13.000-ի խաբեությունը. Ցածրորակ քարոզչություն՝ բարձր վարձատրվող ուսուցիչների հաշվին

Դրոշակ դարձրած՝ ամեն անգամ թափահարում են, թե Հայաստանում 700 հազար դրամ ստացող ուսուցիչ կա։ 700 հազար դրամ ստացողն էլ 29 հազար ուսուցիչներից ընդամենը 13-ն է, ուսուցիչների հազիվ 0,04 տոկոսը։

Հազարավոր ուսուցիչներ ու տասնյակ-հազարավոր այլ աշխատողների մասին, որոնց աշխատավարձը նույնիսկ 100 հազարի չի հասնում, չեն ասում։

Փետրվարի տվյալներով, որը հրապարակված վերջին ցուցանիշն է հայտարարագրված աշխատատեղերի վերաբերյալ, Հայաստանում 797 հազար աշխատող կա։ Նրանց 25 տոկոսի փաստացի աշխատավարձերը չեն հասնում 100 հազար դրամի։ Խոսքը՝ 200 հազար աշխատող քաղաքացու մասին է։

Այդ 200 հազար քաղաքացուն Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ անտեսում է, իսկ 13 ուսուցչի, ովքեր 700 հազար դրամ են ստանում, միշտ հիշում է ու նրանց ստացած 700 հազարանոց աշխատավարձերը մտցնում քաղաքացիների աչքը։

Կարդացեք նաև

Լավ է, որ Հայաստանում կան 700 հազար դրամ ստացող ուսուցիչներ, բայց դա չափանիշ չէ, որ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրել են։ Մինչև հիմա կամ ներդրումից 4-5 տարի անց, ուսուցիչների միայն 30 տոկոսն է անցել ատեստավորում։ Խոսքն 9600 ուսուցչի մասին է։ Մնացած շուրջ 20 հազարը դեռ սպասում է։ Նրանց աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիա չանցնելու պատճառաբանությամբ, այսպես ասած՝ սառեցված է, ո՛չ բարձրացնում են, ո՛չ էլ նպաստավոր պայմաններ են ստեղծում ատեստացիա անցնելու համար։

Մի բան էլ այնպես են անում, որ այդ մարդիկ ատեստացիա չանցեն ու աշխատավարձի բարձրացում չստանան, որովհետև դա ֆինանսական լրացուցիչ բեռ է կառավարության վրա։ Ինչո՞ւ պիտի ուզենան ավել փող վճարել ուսուցիչներին, երբ առանց դրա էլ յոլա են գնում։

Սրա պատճառով է, որ ատեստացիան ներդնելուց 4-5 տարի հետո էլ ուսուցիչների 70 տոկոսի մոտ աշխատավարձի բարձրացում չկա, բայց այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ուսուցիչների աշխատավարձերը համատարած բարձրացել են ու նրանք հարյուր հազար դրամների, ընդհուպ՝ 700 հազարի հասնող աշխատավարձեր են ստանում։

Ավելին, եթե հավատալու լինենք Նիկոլ Փաշինյանին՝ ատեստացիայի արդյունքում մարդիկ արդեն «գլուխ են ջարդում» ուսուցիչ աշխատելու համար։

«Այստեղ էլ կար շատ մեծ, որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրն աշխատում է և լավ է աշխատում: Սրա վկայությունն է այն, որ 2024-2025 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում: Սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ո՛չ աշխատավարձ են տեսել, ո՛չ հեռանկար, իսկ հեռանկարը կա, այդ թվում՝ այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափը այլևս լինելու է 300 հազար դրամ: Հիմա դրույքաչափը 200 հազար դրամ է, լինելու է 300 հազար դրամ՝ գումարած ատեստավորման կոնկրետ արդյունքները»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ առանց հասկանալու, որ եթե ատեստացիան ու աշխատավարձերի այդքան չարչրկված բարձրացումը առիթ է տվել, որպեսզի ավելի քան 4000 նոր ուսուցիչ մուտք գործի դպրոց, ապա դա նշանակում է, որ մի այդքան էլ հեռացել է։ Դրա արդյունքում է նորերի համար տեղ  բացվել։

Բա եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են հեռացել այդ ուսուցիչները։

Հեռացող ուսուցիչների մասին Նիկոլ Փաշինյանը խուսափում է ասել, բայց եկածներին հատուկ հիշում է, որպեսզի ցույց տա, թե ինչքան լավ պայմաններ են ստեղծել ուսուցիչների համար։

Փաստը ցույց է տալիս, որ ուսուցիչների մեծ մասը չի կարողանում օգտվել ատեստացիայի «բարիքներից»։ Ու միայն այն, որ 4-5 տարում ուսուցիչների ընդամենը 30 տոկոսն է ատեստացիա անցել, վկայում է, որ ինչ-որ բան այստեղ այն չէ։ Եթե գոնե մեծամասնությունը դուրս մնացած չլիներ ատեստացիայից, ինչ-որ տեղ էլի կարելի էր հասկանալ։ Բայց չի կարող այնպես լինել, որ խնդիրը մեծամասնության մեջ լինի։

Խնդիրն ատեստացիայի պայմանների մեջ է, որն արհեստական խոչընդոտներ է ստեղծում շատերի համար։ Բայց այդ խոչընդոտներն այդպես էլ չեն վերացվում։

Ինչպես ատեստացիայի ու աշխատավարձերի բարձրացման ծրագիրն են «հաջողությամբ» իրականացնում, այնպես էլ 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցմանը։ Ծրագիրը հիմա արդեն պիտի ավարտած լինեին, բայց աշխատանքներն, առնվազն դպրոցների դեպքում, էլի գրեթե չարաբաստիկ 30 տոկոսի չափով է արված։ 300 դպրոցի փոխարեն, անցած տարվա ավարտին կառուցված ու վերանորոգված է եղել ընդամենը 102 դպրոց։ Այն դեպքում, որ խոստացել էին 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի կառուցումն ավարտել մինչև 2026թ.։

Մինչև 2026թ. անցած տարվա դեկտեմբերի 31-ն է։ Իսկ անցած տարվա դեկտեմբերի 31-ին 300 դպրոցից 198-ի կառուցում-վերակառուցումն անավարտ էր։ Մի մասի շինարարությունը նույնիսկ չէր էլ մեկնարկել։

Ավարտված 102 դպրոցից էլ 5 տարում իրականում 51-ն են կառուցել, մյուս 51-ն ընդամենը վերակառուցել են։

Այդ դպրոցների կահավորման մասին նույնիսկ խոսք չկա։ Չնայած խոստացել էին, որ մինչև 2026թ. պիտի ոչ միայն կառուցեին, այլև կահավորեին։

Նույն կիսակտուր վիճակն է նաև մանկապարտեզների պարագայում։ 500 մանկապարտեզ ու նախակրթարանից անցած տարվա վերջի դրությամբ կամ ծրագրի ավարտին, պաշտոնական տվյալներով, շուրջ 280-ն է պատրաստ եղել։ Իսկ թե ընդհանրապես քանի՞սն են կահավորված եղել, դա էլ հարց է։

Անգամ հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին՝ նախատեսված 300-ից մեծ թվով դպրոցներ պատրաստ չեն լինելու ու երեխաներ չեն ընդունելու։

Երբ ժամանակին ասում էին՝ ծրագիրը ձախողում եք, մի բան էլ մուննաթ էին գալիս։ Հոխորտում էին, թե՝ ժամանակը կգա, կտեսնեք, որ արել ենք։

Ժամանակը եկել-անցել է, բայց ինչպես տեսնում ենք, 300 դպրոցների մեծ մասը և 500 մանկապարտեզների ու նախակրթարանների գրեթե կեսն ավարտված չեն։

Հիմա էլ հույս են տալիս, թե այս տարվա վերջին կավարտեն։ Ինչքան անցած տարվա վերջին ավարտեցին, այնքան էլ այս տարվա վերջին կավարտեն։

Նախատեսված 300 դպրոցը ժամանակին կառուցելու, կահավորելու ու շահագործման հանձնելու փոխարեն, 2026թ. ծրագրով պատրաստվում են 229 դպրոց փակել, այն էլ՝ հիմնականում սահմանամերձ ու գյուղական բնակավայրերում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930