Միրզոյանին կասկածում են բացառապես արտաքին նմանության, մասնավորապես՝ աչքերի նմանության հիմքով։

«Չնայած տեսանյութում խոսող անձի աչքերի գույնը ակնհայտորեն տարբերվում է Մհեր Միրզոյանի աչքերի գույնից, և բացի այդ, նա արդեն երեք տարուց ավել է` բնակվում է ՌԴ-ում, այդուհանդերձ, ինտենսիվ գործողությունները շարունակվում են, իսկ նրա նկատմամբ էլ հայտարարված է հետախուզում»,– եզրափակել է Երիցյանը։

Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում 5 դիմակավորված անձինք Արցախի բարբառով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք փախած լակոտներ են, ինքը բոլորին հայտնաբերելու է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930