«Հրաժարվում եմ փաստաբանից էլ, դատական նիստերից էլ՝ հանցանք չեմ գործել». Արցախից բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանի հայտարարությունը` դատարանում
Նախորդ տարի ամռանը կալանավորված արցախցի բռնի տեղահանված Տիգրան Ուլուբաբյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է որևէ պաշտպանական միջոցից, այդ թվում՝ փաստաբանից։
Տիգրան Ուլուբաբյանը կալանքի տակ է մոտ 10 ամիս, նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ, իբրև թե նա մի քանի անձանց հետ հարձակում է կատարել իր հարազատներից մեկի տան վրա։
Մի քանի ամիս շարունակ Տիգրան Ուլուբաբյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Էրիկ Բեգլարյանը։
Այսօր փաստաբանը 168.am-ին փոխանցեց, որ Տիգրան Ուլուբաբյանի շահերն այլևս չի ներկայացնում։
«Մոտ 20 օր առաջ Տիգրանը դատարանում հայտարարեց, որ ինքը որևէ հանցանք չի գործել, ասաց՝ ի՞նչ է արել, որ իրեն փաստաբան անհրաժեշտ լինի, ուստի հրաժարվում է փաստաբանից։ Ասաց, որ «հրաժարվում եմ փաստաբանից էլ, դատական նիստերից էլ՝ հանցանք չեմ գործել», հիմա պաշտպան չունի։ Վերջին տվյալներով, հանրային պաշտպան էլ չկար, գուցե հիմա ներգրավվել են»,- նշեց Էրիկ Բեգլարյանը և հավելեց, որ Տիգրան Ուլուբաբյանն իրեն շնորհակալություն է հայտնել, բայց ասել է, որ որևէ գործընթացի չի ուզում մասնակցել։
Տիգրան Ուլուբաբյանը երկկողմանի ծնողազուրկ է, եղբայրն ու հայրն ազատամարտիկ են եղել, զոհվել են և մոր հետ հուղարկավորված են Արցախում՝ Մարտունի քաղաքում։ Ամիսներ առաջ մեզ հետ զրույցում Էրիկ Բեգլարյանն ասել էր, որ Տիգրանին այցելող չկա, այցելում էր միայն ինքը՝ որպես շահերի պաշտպան։
Նշենք, որ Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը)։
Դեռևս տարվա սկզբներին տեղի ունեցած ավազակային հարձակման միջադեպից հետո, Լոռու մարզային Քննչական վարչությունը Տիգրան Ուլուբաբյանին կանչել էր հարցաքննելու, որի ընթացքում, ինչպես հետո Տիգրան Ուլուբաբյանն էր հայտարարել՝ իրեն ծեծել են, նվաստացրել և ստիպել են, որպեսզի խոստովանի, թե ինքն է իրականացրել բարեկամուհու տան վրա հարձակումը։



