#ՀԻՄԱ. Ի՞նչ է կատարվում Մասյացոտնի թեմի շուրջ. Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետի ասուլիսը. #ՈՒՂԻՂ
Փաստաբան Արա Զոհրաբյանը և Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանն այսօր մամուլի ասուլիսում ներկայացրին Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրանք շեշտեցին, որ այսօր իրականացվողն, ընդհանուր առմամբ, հարված է ՀԱԵ սահմանադրականության հիմքերին և նվիրապետությանը։
168․am-ը բանախոսներից նախ հետաքրքրվեց՝ հաշվի առնելով խնդրի քաղաքական խորքը՝ կարճաժամկետ կտրվածքով որևէ ակնկալիք ունե՞ն խնդրի լուծման հարցում, ապա նաև հստակեցրեց՝ արդյո՞ք միջազգային տարբեր շրջանակների հայտարարություններից հետո ինչ-ինչ միջազգային կառույցների կողմից հաջորդել են քայլեր, որոնք կօգնեին կանխել եկեղեցու թիրախավորումը։
Ի պատասխան՝ Արա Զոհրաբյանը ասաց․ «Նախևառաջ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե հիմա որոշակի ագրեսիա չեք տեսնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, ապա դա միայն երևացող կողմն է, որովհետև քրեաիրավական գործիքները մշտապես աշխատում են․ տարբեր քրեական վարույթներ կան նախաձեռնված, այդ քրեական վարույթներով քննիչները գործողություններ են կատարում, պարբերաբար հարցումներ են կատարում, նյութեր են հավաքում։
Այսինքն՝ այս պահին էլ հիմա իրենք աշխատում են, որ որևիցե բան գտնեն։ Մենք ենթադրում ենք, որ իրենք ակտիվ գործընթաց կսկսեն հունիսի 7-ից հետո, և պատահական չէ նաև, որ այդ հակասահմանադրական թեզը ներառվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մեջ։
Եվ եթե վաղն իրենք հաջողություն գրանցեն, և ՔՊ-ն իշխանություն ստանձնի, ապա դա մանիպուլացվելու է՝ ասելու են, որ ժողովուրդը մեզ տվել է մանդատ եկեղեցին քանդելու։ Այնպես որ, մենք հիմա ակնկալիք էլ չունենք, որ իրենք հետ են կանգնելու»։
Նա նաև նկատեց, որ ժամանակավոր պասիվության մեջ իր դերն է խաղացել հաշվարկը, ըստ որի՝ եկեղեցու դեմ հարձակման ֆոնին Փաշինյանի վարկանիշը նվազման միտում է ունեցել։
«Ես տեղեկություններ ունեմ, որ այժմ Նիկոլ Փաշինյանը ծիսական կյանքին չի միջամտում, որովհետև իրեն հստակ ասել են, որ վարկանիշը լավ ընկել է, երբ դու մտնում ես, խմբագրում ես Պատարագի բովանդակությունը և այլն․ տեսել եք՝ արդեն սկսել է կանոնական ծեսերի մասնակցել»,- հավելեց նա։
Իսկ ինչո՞ւ է ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը շարունակում այս գործընթացը՝ հարցի պատասխանն Արա Զոհրաբյանը փնտրում է տարածաշրջանի թշնամական պետությունների պարտադրանքի համատեքստում։
«Ինչո՞ւ, քանի որ մեր ինքնության պահապանը եկեղեցին է, և եկեղեցին նաև մեծ դերակատարում ունի Սփյուռքի համախմբման հարցում, իսկ սփյուռքն այսօր, կոնկրե՛տ Թուրքիայի համար սպառնալիք է մեծ»,- նկատեց փաստաբանը։
Խոսելով միջազգային արձագանքներից ու հնարավոր գործողություններից՝ Արա Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ այսօր իշխանությունները եկեղեցու դեմ պայքարն Արևմուտքում ներկայացնում են բացառապես ռուսական ազդեցության դեմ պայքարի ծիրում, ինչի պատճառով Արևմուտքը մոռանում է բոլոր իրավունքների, ստանդարտների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում



